Առաջին Հանրապետության օրվա առիթով դարձյալ փորձ արվեց հասկանալ` ո՞վ ենք մենք` հայերս: Ինչո՞ւ է ազգային համախմբումը` հանուն իրական, առաջնային նպատակների, մեզ հետ պատահում խիստ հազվադեպ: Ո՞վ ենք մենք իրականում` 1918թ. մայիսի 28-ին Սարդարապատում հաղթանակած ժողովո՞ւրդ, թե՞ 2012թ. մայիսի 6-ին երթուղայիններով ընտրատեղամասեր շտապող ընտրողներ, ում դրամապանակում խշխշում էր տպարանից նոր դուրս եկած 10.000-անոց թղթադրամը: Թերթում ես պատմիչների, փիլիսոփաների, գրողների գործերը: Խորենացին, Ադոնցը, Թումանյանը, Չարենցը, էլի շատերը փորձել են գնահատել մեզ եւ հասկանալ մեր ձախողումների պատճառը: Նման փորձ արեց Դերենիկ Դեմիրճյանը` իր «Հայը» էսսեում, դեռեւս 1920թ. «Դուք ինչ-որ բան հասկանո՞ւմ եք հայից: Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած է հայը, եւ որքա՜ն խաբուսիկ երեւույթ: (…) Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով` ամենափոքրը, տառապանքով` ամենամեծը, ժամանակով` ամենահինը, վիճակով` ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստն իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից»: Մեր ինքնատիպ մտավորականներից մեկը` մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը, պարզել է հայերիս ամենամեծ թերությունը. «Հայի ընտրությունը միշտ եղել է սխալ, հայը երբեք չի էլ փորձել հասկանալ իրականությունը եւ ճիշտ գնահատել»:
– Պարո՛ն Անգալադյան, Ձեր նշածը լուրջ թերություն է, սակայն, կարծես, ո՛չ ճակատագրական: Հակառակ դեպքում ինչո՞վ կբացատրեք` այնքան ժողովուրդներ, քաղաքակրթություններ անհետացան երկրի երեսից, հայերս հիմա 21-րդ դարում ենք եւ, եթե չեմ սխալվում, այլ դարերի հավակնություն էլ ունենք:
– Մեր «անտառում» չի դիմացել թույլ, ոչ ճարպիկ կենդանին: Մնացել է այն տեսակը, որը հույսը դրել էր ոչ թե պետության, այլ ինքն իր վրա: Այդ տիպի հայը դարեր շարունակ ընտանիք է կազմել` ավանդական հայկական ամուր ընտանիք, որն էլ հենց ունիվերսալ բանաձեւ է:
– Այդ ընտանիքների միավորումը, այդուհանդերձ, ձգտել է պետության:
– Այդպես է, բայց ամեն մի սերունդ գալիս ու չի կարողանում հաղթահարել իր նախորդների չհաղթահարած սխալները: Իրականությունը չտեսնող ազգը նախ` մասնատվում է տարածքային առումով, հետո` լեզվական, հետո` տարազային: Հիմա ուզում ենք հասկանալ` տարբեր շրջանների հայերը ի՞նչ էթնիկ խմբերի են բաժանվել, որքա՜ն տարազներ, երգեր, բարբառներ ունենք: Սա ցույց է տալիս, որ կորիզը կոտրվել է, եւ ամեն մի բեկորն ինքն իրեն զարգանում է:
– Բայց այդ բազմազանությունը որպես մշակութային հարստություն ենք ընկալում:
– Այո, եթե այսօրվանից սկսենք միավորվել: Հայը շատ մեծ դժվարությամբ է համախմբվում: Հային ավելի հեշտ է մտնել այլ էթնիկական համակարգ: Օրինակ` 1990-2000թթ. ազգի կեսը, այն ընտանիքները, ովքեր ընդհանուրի մեջ, այնուամենայնիվ, գտնում էին իրենց երջանկությունը, գնացին: Շուկայում երկու խնդիր էր դրված` մնալ, ստեղծել նորմալ պետություն, կամ հեռանալ: Նրանք, ովքեր հեռացան, արագ հարմարվեցին. հայի թուրը կտրում է հայի գլուխ, օտարի գլուխ չի կարող կտրել: Եվ հիմա հայհոյում ենք խորհրդային այն հասարակությանը, որը դաստիարակեց Ղարաբաղ գնացած եւ հաղթանակած տղաներին: 1918թ. բանակը ծնվեց ավելի շուտ, քան հանրապետությունը: Նույնը եղավ 90-91թթ.: Հայն իր ազգային կյանքում օբյեկտիվ գնահատական տալ չի կարող: Երբ հայը ֆրանսիական, ամերիկյան համակարգից ընկնում է հայկական միջավայր, դառնում է որբուկ, հիմար, ոչ օբյեկտիվ:
– Ինչո՞վ եք բացատրում:
– Եվս մեկ անգամ մտցնենք մեր բութ գլուխները` մենք ֆունդամենտալ հարցեր չենք հասկանում: Մեր հայացքը միշտ երկրորդական, երրորդական խնդիրների վրա է սեւեռվում: Եվ դա է պատճառը, որ` չիմանալով իրական իրականությունը, մենք օտարների հետ բախվում ենք` չգտնելով ընդհանուր եզրեր: Մենք աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ ենք: Կա՛մ աշխարհը պիտի ընդունի մեր բանաձեւը, կա՛մ մենք պետք է կազմենք մեր բանաձեւը օտարի չափանիշներով: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ է դրսում հաջողությունների հասած մեկը հայկական հողի վրա դառնում հիմար, ոչ օբյեկտիվ, որովհետեւ նա այստեղ իր մտքերը հասանելի դարձնելու համար պետք է օգտվի էթնիկ հողի վրա գտնվող մտքերից, այստեղի չափանիշներից: Աշխարհի որ անկյունում էլ հանդիպեն, առաջին հարցը, որ տալիս է հայը հային, սա է. «Ինչպե՞ս են գործերդ»: Չի հարցնում, դիցուք` առողջությունդ, տրամադրությունդ ինչպե՞ս է: Հայի զրույցի տակը դրված է կոնկրետ խնդիր: Այս ռացիոնալիզմը ռացիոնալիզմ չէ, հիմարություն է: Եվ ազգերը, որոնց հետ ինտենսիվ շփվում ենք, մեզ արդեն լավ են ճանաչում:
– Ցանկանում եք ասել, որ օտարները մեզ ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մե՞զ:
– Գիտեն, որ արվեստներում հիանալի ենք, աշխատասեր ենք, հատկապես օտարի համար: Կալիֆոռնիայի սոցիալական հարցումը տալիս է հետեւյալ արդյունքը. եթե բիզնեսի տերը եւ նրա օգնականները հայ են, այդ բիզնեսը մինչեւ 3 տարի է գոյատեւում: Եթե բիզնեսի տերը հայ է, բայց տեղակալները` օտարազգի, բիզնեսը երկար է ապրում: Շատ ավելի երկար է ապրում, եթե բիզնեսի տերը այլազգի է, իսկ օգնականը` հայ: Մենք ունենք մամուլ, որը փոքր-մոքր իրադարձությունները ներկայացնում է որպես մեծ հաջողություն: Ասում ենք` թենիսիստ Դավիթ Նալբանդյանն այժմ 40-րդ տեղում է: Ի՞նչ է տալիս այդ տեղեկությունը: Ոչի՛նչ: Այդ ինֆորմացիայից Հայաստանում թենիսը չի զարգանա: Ազնավուրը երգում է… Հայաստանը օֆիցիալ հովանավոր է կանգնել ֆրանսիական մշակույթին, ստեղծել է Ազնավուրի տուն-թանգարան: Սա ինձ համար անհասկանալի է: Ես հարգում ու սիրում եմ Ազնավուրին, ունեմ նրա լավագույն ձայնագրությունները: Բայց ի՞նչ կապ ունի դա պետական համակարգի հետ: Ընտրությունը սխալ ենք անում: Մի կողմից` Հայաստանում հայերը դատապարտում են միմյանց: Օրինակ, ինձ ասում են` օտար լեզվով ես գրում: Ասում եմ` այդ դեպքում ինչո՞ւ եք կանգնեցրել Սարոյանի արձանը: Իսկ Ազնավուրի՞: Բոլորովին վերջերս կարդացի, որ Մարկ Նշանյանը սկսել է ստեղծագործել օտար լեզուներով, ինչպես ժամանակին Լեւոն-Զավեն Սուրմելյանը: Պատմականորեն ստացվում է, որ մեր գրականությունն ու գիտությունը ստեղծվում են տարբեր, հիմնականում` 4-5 լեզուներով: Մենք պետք է մտնենք համաշխարհային ազգերի ցանց: Եվ հենց այդ մրցակցության մեջ մենք ոչ թե կպահպանենք, այլ կզարգացնենք մեր ազգային դեմքը, միտքը: Մեր ազգը ուզում է հպարտանալ, ծափահարել, բայցեւ կույր է: Սա մի կողմից` հիվանդ ինքնասիրություն է, մյուս կողմից` հայերն էլ մեղք չունեն: Միջին հայը մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա` ինքն ազգի խելքն է, կամքը: Պարզապես մեզ մոտ ստամոքսն է խելքը, իսկ խելքը ստամոքսի օգնականի օգնականն է: Դու բացատրում ես ստամոքսի օգնականին մտքեր, որ նա հասցնի ստամոքսին, որ ստամոքսն էլ որոշում կայացնի:
– Ունե՞ք պատասխան` ինչո՞ւ է 21-րդ դարում շարունակում արդիական համարվել 5-րդ դարի պատմիչի` Խորենացու «Ողբը»:
– Կարծում եմ` ամենախորը հայ ժողովրդին հասկացել է Խորենացին: Նաեւ` Նիկողայոս Ադոնցը: Նրանք ցանկանում են էթնոսը տեղադրել տարածության ու ժամանակի մեջ: Եվ չեն կարողանում, քանի որ էթնոսն իրենց ձեռքից փախչում է: Եվ Խորենացու հզոր միտքն այդ փոքր, բայց շատ կարեւոր գործը գրում է: Ադոնցը մի շատ լավ միտք ունի` երբ մեծ զանգվածներ սկսեցին վերեւի շերտից լքել Հայաստանը, տեղափոխվել այլ երկրներ, այսինքն` երբ խելացիները գնացին, խելացիին սկսեցին փնտրել անխելքների մեջ: Այսինքն` կեղտոտ լվացքի մեջ պետք է գտնենք ամենամաքուրը:
– Ինչո՞ւ այդպես ձեւակերպել, որ գնում են ամենախելացիները: Այդպիսով մերժում եք միտքը, թե տխմարը չի կարող հեռանալ: Կամ պնդում, որ եթե մնացել է, ուրեմն խելացի չէ:
– Ուրեմն իրավիճակն այնպիսին է, որ ինքը չի գնահատվում եւ գնում է: Օրինակ` իմ պապը կամք չուներ, որ մնար Բեռլինում: Վերադարձավ: Հայրս եւս: Բայց ես ասացի` արդեն այստեղս է հասել… (ձեռքը տանում է կոկորդին.- Լ.Ա.):
– Դուք, այնուամենայնիվ, գնալն ընկալում եք որպես մեծ կամքի խնդիր:
– Այո՛: Դու պիտի պատկերացնես` ուր ես գնում: Ինքնաթիռներում շատ եմ շփվում տարբեր հայերի հետ: Մարդ կա, ասում է` բանակում ծառայած Վասյա կա, գնում եմ նրա մոտ: Ասում եմ` Վասյան կա՞, թե՞ չկա: Ասում է` չգիտեմ, կլինի, է՛լի… Կամ` ընտանիքով քննարկում են ու որոշում, որ Սինգապուր պետք է գնան: Մեկ էլ տեսնում ես` Տաշքենդում են: Հարցնում եմ. «Ի՞նչն է պատճառը»: Պատասխան. «Այնտեղ ավելի լավ էր»: Հայը օտար էթնոսի նկատմամբ որեւէ վախ չունի: Ինքն ունիվերսալ մի բանաձեւ ունի իր ներսում եւ վստահ է, որ ուր էլ գնա, ավելի լավ կլինի:
– Ստացվում է` 5-րդ դարում ապրող հայի մտածողությունն ու այսօրվա հայի մտածողությունը փոփոխություն չի՞ կրել:
– Ամենեւի՛ն: Միջին հայը կոնսերվատիվ է: Նրա արտաքինը ժամանակակից է, սակայն ներսը միջնադարում է, նստած է իր հյուղակի շեմին, չիբուխով:
– Բայց գուցե այդպես իրեն ավելի ապահով, պաշտպանվա՞ծ է զգում:
– Բա ո՜նց. ինքը գտել է ձեւը: Մենք չենք կարող բազմանալ` որպես ազգ: Մեր պոպուլյացիան չի կարող պոռթկում ունենալ: Ասենք` 10 միլիոնից դառնալ 20 միլիոն, ինչպես պարսիկները. 1950-ականներին պարսիկները 13 միլիոնանոց ազգ էին: Այսօր 70 միլիոնի են հասել: Հեղափոխությունից հետո կտրուկ աճ արձանագրվեց: Մենք` հայերս, մեզ համար կարեւոր առաքելություն ենք սահմանել. մեր դերը համաշխարհային պատմության մեջ սահմանափակել ենք նրանով, թե ամեն ինչում աշխարհում առաջինն ենք: Ո՞վ է մեր հերոսը. մի կողմից` Քաջ Նազարն է, մյուս կողմից` Ձախորդ Փանոսը, անհասկանալի` Փոքր Մհերը: Իսկ Սասունցի Դավիթը մեր ամբողջակա՛ն երազանքն է:
– Հիշատակեցիք Խորենացուն եւ Ադոնցին, հիշենք նաեւ 1907թ. Հովհաննես Թումանյանի գրած «Անկեղծ չենք» հոդվածը: «Ահա՛ սա` ներկայանում է ամեն տեղ` որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը` հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձեւանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր` ամենքին մեղադրելու եւ ամենքից հաշիվ ուզելու…»:
– Լրիվ ճիշտ է: Բերեմ օրինակ, թե ինչպես են ազգերը ստեղծում համակարգ: Յուրաքանչյուր ազգ երեք համակարգ է ստեղծում` ընտանիք, հասարակություն, պետություն: Եվրոպայում ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը, հասարակությունը եւ պետությունը հավասար են: Ռուսաստանում ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը, հասարակությունն ավելի թույլ է, քան պետությունը: Հրեաների դեպքում ընտանիքն ավելի թույլ է, քան հասարակությունը, սակայն հասարակությունը (ազգը) ավելի ուժեղ է, քան Իսրայել պետությունը: Հայերի մոտ ընտանիքն ավելի ուժեղ է, քան հասարակությունը կամ ազգը, ազգն ավելի ուժեղ է, քան պետությունը: Այսինքն` մեր ամենաուժեղ օղակը ընտանիքն է: Հետեւաբար, երբ հայը հեռանում է երկրից, եւ դա անում է ընտանիքով, նա ցանկացած երկրում իրեն ուժեղ է զգում: Եվ 400.000-ի չափ մարդ հեռացավ Հայաստանից անկախության առաջին տարիներին: Ովքե՞ր են մնացել այսօր Հայաստանում. միջին օղակների չինովնիկները: Նրանց 90 տոկոսն անխելք մարդիկ չեն, բայց գտնվում են այնպիսի իրավիճակում, որն իրենք էլ ստեղծել են` արդարության մասին ունեցած իրենց պատկերացմամբ: Ընտրությունը պետք է արվի արդար. եթե արդար չի արվում, անպայման պատերազմ, խոշորագույն հակասություն կլինի, շերտը` շերտի դեմ, յուրաքանչյուրը յուրաքանչյուրի դեմ դուրս կգա:
– Հասկանալի է, որ «ընտրություն» բառը գլոբալ իմաստով գործածեցիք: Սակայն մայիսի 6-ին մենք կատարեցինք ընտրություն. ընտրեցինք խորհրդարան: Մենք ինքներս գիտենք, որ դա ընտրություն չէր, սակայն այն, ինչ տեղի ունեցավ, շերտերին միմյանց դեմ չհանեց: Դժգոհողներ, խոշոր հաշվով, չեղան:
– Այդ ընտրությունները հակասության մեջ մտնում են ոչ թե հասարակության հետ, այլ պետության: Ի վերջո, հասարակությունը կարող է լինել հոգնած, հիմար, շաշ: Խնդիրները, որոնք պետության առջեւ կանգնած էին, այդպես էլ մնացին: Գլոբալ տրանսֆորմացիա է կատարվում: Երկրորդ համաշխարհայինի ավարտը տեսնում ենք 2000 թվականին. փոխվեցին սահմանները, հավասարակշռությունները: Հիմա ձեւավորվում է համաշխարհային նոր քաղաքակրթություն: Պապուասներից հետո հայերը երեւի երկրորդ ազգն են, որ դեմ են գլոբալիզացիային: Այն դեպքում, երբ 70 տոկոսից ավելի սփյուռք ունենք: Սփյուռքը մեզ համար արժանապատվության, ֆինանսական աջակցության աղբյուր է: Բայց ազգովի դեմ ենք. «Ազգային դեմքը ո՜նց կորցնենք»: Լսե՛ք, նախ` մարդու դեմք ընդունենք, հետո անցնենք ազգային դեմքին: Պիտի հիմա ըմբռնենք ժամանակը, որ ազգը դուրս գա այս վիճակից:
– Հազարամյակը փոքր ժամանակ չէ, սակայն դա էլ մեզ բավարար չէ անհրաժեշտ հետեւություններ անելու համար: Գուցե սա՞ է մեր հարատեւման գաղտնիքը, բանալին` չունենալ մեծ հավակնություններ աշխարհում, բավարարվել դարից դար ուղղակի գոյատեւելով:
– Տեսեք` գնչուները չեն ցանկանում ունենալ պետություն: Մենք ուզում ենք: Մենք երբեք այս հողատարածքը չենք ցանկացել լքել եւ չենք լքել, եւ հրեաներից հենց դրանով ենք տարբերվում: Ես իմ արմատներն եմ ուզում, որոնք Էրզրումում են: Ուզում եմ բռնել Էրզրումը: Բայց ռեալ: Բոլոր հայերը սիրում, հարգում են իրենց թշվառ, բայց ազգային պատմությունը: Բայց գալիս է պահ, երբ ասում ես` արի այս ճանապարհը սկսենք նորից: Որ լինենք օբյեկտիվ: Ամենակարեւոր բանը, որ կորցրել է հայը` ինքն իրեն ճշմարիտ գնահատելու, իրականության զգացողությունը գիտակցելու կարողությունն է: