Բեխազի Նաջինին մոտ մեկ տասնամյակ աշխատել է «Սինոփսիս» ընկերությունում: Նա բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան, իսկ վերջին այցը մի քանի շաբաթ առաջ էր:
– Ինչպե՞ս եք կառուցել Ձեր կարիերան:
– Ես եկա ԱՄՆ սովորելու եւ բակալավրի կոչում ստանալու համար: Հիշում եմ, որ հաշվիչ էի գնել, որն աշխատում էր Basic ծրագրային լեզվով: Գնեցի հաշվիչը եւ սկսեցի ծրագրավորել Basic լեզվով: Շուտով սկսեցի հետաքրքրություն ցուցաբերել ծրագրավորման նկատմամբ եւ ծրագրավորման ավելի շատ դասերի հաճախել: Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցի համալսարանի մի ծրագրային ապահովման կենտրոնում: Այսպիսով, նրանք ինձ աշխատանքի վերցրեցին որպես ծրագրավորողի եւ ասացին, որ կվճարեն իմ` մագիստրոսի աստիճանի կրթական ծրագրի համար: Աշխատում էի հիմնականում ֆինանսական ծրագրերի վրա: Դրանից հետո հայտնաբերեցի ԷՆԱ` էլեկտրոնային նախագծման ավտոմատացում ոլորտը եւ շարունակեցի իմ` մագիստրոսի ուսումն այդ ոլորտում: Շատ ոգեւորված էի: Սկսեցի գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար ուսումս, բայց մեկ տարի անց որոշեցի, որ արդեն ուզում եմ աշխատել: Ինքնակենսագրությունս ուղարկեցի մոտ 10 ընկերությունների, որի արդյունքում աշխատանքի ընդունվեցի National Semiconductor ընկերության կողմից: Ահա, թե ինչպես սկսվեց իմ կարիերան էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում:
– Աշխատել եք տարբեր ընկերություններում, ինչո՞վ է տարբերվում Ձեր փորձը «Սինոփսիսում»:
– Նախ, ես սիրում եմ աշխատել ընկերությունում, որն առաջատար է, իսկ «Սինոփսիսն» առաջատար է իր ոլորտում: Այնպես որ, ինձ համար, առաջին հերթին, ակնհայտորեն առաջնորդությունն է: Երկրորդ, կարծում եմ, «Սինոփսիսը» լավագույնս կառավարվող ընկերություններից մեկն է, այն շատ բարոյական ընկերություն է, եւ այն ճիշտ են կառավարում: Եվ, երրորդ, այն իսկապես լավ միջավայր է նոր բաներ սովորելու համար, ձեզ տրվում են նոր հնարավորություններ, նոր խնդիրներ են առաջադրվում: Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում աշխատելուց հետո ես իրականում հեռացա այդ ոլորտից ու տեղափոխվեցի դեպի ինտերնետ ոլորտ, եւ չորս տարի աշխատեցի այդ նոր ոլորտում: Այնուհետեւ կրկին վերադարձա էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտ, եւ պատճառն այն էր, որ այստեղ մարտահրավերները շատ ավելի հետաքրքիր էին: Ինտերնետ ոլորտում 2-3 տարի անց սկսեցի ձանձրանալ. խնդիրները հետաքրքիր չէին, քանի որ բարդ չէին: Իսկ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում դուք գործ ունեք խնդիրների հետ, որոնք շատ ավելի բարդ են եւ շատ ավելի հետաքրքիր:
– Ո՞րն է տարբերությունը լավ եւ հիասքանչ ճարտարագետների:
– Հիասքանչ ճարտարագետը ոչ ստանդարտ է մտածում, ինչը նշանակում է, որ նա անսպասելի այնպիսի լուծումներ է գտնում, որոնք մարդիկ չեն սպասում: Լավ ճարտարագետը մեկն է, ով լավ սովորել է, գիտի իր առարկան եւ մտածում է այնպես, ինչպես մարդիկ ակնկալում են իրենից: Հիասքանչ ճարտարագետը մշտապես ոչ ստանդարտ լուծումներ է որոնում, նա նայում է խնդրին եւ փորձում է նորարարական լուծումներ գտնել, եւ գտնում է լուծումներ, որոնք իրատեսական են եւ տարբերություն են մտցնում աշխատանքի մեջ: Լավ ճարտարագետը մեկն է բոլոր նրանցից, ում լուծումները նման են ուրիշների լուծումներին, մինչդեռ հիասքանչ ճարտարագետը մեկն է, ով մշտապես փորձում է բոլորովին այլ կերպ աշխատել, ավելի նորարարական ճանապարհով լուծել իր առջեւ դրված խնդիրները:
– Տարբերություն կա՞ հայ ճարտարագետների եւ Սիլիկոնային հովտի ճարտարագետների միջեւ:
– Հայաստանում ես տեսնում եմ մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում աշխատանքի մեջ, նրանք հավատում են ինչ-որ բանի: Սիլիկոնյան հովտում մարդկանց համար աշխատանքը հիմնականում պարզապես աշխատանք է, մինչդեռ Հայաստանում այն ապրելակերպ է: Երբ մարդիկ գալիս են այստեղ, նրանք ներդնում են իրենց սիրտը, նրանք հավատում են իրենց գործին, աշխատում են մինչ ուշ երեկո: Հայաստանում տեսնում եմ, որ իմ խմբի բոլոր աշխատակիցները աշխատավայրը լքում են երեկոյան ժամը 20:00-21:00-ին: Ըստ էության, աշխատանքը երկրորդ կյանք է նրանց համար, մինչդեռ Կալիֆոռնիայում դա աշխատավայր է, մարդիկ գնում են այնտեղ, ավարտում իրենց աշխատանքը եւ գնում տուն: Իսկ տեխնոլոգիական տեսակետից, կարծում եմ, որ մենք ունենք հոյակապ ճարտարագետներ Կալիֆոռնիայում, մենք ունենք շատ-շատ լավ ճարտարագետներ այստեղ: Ես շատ-շատ զարմացել էի, երբ տեսա, թե մենք ինչ տաղանդներ ունենք այստեղ. մենք ունենք շատ-շատ լավ ճարտարագետներ:
– Որո՞նք են այն երեք բառերը, որոնք անցնում են Ձեր մտքով, երբ մտածում եք Հայաստանի մասին:
– «Սինոփսիս», մարդիկ եւ ուտելիք: Ես սիրում եմ հայկական ուտելիքը:
– Ի՞նչ եք Ձեզ հետ Հայաստանից այս անգամ տանում:
– Ճիշտն ասած, ամեն անգամ, երբ գալիս եմ այստեղ, մի նոր բան եմ սովորում: Որքան շատ եմ շփվում իմ թիմի հետ, այնքան ավելի շատ բան եմ սովորում իրենցից: Ամեն անգամ մեկնելիս ես ինչ-որ նոր բան տանում եմ ինձ հետ` լինի դա մշակույթի մասին, մարդկանց թե աշխատանքային էթիկայի մասին: Կարող եմ ասել, որ շատ ավելի բան եմ սովորել հայկական թիմի հետ աշխատանքի ընթացքում, քան որեւէ այլ թիմ ղեկավարելիս:
– Ի՞նչն է ներշնչում Ձեզ:
– Հաջողությունը. այն ինձ միշտ ոգեշնչել է նոր հաջողության: Ինձ ոգեշնչում է նորարարությունը. ես սիրում եմ նպաստել ինչ-որ բարի գործի: Այսպիսով, ինձ ներշնչում են հաջողությունը եւ իմ ներդրումն ինչ-որ գործի:
– Ո՞րն էր ամենակարեւոր որոշումը, որ կայացրել եք Ձեր կյանքում:
– Կարծում եմ` կարեւորագույն որոշումս իմ` ԱՄՆ տեղափոխվելն էր, նոր կյանք սկսելը: Ես վստահ եմ, որ եթե մնայի իմ երկրում, ապա ճարտարագետ չէի լինի: Երբ տեղափոխվեցի ԱՄՆ, սկսեցի ճարտարագիտություն սովորել, եւ ինձ հնարավորություն տրվեց ավելի շատ սովորել տեխնոլոգիաների մասին, ինչն ինձ դարձրեց այն, ինչ ես կամ այսօր: Իմ դպրոցական ընկերները մնացին իրենց երկրում, եւ նրանք այլեւս տեխնոլոգիաների ոլորտում չեն գործում, նրանք բոլորովին այլ բան են անում: Բայց, անկեղծ ասած, եթե ես այնպիսի հնարավորություն ունենայի, ինչպես այստեղ` Հայաստանում մարդիկ ունեն «Սինոփսիսում», երեւի չէի տեղափոխվի ԱՄՆ: Բայց իմ երկրում` Լիբանանում, նման հնարավորություն չկար: Որպես ճարտարագետ` ուսումն ավարտելուց հետո դուք այնտեղ աշխատանք չեք գտնի: Իսկ այստեղ մարդիկ ընտրություն ունեն, նրանք ունեն հիանալի համալսարան` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում «Սինոփսիսում» եւ այլ ընկերություններում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները Հայաստանում ունեն ընտրության հնարավորություն: Այնպես որ, եթե ես ապրեի Հայաստանում, ես, հավանաբար, կմնայի Հայաստանում:
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
«Սինոփսիս Արմենիայի» հասարակայնության հետ կապերի ղեկավար