Ավանդակա՞ն, թե՞ էլեկտրոնային անձնագիր

31/05/2012

Հունիսի 1-ից Հայաստանում ներդրվելու է անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգը: Թե ինչպիսի առավելություններ ու թերություններ ունեն էլեկտրոնային անձնագրերը, փորձեցի պարզել Նյու Յորքի Ալբանի պետական համալսարանի պրոֆեսոր, Դատական եւ ապահովագրական տեղեկատվության պետական կենտրոնի տնօրեն Սանջեյ Գոելից:

– Որտեղի՞ց է ծագում էլեկտրոնային անձնագրերի գաղափարը:

– Էլեկտրոնային անձնագրերի գաղափարն առաջին անգամ ներկայացվել է 1988-ին` Դեֆամետի եւ Դավիդովի կողմից, ովքեր առաջարկեցին ստեղծել էլեկտրոնային չիպեր, որոնց մեջ կպահվի անձնագրային տեղեկատվությունը: 1997 թվականին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, որը հիմնականում ուղեցույց է տրամադրում միջազգային անձնագրերի համար, ընդունեց նոր գաղափարը, եւ մեկ տարի անց Մալազիայում ներդրվեց այն: Փաստորեն, առաջին երկիրն էր, որ կիրառեց այդ անձնագրերը:

– Իսկ ինչպիսի՞ն է միջազգային փորձը` էլեկտրոնային անձնագրերի ներդրման հարցում:

– Մինչեւ 2011թ. սեպտեմբերը 93 երկիր ներդրել է անձնագրային նոր համակարգը: Հաջորդ երկու մեծ պետությունները կլինեն Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք կսկսեն կիրառել էլեկտրոնային անձնագրերը: Դրանից հետո աշխարհի բնակչության մեծ մասին հասանելի կլինեն դրանք: Բայց եթե անգամ մեր երկրում ներդրվել է էլեկտրոնային անձնագրերի համակարգը, մենք դեռեւս կիրառում ենք նաեւ ավանդական անձնագրերը, քանի որ էլեկտրոնային անձնագրերի համար ենթակառուցվածքներ կան ոչ բոլոր միջազգային սահմանների վրա:

– Իսկ ինչո՞ւ են անհրաժեշտ էլեկտրոնային անձնագրերը, ո՞րն է դրա իմաստը:

– Ամբողջ իմաստն այն է, որ այդկերպ անձնագրերն ավելի ապահով կդառնան: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ կեղծել են թղթե անձնագրերը: Իսկ եթե տեղեկատվությունը պահվում է էլեկտրոնային չիպերի վրա, շատ ավելի ապահով է:

– Իսկ որո՞նք են խոցելի կողմերը:

– Էլեկտրոնային բոլոր համակարգերի պես, էլեկտրոնային անձնագրերն էլ ունեն նույն խոցելիությունը, ինչ անվտանգության մյուս համակարգերը, ինչպես ռադիոհաճախականության իդենտիֆիկացիան, որի վրա հիմնված են նոր անձնագրերի չիպերը: Մտահոգիչ է, որ տեղեկատվությունը հասանելի կլինի այլ անձանց: Հիմնականում պետք է հնարավոր լինի մարդկանց տարանջատել ռադիոհաճախականությունների իդենտիֆիկատորի տեղեկատվության հիման վրա, հեռացնել նրանց տվյալները կարդացող սարքից: Մեկ այլ հարց է, թե արդյո՞ք հնարավոր է կլոնավորել այս անձնագրերը: Եթե որեւէ մեկը ստեղծի անձնագրի կրկնօրինակը, հնարավոր կլինի բացահայտել դա` անձնագիրը կարդացող սարքի միջոցով: Եվ, վերջապես, չիպի անվտանգությունը: Եթե որեւէ մեկը փչացնի այն, անձնագիրը պետք է դադարի գործել: Վերջին, բայց ոչ պակաս կարեւոր հարցն էլ այն է, թե արդյո՞ք որեւէ մեկը կարող է փոխել անձնագրի նկարը: Այսպիսի շատ հարցերից խուսափելու համար` կիրառվում են հատուկ ծածկագրեր ու համակարգեր:

– Այսպիսով, ո՞րն է լավ` ավանդակա՞ն, թե՞ էլեկտրոնային անձնագիրը:

– Կարծում եմ` էլեկտրոնային անձնագրերը գնալով ավելի արդյունավետ ու ապահով կդառնան, քանի որ կարող ենք մեծ ծավալի տեղեկատվություն պահել նրանց մեջ: Հիմա այն աստիճանաբար ճանապարհ է հարթում, եւ շուտով մենք կկարողանանք լուծել անվտանգության բոլոր հարցերը: Շատ շուտով էլեկտրոնային անձնագրերը շատ ավելի լավը կլինեն: