– Վերջերս Լիբանանի հյուսիսում` Տրիպոլիում, լուրջ բախումներ տեղի ունեցան սիրիական ընդդիմության կողմնակիցների` սուննի մուսուլմանների եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմնակիցների` ալավիների միջեւ, այնուհետեւ բախումները տեղափոխվեցին Բեյրութ: Կարո՞ղ ենք ասել, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն, ի վերջո, իրենց ազդեցությունն ունեցան հարեւան Լիբանանի վրա:
– Անշուշտ, Լիբանանն ու Սիրիան իրար հետ շատ կապված են, այնտեղ սահմանն էլ անցանելի է: Եվ Սիրիայի ազդեցությունը Լիբանանում (հատկապես քաղաքացիական պատերազմի վերջին շրջանում եւ դրանից հետո) չափազանց ուժեղ էր. բավականին երկար ժամանակ Դամասկոսն էր որոշում, թե երկրում ինչ տիպի ղեկավարություն է լինելու: Այսինքն` սիրիական գործոնը Լիբանանում ստեղծեց եւ՛ Սիրիայի կողմնակիցներ, եւ՛ հակառակորդներ, նույնիսկ` ոխերիմ թշնամիներ, եւ հասկանալի է, որ այս բոլոր իրադարձությունները որոշակի կատալիզացիոն գործոն հանդիսացան Լիբանանի իրավիճակի համար: Նրանց ալավիական կողմնակիցներ անվանել պետք չէ, պետք չէ նաեւ միայն ալավիների հետ կապել այն, քանի որ սիրիական իշխանությունների կողմնակիցները բազմազան են: Բայց նաեւ հակառակորդները, այդ թվում` Սաադ Հարիրիի ղեկավարած սուննիական ուժերն ու քրիստոնյա կաթոլիկները լուրջ ընդդիմախոսներ եւ հակառակորդներ են Սիրիայի իշխանությունների համար: Մյուս կողմից` հասկանալի է, որ «Հեզբոլլահը», ինչպես նաեւ մյուս համայնքները, այդ թվում` նաեւ հայ համայնքը, բավականին կապված են սիրիական իշխանությունների հետ: Այսինքն` այս ամենն իր բնական ազդեցությունը պետք է ունենար Լիբանանի վրա, ինչն էլ տեղի ունեցավ: Բայց սրան պետք է ավելացնել նաեւ այն, որ Լիբանանն` իր թափանցիկ սահմանով հանդերձ, տարանցիկ կետ էր հանդիսանում ոչ միայն զենքի, այլ նաեւ ֆինանսների` դեպի Սիրիա տեղափոխման համար:
– ՌԴ արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ նշեց, թե այն ուժերը, որոնց ոչ մի կերպ չհաջողվեց ապակայունացնել իրավիճակը Սիրիայում, իրենց ուշադրությունն են դարձրել Լիբանանի վրա: Այսինքն` ռուսական կողմը կարծում է, որ սիրիական ընդդիմության կողմնակիցները Լիբանանում սադրանքներ կազմակերպելու միջոցով են ցանկանում հարված հասցնել Ասադի վարչակարգին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Այդ դեպքում եկե՛ք ավելի հեռվից գանք: Ասադի հակառակորդների հիմնական նպատակը շիական ընդհանուր գոտին քայքայելն է: Շիականության մեջ մտնում են իսլամի տարբեր ուղղությունները, այդ թվում` նաեւ ալավիները: Շիական այդ գոտու մեջ են մտնում, բնականաբար, Իրանը, Իրաքից ամերիկյան բանակի դուրս գալուց հետո այստեղ շիական` իրանական գործոնն ավելի ուժեղացավ: Այսինքն` այս շղթայի մյուս օղակը Իրաքն է, երրորդ օղակը` Դամասկոսը, եւ չորրորդը` «Հեզբոլլահը»: Այսինքն` Իրանի ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ նվազեցնելու եւ Իրաքում շիական գործոնի թուլացման համար անհրաժեշտ է այս շղթան կտրել: Նաեւ «Հեզբոլլահի» ազդեցությունը Լիբանանում թուլացնելու համար սիրիական օղակը չափազանց կարեւոր դեր է կատարում: Եվ այս բոլոր գործողությունները, բնականաբար, շատ կոնկրետ ձեւով ուղղված են Իրանի դեմ, եւ Իրանը շատ լավ դա գիտակցում է: Մյուս կողմից` պետք է նշել, որ թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ նրա դաշնակիցների (այդ թվում` Թուրքիայի) բավականին անհեռատես քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը եւ Չինաստանն ամրապնդեցին իրենց դիրքերն այս տարածաշրջանում (չինական նավատորմը երբեք չէր հայտնվել Միջերկրական ծովում այն տեսքով եւ այն կարգավիճակով, որով հայտնվեց ռուսական ռազմածովային բազան, որը փակ էր, բացվեց եւ վերագործարկվեց): Մենք պետք է հաշվի առնենք, որ սա մեծ աշխարհաքաղաքական խաղ է, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի կտրուկ փոփոխման:
– Խոսենք բուն Սիրիայից: Ի՞նչ է այնտեղ կատարվում, սիրիական բանակը պատերազմում է խաղաղ բնակչությա՞ն դեմ, թե՞ զինված ահաբեկչական խմբավորումների: Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Սիրիայում:
– Իրավիճակը շատ դինամիկ է եւ զարգանում է: Եթե հաշվի առնենք, որ ամեն ինչ սկսվեց բացարձակապես արտաքին գործոնի ազդեցության տակ, եւ ներթափանցումը սիրիական տարածք կատարվեց հիմնականում Թուրքիայի տարածքից, որտեղ ճամբարները ստեղծվեցին (այնտեղ էլ մարզում են զինյալներին, եւ այստեղից էլ կատարվում է զինամթերքի տեղափոխումը, ֆինանսավորումը եւ այլն), ապա, կարելի է ասել, որ մենք հիմա ունենք հստակ սեւ ու սպիտակ մի իրավիճակ, որտեղ մեծամասնությունն աջակցում է իշխանություններին, իսկ փոքրամասնությունը, որն ունի հստակ իսլամիստական «աստառ», օժանդակում է իշխանությունների դեմ պայքարողներին: Մենք չենք կարող ասել, որ այստեղ բացառապես արտաքին գործոնն է կարեւոր: Ո՛չ, ներքին գործոնն էլ է սկսել շատ լուրջ դեր կատարել, որովհետեւ, ի վերջո, պիտի հաշվի առնենք այն իրադարձությունները, որոնք 1980-ական թթ. սկզբներին տեղի ունեցան, երբ Ասադի ռեժիմը ճնշեց նույն Հոմսում եւ Համայում «Մուսուլման եղբայրների» կազմակերպած ապստամբությունը: Ի վերջո, Ասադի իշխանությունն ավտորիտար է, իսկ ավտորիտար վարչակարգերից միշտ էլ դժգոհողներ լինում են, բայց ասել, որ Սիրիայում ժողովրդավարական ընդդիմություն կա, ճիշտ չի լինի: Ես վերջերս հանդիպել եմ մի խումբ գիտնականների` արաբագետների հետ, ովքեր նոր են եկել Սիրիայից, եղել են Հոմսում, Համայում եւ այլ բնակավայրերում եւ ուսումնասիրել են իրավիճակը: Նրանք բացարձակապես այլ պատկեր են ներկայացնում, իսկ արեւմտամետ լրատվամիջոցները ցույց են տալիս պայթյուններ, կրակոցներ եւ սպանություններ: Մի բան էլ պետք է հաշվի առնել, որ իսլամիստների, հատկապես` սալաֆիների ահաբեկչական գործողությունները ռեակցիա են առաջացրել. ստեղծվել են իշխանամետ զինված խմբավորումներ, որոնք կապված չեն բանակի հետ, սակայն, հավանաբար, կապված են հատուկ ծառայությունների հետ եւ նույնպիսի դաժանությամբ գործում են իսլամիստների հետ: Ի վերջո, հիշենք, թե բռնությունների այս էսկալացիան ինչից սկսվեց. սալաֆիները մորթեցին 130 զինակոչիկների, ինչը ցասման լուրջ ալիք բարձրացրեց: Այժմ նույնիսկ սուննի մեծամասնությունը չի ուզում, որ սալաֆիներն իրենց երկրում իշխանության գան: Սրանով է բացատրվում այն, որ սարսափը սալաֆիներից ստիպում է սուննի մեծամասնությանը հիմա սուսուփուս օժանդակել Ասադի ոչ այնքան պոպուլյար ռեժիմին:
– Այսինքն` Ասադի իշխանության տապալման դեպքում իսլամիստնե՞րն են գալու իշխանության:
– Այո, այդպես էլ լինելու է:
– Այդ դեպքում ինչո՞ւ է Արեւմուտքը պաշտպանում սիրիական ընդդիմությանը:
– Արդեն ասացի` շիական շղթան քանդելու համար:
– Սիրիայի Հուլա բնակավայրում ովքե՞ր են կազմակերպել մարդկանց դաժան կոտորածը` ապստամբնե՞րը, թե՞ Ասադի կողմնակիցները:
– Մենք պետք է գնահատենք, թե ում էր սա ձեռնտու: Ում դուր չի գալիս կայուն վիճակը եւ այն նախաձեռնությունները, որոնք կբերեն խաղաղության ամրապնդմանը, նրանք էլ սա արել են: Ասադի ինչի՞ն էր պետք նման բան անել: Ես կարծում եմ, որ սա իշխանությունների շահերից չի բխում: Իսկ թե ո՞վ է սա արել, դժվար է ասել, քանի որ Սիրիայից եկող տեղեկությունները շատ հակասական են: Դրա համար մենք պետք է տրամաբանենք եւ փորձենք հասկանալ, թե ում էր պետք, որպեսզի նորից ակտիվանա Սիրիայի խնդիրը: Հիշենք, որ հունիսի 4-ին կայանալու է Օբամա-Պուտին հանդիպումը: ԱՄՆ նախագահ Օբամայի հատուկ բանագնացն արդեն հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ, եւ նշվեց, որ Սիրիայի հետ կապված խնդիրները նույնպես քննարկվելու են: Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանի հին ու նոր նախագահը եւ ԱՄՆ-ի նախագահը, ով պատրաստվում է ընտրությունների, պետք է բանակցեն լայն սպեկտրով, իսկ այդ սպեկտրում Սիրիան ընդամենը բանակցային կետերից մեկն է: Այստեղ հնարավոր է, որ Ռուսաստանը զիջման գնա Սիրիայում` մի այլ հարցում շահելու համար, եւ հնարավոր է, որ Միացյալ Նահանգները զիջման գնա Սիրիայի հարցում` մի ուրիշ տեղ շահելու համար:
– Պրն Հովհաննիսյան, արաբական երկրներում, այսպես կոչված` «Արաբական գարունից» հետո, լիբերալ-ժողովրդավարությունն արեւմտյան իմաստով արաբական աշխարհում հնարավո՞ր է:
– Ոչ, հնարավոր չէ, որովհետեւ այստեղ մարդիկ որոշակի կայուն պատկերացումներ ունեն արդարության մասին, որոնք գալիս են իսլամից: Իսլամը շատ էգալիտարիստական է իր էությամբ, որոշակի խիստ պահանջներ է ներկայացնում կյանքի բոլոր ոլորտներում: Բացի դրանից` իսլամը գտնում է, որ «ումման» (իսլամական համայնքը) արդար հասարակության միակ ձեւն է: Իսկ ո՞վ է ումմայի անդամ` մուսուլմանը: Եթե այս կողմից ենք հարցին մոտենում, ապա իսլամիստները գալու են իշխանության եւ սկսելու են հաստատել ումմայի դրույթները: Օրինակ, Եգիպտոսի պառլամենտում ընտրված սալաֆիներն արդեն օրենք են առաջարկել, որպեսզի քրիստոնյաները ջիզիե (գլխահարկ) վճարեն: Այսինքն` միանգամից նրանց դարձնեն երկրորդ կարգի մարդ: Այս պայմաններում ժողովրդավարության մասին կարելի՞ է խոսել: Իմ կարծիքով`ոչ:
– Ասադի ռեժիմի տապալումը Լիբանանի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
– Շատ դժվար հարց է: Անշուշտ, «Հեզբոլլահը» կթուլանա:
– Այն կարո՞ղ է հանգեցնել Սաադ Հարիրիին հովանավորող Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակից Արեւմուտքի ազդեցության ուժեղացմանը Լիբանանում:
– Չեմ կարծում, որ Սաուդյան Արաբիայի ազդեցությունը Լիբանանում կուժեղանա, իսկ Արեւմուտքի ազդեցությունը` կուժեղանա: Այն արդեն ուժեղ է, այդ դեպքում ավելի կուժեղանա:
– Քոֆի Անանի խաղաղասիրական ծրագիրը հնարավո՞ր է Սիրիայում իրականացնել այս պայմաններում:
– Սա կախված է նրանից, թե Չինաստանն ու Ռուսաստանն ինչ դիրքորոշում կընդունեն: Գիտեք, ես վաղուց արդեն ասում եմ, որ Բաշար Ասադին մի ընդունելի, կոմպրոմիսային փոխարինող են պատրաստելու, ով, շատ հավանական է` պատկանի սուննի համայնքին, սակայն կապված լինի իշխող վերնախավի հետ, որն էլ ընդունելի կլինի բոլոր ուժերի կողմից:
– Ասադի ռեժիմի տապալման դեպքում հայ համայնքին ի՞նչ վտանգ է սպառնում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի ընդդիմությանը:
– Ես դա չէի կապի թուրքերի ակտիվացման հետ: Հայ համայնքի վիճակը վատանալու է, քանի որ այդ դեպքում գլուխ է բարձրացնելու խուժանը, որը սկզբից մորթելու է ալավիներին, հետո անցնելու է քրիստոնյաներին:
– Իսկ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի դերն այդ պարագայում:
– Թուրքերի նպատակը հետեւյալն է. եթե հնարավոր լինի, այսպես ասած` մեղմ իսլամիստական, իրենց գաղափարներն ընդունող խումբ բերել իշխանության Սիրիայում, ապա Թուրքիայի դերը տարածաշրջանում կտրուկ կմեծանա: Սա հստակ նպատակ է, որը Թուրքիան ձգտում է իրականացնել` զոհելով, իմիջիայլոց, բավականին հաջող զարգացող թուրք-սիրիական հարաբերությունները: Սակայն, կարծում եմ` սա Թուրքիային չի հաջողվի:
– Այնուամենայնիվ, իրադարձությունների նման զարգացման դեպքում Սիրիայի հայ համայնքին վտանգ սպառնո՞ւմ է:
– Անշուշտ, սպառնում է: Սիրիահայ մեծահարուստներն իրենց փողերն արդեն փախցրել են Սիրիայից, շատերն արդեն տեղափոխվել են երկրից, իսկ ավելի չքավորները Հայաստան են տեղափոխվում: Պարզ է, որ վիճակը վատանալու է:
– Քաղաքացիական պատերազմի վերսկսումը Լիբանանում ինքանո՞վ է հավանական:
– Կարծում եմ`քիչ հավանական է:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ