ԼՂ-ն Օպերա կունենա

31/05/2012

Շուտով ԼՂ-ում կգործի օպերային թատրոն: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը: Օպերա հիմնադրելու նախաձեռնողը ԼՂ մշակույթի նախարարությունն է, որն արդեն սկսել է թատրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Մենք զրույցներ ենք տարել Մշակույթի նախարարության, Ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսի հետ: Նրանք համոզում են մեզ, որ ուզում են զարգացնել տարածաշրջանը թե՛ տնտեսապես, թե՛ հոգեւոր, թե՛ մշակութային արժեքներով»,- ասել է Հ. Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ Ստեփանակերտում օպերային թատրոնի համար ոչ թե նոր շենք է կառուցվելու, այլ վերանորոգվելու է Դրամատիկ թատրոնի շենքը եւ համապատասխանեցվելու է օպերային շենքի պայմաններին: Ինչ վերաբերում է օպերային խմբին, ապա, ըստ Հովհաննիսյանի, այն կարող է հենց այսօր էլ ձեւավորվել, քանի որ Արցախում չկա կադրերի պակաս: Նա նշել է, որ Արցախի օպերային խմբով արդեն երկու անգամ «Անուշ» օպերան են բեմադրել: Համապատասխան չափանիշներով շենքը, ըստ Հովհաննիսյանի, պատրաստ կլինի 2.5 կամ 3 տարի հետո: