Ենթադրում էի, որ այս թեմային կրկին անդրադառնալու առիթ չէր լինելու: Արդեն ուղիղ երկու տարի չորս ամիս է, երկու երիտասարդ՝ Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը, ազատազրկված են: Նրանք մեղադրվում են 2010թ. հունվարին «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կատարելու մեջ: Մեր արդարադատության համակարգն այս ընթացքում երիտասարդներին ձերբակալել է ու մինչեւ հիմա չի կարողանում դատարանում ապացուցել նրանց հանցանքը: Կարծեմ` 60-ից ավելի դատական նիստեր են գումարվել: Դրանց հետեւելն ամենեւին էլ բարդ չէ: Որովհետեւ երիտասարդների դատավարության նյութերը տեղադրվում են համացանցում՝ stepanhovakimyan.wordpres.com կայքում: Ընդունեք, որ երիտասարդներն ընտրել են իրենց իրավունքները պաշտպանելու բավական արդյունավետ ու արդիական տարբերակ: Հարաբերական իմաստով արդյունավետ, իհարկե: Բայց այս գործն ի ցույց է դնում մեր դատական համակարգի պերճանքն ու թշվառությունը: Պետությունը երկու երիտասարդի շարունակում է պահել կալանքի տակ: Թե որքան գումար է նստում պետբյուջեի վրա նրանց ազատությունից զրկելը, ոչ ոք չի հաշվարկել: Բայց դատելով նրանից, որ մեր դատարանները չեն կարողանում ողջամիտ ժամկետներում քննել քրեական գործերը, այս դեպքը եզակի չէ: Դատարանները գերծանրաբեռնված են: Իրավական թեմաներով գրող բոլոր լրագրողները կհաստատեն, որ նույն գործի շրջանակներում դատական նիստեր գումարվում են ամիսը երկու անգամ: Լավագույն դեպքում: Եթե հանկարծ այդ նիստերին որեւէ պատճառով դատապաշտպան, վկա, մեղադրող կամ որեւէ այլ անձ չի մասնակցում, դատը 10-15 օրով հետաձգվում է: Ու այսպես` ամիսներ շարունակ: Այս քրեական գործը, տիպական լինելով հանդերձ, առանձնահատուկ է: Այն վաղուց է հասարակական հնչեղություն ստացել: Բազմաթիվ լրատվամիջոցներ են լուսաբանել թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ընթացքը: Բաց նամակներով հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին են դիմել երիտասարդների ծնողները, վաստակաշատ մտավորականներ՝ գիտնականներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, հոգեւորականներ, դիվանագետ (Տիգրան Մանսուրյան, Կարեն Ջանիբեկյան, Էդուարդ Թոփչյան, Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Հենրիկ Էդոյան, Հարություն Խաչատրյան,Հրաչյա Թամրազյան, Հակոբ Մովսես, Սամվել Սեւադա, Էլմա Պարսամյան, Մանվել Սարգսյան եւ այլք): Նամակներում նրանք նշում են, որ ակնկալում են, թե բարձրագույն պաշտոնատար անձանց «ուշադրության արդյունքում դատարանը համարժեք գնահատական կտա ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի խոշտանգման եւ Ոստիկանության ապօրինի գործողությունների փաստերին եւ կներկայացնի արդար դատավճիռ»: Դատական գործին ծանոթանալուց իսկապես ակնհայտ է դառնում, որ նախաքննության միակ «ապացույց-փաստը» երիտասարդի ինքնախոստովանական ցուցմունքն է: Ցուցմունք, որից ամբաստանյալը հետագայում հրաժարվել է` փորձելով ապացուցել, որ այն կորզվել է խոշտանգումների արդյունքում: Երեւի այս փաստը մեր իրավապահների համար սովորական երեւույթ է: Որովհետեւ նրանք, արդեն երկու տարի է, անտեսում են ամբաստանյալի բողոքը: Մինչդեռ իզուր: 2012թ. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (Փարիզ) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հատուկ հայտարարությամբ պահանջեցին «արդար դատաքննություն եւ անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով»: Էլի լսող չեղավ: Բայց միջազգային կառույցների կոչերին չարձագանքելը, պարզ ասած, «ջայլամի քաղաքականություն» վարելը, ոչ այլ ինչ է, եթե ոչ, հանրահայտ ֆիլմի հերոս Խաչիկյանի խոսքերով` «Խայտառակել ռեսպուբլիկան»: Այս դատավարությունն ու նախաքննությունը մի քանի օր առաջ հայտնվեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում: Այս փաստաթղթի «Հարգել անձի անձեռնմխելիությունը, ներառյալ ազատ լինելը» բաժնում մի ամբողջ պարբերություն վերաբերում է ամբաստանյալ երիտասարդներին: Այստեղ բառացիորեն նշվում է. «Հովակիմյանը մի քանի անգամ անօրինական կերպով բերման է ենթարկվել Երեւանի Կենտրոն ոստիկանական բաժանմունք, որտեղ խոստովանություն կորզելու նպատակով ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգության: Այն բանից հետո, երբ ոստիկանները սպառնացել են նրա նկատմամբ թույլ տալ սեռական ոտնձգություններ եւ «բերել» ընկերուհուն, Հովակիմյանն ի վերջո ինքնախոստովանական ցուցմունք է տվել»: Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է նաեւ, որ կտտանքների մասին հայտարարությունը վստահության արժանի քննության չի ենթարկվել: Իսկապես կարելի է զարմանալ մեր իրավապահների վրա, եթե նրանք կարծում են, որ մեր օրերում հնարավոր է 28 ամիս մարդուն առանց դատարանի վճռի պահել անազատության մեջ: Պահել ու սեփական երկրի միջազգային վարկի ու հեղինակության համար պատասխանատվություն չկրել: Հատկապես, որ այս գործի չորս դրվագով երեք օր առաջ գործն իր վարույթ է վերցրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մեր իրավապահ ու արդարադատության համակարգի հետ գործ ունեցողների համար այս դատարանը մնում է ճշմարտության վերականգնման վերջին հույսը: Եվ, որքան էլ տարօրինակ է, մեր իշխանությունների համար Հայաստանի Հանրապետության պարտությունները բնավորության պես բան են դարձել: Ու տպավորություն է ստեղծվում, որ նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում մեր երկրի միջազգային վարկը: