Ձերբակալել են 142 հայի

31/05/2012

Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ 142 հայ է ձերբակալվել: Այս մասին «Նովոստի Արմենիի» գործակալությանը հայտնել է Սոչիի «Սեւան» հայ համայնքի ղեկավար Հրաչ Մակեյանը: Մայիսի 26-ի գիշերը խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքի հայերի ու օլիմպիական օբյեկտների շինարարական աշխատանքներին մասնակցող չեչենների միջեւ: «Չեչենները նեղացրել են մեր աղջիկներին` հայուհիներին, որոնք Վերջին զանգի միջոցառումից տուն էին վերադառնում: Եվ նրանք, վախեցած, իրենց եղբայրներին են պատմել: Վերջիններս էլ որոշել են հաշվեհարդար լինել չեչենների հետ»,- ասել է Մակեյանը: Նրա խոսքով` բախում է տեղի ունեցել Ոստիկանության հետ, ինչի հետեւանքով իշխանություններին չենթարկվելու համար ձերբակալվել է 142 հայ: Նա հայտնել է, որ հայերն արդեն բաց են թողնվել, եւ նրանցից միայն մեկն անազատության մեջ կմնա 5 օր: Կատարվածի պատճառները բացատրելով` հայ համայնքի ղեկավարն ընդգծել է, որ իրենք ուղղակի «արդեն զզվել են քաղաքի փողոցներում ու խանութներում եկվորների վատ վարքագծից»: «Նրանք (եկվոր բանվորները) իրենց սխալ են պահում, ես դրա հետ համաձայն եմ, սակայն հաշվեհարդար տեսնել նրանց հետ ոչ ոք թույլ չէր տվել: Մենք ապրում ենք Ռուսաստանում ու պետք է ենթարկվենք այս երկրի օրենքներին: Սակայն բոլորը չէ, որ սա հասկանում են»,- ասել է Մակեյանը: