Դեռ չեն ասել

31/05/2012

«Հատուկ հայտարարություն նախատեսված չէ, իսկ թե պարոն Ծառուկյանը կմասնակցի՞ նիստին, թե՞ ոչ, չգիտեմ»,- ի պատասխան Tert.am-ի հարցին` արդյոք 5-րդ գումարման Ազգային ժողովի այսօր կայանալիք առաջին նիստին կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանը, եւ արդյոք նա կամ կուսակցությունը հանդես կգա՞ որեւէ հայտարարությամբ` կապված կուսակցության վարքագծի, մասնավորապես` նրա ընդդիմադիր լինել-չլինելու հետ, ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի անդրանիկ նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ: Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր: