Նաեւ եվրոպացիներին

31/05/2012

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրենքը, ըստ որի` ազգությամբ վրացի, սակայն ոչ Վրաստանի քաղաքացիներին, ովքեր, սակայն, 5 տարի բնակվում են երկրում եւ ունեն Եվրամիության անձնագիր, թույլ է տրվում մասնակցել երկրի խորհրդարանական ընտրություններին ու պաշտոններ զբաղեցնել գործադիր մարմիններում: Փոփոխությունը ժամանակավոր է, այն ուժի մեջ է մինչեւ 2014թ.-ի հունվարի 1-ը, ներառյալ` այս տարի աշնանը կայանալիք խորհրդարանական ու 2013թ.-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամանակահատվածը: Նշենք, որ «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր, ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին, ում պատճառով Արեւմուտքը ճնշումներ է գործադրում Վրաստանի իշխանությունների վրա, արդեն հայտարարել է, որ չի օգտվի ընձեռված հնարավորությունից: Ունենալով Ֆրանսիայի քաղաքացիություն` Իվանիշվիլին պահանջում է իրեն վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, որից զրկվել է անցած տարվա հոկտեմբերին: Եթե նրան վերադարձվի քաղաքացիությունը, ապա նա ղեկավարելով «Վրացական երազանք»-ը, կմասնակցի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: