Հնարավոր է, որ հայկական թեմաներով նոր նյութեր հասնեն մեզ

31/05/2012

Քրիստինն Հրաֆընսոնը իսլանդացի հետաքննող լրագրող է, մի շարք աղմկահարույց հետաքննությունների հեղինակ: 2004, 2007 եւ 2010 թվականներին ճանաչվել է Իսլանդիայի տարվա լրագրող: 2010 թվականից նա «WikiLeaks» մամուլի խոսնակն է: Ջուլիան Ասսանժի մտերիմ ընկերն է:

– «WikiLeaks»-ի բացահայտումներում որքա՞ն է կազմում Հայաստանին վերաբերող մասը:

– Ընդհանուր առմամբ, մենք հրապարակել ենք 1700 փաստաթուղթ Հայաստանից, եւ դրանց կեսն այս կամ այն կերպ գաղտնազերծումներ է պարունակում: Սա շատ փոքր թիվ է այն 250.000 համաշխարհային դիվանագիտական խողովակներից (cables), որոնցից մենք ինֆորմացիա ենք ստանում: Հայաստանը հիշատակված է ավելի քան 5000 խողովակներում, եւ հնարավոր է, որ, սրանցից բացի, հայկական բովանդակությունն ավելի մեծ լինի, եթե որոնման համակարգում ոչ թե «Հայաստան» բառը որոնենք, այլ, ասենք, հետաքրքրության կենտրոնում գտնվող հայ պաշտոնյաների, բիզնեսմենների անուններ: Գոյություն ունեն որոնման համակարգեր, որոնց միջոցով կարելի է «WikiLeaks»-ի քոնթենթում գտնել այն ամենը, ինչ հետաքրքրում է: Դրանցից լավագույնը http://www.cablegatesearch.net-ն է:

– Հայ պաշտոնյաներից, բիզնեսմեններից որեւէ մեկը կապվե՞լ է «WikiLeaks»-ի ներկայացուցիչների հետ, ասենք, բողոքել կամ սպառնացել իր անվան հետ կապված հրապարակումների պատճառով:

– Ես տեղյակ չեմ հայ որեւէ պաշտոնյայի` «WikiLeaks»-ի հետ կապվելու փորձերի մասին: Նաեւ տեղյակ չեմ Հայաստանի հետ հարաբերություններ ունեցողների, այդ երկրով հետաքրքրվողների այդ կարգի քայլերի մասին: Բոլորն էլ գիտեն, որ մենք չենք խոնարհվի որեւէ արտաքին ճնշման առջեւ: Մեր հրապարակումների քաղաքականության մասին բոլորն էլ գիտեն:

– Հայ հասարակությունը մոտ ապագայում պե՞տք է սպասի հայկական թեմաների շուրջ վիկիլիքսյան նոր բացահայտումների:

– Ինչպես նախկինում ենք նշել, մենք նախապես չենք ընտրում թիրախը` երկիր, ընկերություն կամ անձ: Ամեն դեպքում, եթե կա նյութ, որը քաղաքացիական պարտքի զգացում ունեցող անձինք համարում են, որ պետք է հրապարակվի, մենք դա պարտադիր անում ենք: Շատ հնարավոր է, որ հայկական թեմաներով նոր նյութեր կհասնեն մեր կազմակերպությանը, եւ մենք դրանք կհրապարակենք:

– «WikiLeaks»-ի համար աշխատող ազգությամբ հայեր կա՞ն:

– Անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ կարող քննարկել մեզ համար աշխատող անձանց ազգությանը վերաբերող հարցեր: «WikiLeaks»-ում աշխատողներից միայն մի քանիսի ինքնության մասին է հրապարակային խոսվում: Բայց «WikiLeaks»-ն իր համար աշխատող մարդիկ ունի ողջ աշխարհում:

– Որո՞նք են «WikiLeaks»-ի գործունեության ողջ ընթացքում արված ամենակարեւոր գաղտնազերծումները:

– Դրանք շատ են, դժվար է առանձնացնելը: Դեռ շատ վաղուց «WikiLeaks»-ը բացահայտեց Քենիայում առկա կոռուպցիոն երեւույթները, անօրինական եւ թունավոր թափոնների առկայությունը Կոտ ԴգԻվուարում, կոռուպցիան իսլանդական բանկերում: Կարեւոր եմ համարում իրաքցի խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը պատկերող տեսանյութը, որը ցույց տվեց պատերազմի իրական դեմքը (խոսքը 2007թ. հուլիսի 12-ին Բաղդադում տեղի ունեցած ողբերգության մասին է, երբ ԱՄՆ զինված ուժերի երկու ուղղաթիռների կրակահերթի արդյունքում սպանվեց 18 մարդ, որոնցից շատերը կապ չունեին ապստամբական խմբավորումների հետ, այդ թվում` երեխաներ եւ կանայք, ինչպես նաեւ` «Ռոյթերսի» երկու լրագրող: 2010թ. ուղղաթիռից նկարված այդ գործողության 37 րոպեանոց տեսանյութը հրապարակվեց «WikiLeaks»-ի կողմից, որը մեծ հասարակական արձագանք առաջացրեց.- Ն.Դ.): Դա միակ դեպքը չէր, երբ մենք հրապարակեցինք Իրաքյան պատերազմին վերաբերող սենսացիոն նյութեր: Բոլոր այս հրապարակումները եւ ծրագրերը շատ կարեւոր էին, բայց ամենամասշտաբային արտահոսքը «WikiLeaks»-ի պատմության մեջ «Cablegate» նախագիծն էր:

– Դուք Ջուլիան Ասսանժի մտերիմ ընկերն եք: Ասսանժը մինչ օրս տնային կալանքի տակ է, բայց դա նրան չի խանգարում շարունակել զբաղվել հասարակական գործունեությամբ: Ըստ Ձեզ` դեռ որքա՞ն ժամանակ կշարունակվի Ասսանժի հետապնդումը, եւ ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը:

– Այսօրվա դրությամբ գիտենք, որ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 30-ին Մեծ Բրիտանիայում, որտեղ Ասսանժը պայքարում է Շվեդիա էքստրադիցիայի դեմ: Այդ դեպքում գոյություն ունի նրան ԱՄՆ էքստրադիցիայի ենթարկելու վտանգը, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, արդեն կա Ասսանժի դեմ դատարանի մեղադրական վճիռը: Նման վճիռ գոյություն ունի նաեւ մյուսների մասով, ովքեր ասոցիացվում են «WikiLeaks» նախագծի հետ: «WikiLeaks»-ի, նրա հիմնադրի ու աշխատակազմի դեմ հետապնդումները կարծես վերջ չունեն:

– Արաբական հեղափոխությունների ողջ շղթայի մեջ ի՞նչ աստիճանի էր վիկիլիքսյան բացահայտումների ազդեցությունը:

– Ողջ աշխարհը գիտի, որ Թունիսը դոմինոյի առաջին քարն էր, որն ընկավ ու դարձավ հետագա իրադարձությունների սկզբնաղբյուրը: Իհարկե, «WikiLeaks»-ի դերն այստեղ ակնհայտ է: Բեն Ալիի բռնապետության կոռուպցիոն երեւույթների մասին մեր բացահայտումները թունիսցիներին շատ զայրացրին: Ըստ նախկին ընդդիմադիրների, Թունիսի ներկայիս նախագահի եւ ակտիվիստների, «WikiLeaks»-ը մեծ դեր է խաղացել 2010թ. դեկտեմբերից 2011թ. հունվարը Թունիսում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններում:

Նարինե ԴԱՆԵՂՅԱՆ