«Մշակույթի միջոցով քաղաքականությունն էլ կփոխվի»

31/05/2012 Գայանե ԼԱԼԱՅԱՆ

– Ինչպե՞ս է հաջողվում ամեն տեղ լինել ու ամեն ինչ հասցնել:

– Այդ հարցի պատասխանը ես ինքս էլ չունեմ, բայց ընկերներիցս մեկը հետաքրքիր բան ասաց. Երեւանում մի քանի Օշին կա` ամեն տեղ: Սրանից էլ լավ պատասխա՞ն: Ինձ համար հետաքրքիր է լինել բոլոր այն տեղերում, որտեղ արվեստի կամ հասարակական շարժում կա:

– Վերջերս ո՞րն է Ձեզ ամենաշատը հուզող հարցը:

– Եթե վերցնենք քաղաքական պայքարի «գետնի» վրա, Մաշտոցի պուրակն էր: Այս տարիների ընթացքում, որ ես այստեղ եմ, Մաշտոցի պուրակն ամենապարզ, ամենաառողջ եւ ամենահետաքրքիր պայքարն էր, եւ այն հասավ իր գագաթնակետին: Ես այնտեղ գնացել եմ ամեն անգամ, երբ պետք է եղել, ներկա եմ եղել որպես ապամոնտաժող, բայց այդ երիտասարդ խումբը` 30-40 երիտասարդները, որ 90 օր պայքարեցին, նվիրված էին, մաքուր, եւ բոլոր հոսանքներից դուրս` իրենց մաքուր երիտասարդական հոսանքը կար: Քաղաքական հոսանքների մասին է խոսքը:

– Իսկ մյո՞ւս խնդիրները, օրինակ` Թեղուտը:

– Թեղուտի պայքարի համար էլ ինչ եղել է, մասնակցել եմ: Lավ հիշում եմ` տարիներ առաջ մի կլոր սեղանի էի հրավիրված` որպես «Շենի» հիմնադիրներից Հայաստանում: Այդտեղ ես բացեիբաց ասացի, որ եթե օրերից մի օր Հայաստանում այնպիսի վիճակ լինի, որ անհրաժեշտ լինի հանքերը շահագործել, պետք է հանրաքվե անցկացնել, որի ժամանակ մարդիկ կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Պարզ ձեւով եմ խնդրին մոտենում: Այս օրերին շատ հետաքրքիր բան է իմ մեջ «ստեղծվել». մինչեւ անգամ մտավորականները տեղեկատվություն ստանալու այնպիսի սխալներ են անում, որ ինձ համար զարմանալի է: Երկու օր առաջ մի մտավորական ճարտարապետ ինձ ասաց` Օշին ջան, հիանալի է, լավ ծեծում էիք: Ասում եմ` դու չարաչար սխալվում ես, ես ծեծվողների մեջ եմ: Ես միասեռական չեմ, բայց երբ տեսնում եմ` նրանց ծեծում են, ես ծեծվողների մեջ եմ ինձ զգում: Այսինքն` մտավորականները, որոնք նայել են լուրերը, կարծել են, թե ես ծեծողների մեջ եմ եղել: Ինձ համար հետաքրքիր էր, որ մարդիկ, ովքեր միշտ ընդդիմության մեջ են, կարծում են, որ լավ էլ ծեծել են, ուրախ են, բրավո: Պատկերացնո՞ւմ եք: Բացատրեմ, թե ինչու եմ ասում, որ ծեծվողների մեջ եմ եղել: Երբ Դինքին սպանեցին` Թուրքիայում տասնյակ-հազարավոր թուրքեր դուրս եկան, ասացին` մենք բոլորս հայ ենք: Այսօր ես էլ ուզում եմ ասել` ես էլ միասեռական եմ: Այսինքն` պարտադրում եք, որ ես էլ միասեռական դառնամ միան պայքարի համար: Ես տեսել եմ այդ շարժման ծնունդը, ամեն տեղ կա` բացահայտված կամ փակված վիճակում: Ֆրանսիայում բացահայտվեց 1968-69թթ. մեր համալսարանում` գեղարվեստական բարձրագույն դպրոցում, որովհետեւ ամենաազատ տեղն էր: Այնտեղ ոչ ոք նրանց բան չէր ասում: Նրանք իրենց բոլոր ժողովները մեր համալսարանում էին անցկացնում, որովհետեւ նկարիչները, ճարտարապետները, քանդակագործներն իրենց հետ գործ չէին ունենում: Ինձ համար այդ խնդիրը հասավ իր գագաթնակետին, վերջացավ: Հուսով եմ` այսպիսի շարժումները կշատանան: Ոչ թե մի քանի բուդկա դնելու, երկու-երեք հատ ծառ փրկելու համար, այլ ամեն ինչի համար. եթե ինչ-որ տեղ պատշգամբ են ուզում ավելացնել` չթողնեն, որովհետեւ ամբողջ քաղաքը, երկիրն են փչացրել: Վերջինը դա է հուզել ինձ քաղաքական իմաստով: Մնացածը չեմ էլ ուզում վերլուծել:

– Հիմա ո՞ր խնդիրն եք առաջնային համարում` պայքարելու համար:

– Հայաստանում ի՞նչն է պայքարի «գետնի» վրա: 20-22 տարի առաջ գիտեի` ինչի համար էր պայքարը: Երկրաշարժից հետո պայքարն այն չէր, որ իսկույն Գյումրին «սարքվի»: Առաջին անգամ դեկտեմբերի 9-ին եկա Հայաստան` Գյումրիի համար: Երեք-չորս օր հետո միանգամից շեղվեցի դեպի Ղարաբաղ, որովհետեւ Ղարաբաղյան շարժումն էր, Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը կար: Պայքարն այն էր, որ Ղարաբաղն այսօր կա, դեռ ամբողջովին չի լուծվել խնդիրը, բայց գոնե չափավոր, գոնե ազգային քաղաքականության մեջ հաստատվել է, հիմա տեսնենք` միջազգայինո՞ւմ երբ կհաստատվի: Դա երկրորդական խնդիր է: Բայց ընդհանուր այդ պայքարը հիմա` այնպես չէ, որ ասեմ` դեմոկրատիա է: Ո՞ր դեմոկրատիան, Եվրոպայի դեմոկրատիան` թքած ունեմ, Ամերիկայինը` ավելի շատ թքած ունեմ. ոչ մեկը մեզ դաս տալու իրավունք չունի: Մի քանի օր առաջ եվրոպացի դեսպաններից մեկն ինձ հարցրեց` դուք ի՞նչ եք կարծում: Ասացի` ես ոչինչ չեմ կարծում` մահ Եվրոպային, կեցցե՛ հետամնաց Հայաստանը: Երբ ասում եմ` հետամնաց, իրականության մեջ հետամնաց է, բոլոր տեսանկյուններից` քաղաքական «գետնի» վրա, հարաբերությունների «գետնի» վրա: Հիմա սա 80 տարիների արդյո՞ւնքն է` չգիտեմ: Ես ոչ եղել եմ այստեղ, ոչ ապրել եմ: Պատմաբանները պետք է վերլուծեն այս 80 տարիների պատմությունը: Ասում են` ամբողջ ժողովուրդը կաշառք է վերցրել, ձայն է վաճառել: Զարմանում ես` ինչպե՞ս մարդիկ կարող էին: Մի ամբողջ ժողովուրդ կարո՞ղ է կաշառք վերցնել: Ժողովրդի 65 տոկոսը վերցրել է, նշանակում է` ամբողջ ժողովուրդն է վերցրել: Հիմա խնդիր չէ` 5000-10.000: Նշանակում է` այդքան մարդ 1000 դոլարով կարող է երկիրը ծախել: Եթե նա 5 տարով ծախվում է կուսակցություններին, ծախելով իր բոլոր իրավունքները, ապա 1000 դոլարով ամբողջ կյանքը կծախի ուրիշին: Հիմա որի՞ մասին խոսեմ, ընտրությունները տեսանք ինչ են: Չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ:

– Ի՞նչ ելք եք տեսնում:

– Դժվար է ասել: Ես չգիտեմ, թե ինչպես պիտի լինի, բայց ինչպես ապրում ենք` ճիշտ չէ: Այս ձեւով շարունակելն անկարելի է: 20 տարի է` նույն ճահճի մեջ ենք, եւ ավելի է խորանում այդ ճահիճը: Այս ձեւով եթե շարունակվի, ավելի կխորանա: Գոնե այնպես պետք է լիներ, որ 100 հոգուց 80-ն ասեին` գոհ ենք:

– Ազգային վերածնունդն արվեստի միջոցո՞վ եք տեսնում:

– Ազգային վերածնունդն ինձ համար, ընդհանուր առմամբ, այս «հողամասը» չէ, որի վրա Հայաստանն է: Առանց ազգային սեփական մշակույթի` ես չէի էլ գա: Ես եկել եմ, որովհետեւ ազգային մշակույթ եւ ընդհանուր արվեստ գոյություն ունի: Սա է երկրի հիմքը, ոչ թե սահմանները: Մենք դարերով սահման չենք ունեցել, բայց հայ ժողովուրդն ապրել է հենց նույն հողի վրա` առանց սահմանի: Ուրիշները եկել, ջարդել են, բայց իր ազգային մշակույթի շնորհիվ գոյատեւել է: Հիմա մենք մի ֆիլմ ենք նկարում` լա՞վ է ստացվում, թե՞ վատ, երկրորդական է: Նպատակը ստեղծագործելու առիթ տալն է: Այդ մշակութային հողը պետք է հարդարենք, որ մի բան լինի: Կարծում էին` վերջին 20 տարիների շարժումը` Ղարաբաղյան շարժումը, պետք է մշակութային հետք թողներ: Դժբախտաբար` չթողեց: Զուգահեռ բերեմ: Ֆրանսիայում 1968թ. հեղաշրջումից հետո հասարակական կյանքն ամբողջովին փոխվեց: Հայաստանում էլ Ղարաբաղյան շարժումն ամեն ինչ փոխեց, բայց մշակութային այն հետքը, որ պիտի թողներ` չթողեց: Նույն բանը եղավ նաեւ Ամերիկայում, Իտալիայում: Ժամանակակից բալետն Ամերիկայում միանգամից թափ ստացավ, Ֆրանսիայում թատրոնը վերելք ապրեց, այնպիսի՜ բաներ ստեղծվեցին, նոր դեմքեր ի հայտ եկան, այնպիսի՜ մի մշակութային եռուզեռ կար ամբողջ Եվրոպայում: Կարծում եմ` ամեն մի շարժում այդ եռուզեռը մեջտեղ պիտի բերի: Հայաստանում մեջտեղ չբերեց: Չեղավ:

– Ի՞նչն էր պակասում:

– Չգիտեմ: Կարո՞ղ ենք ասել` հեղաշրջո՞ւմ էր, թե՞ ազատագրում: Ես չէ, որ պետք է վերլուծեմ, բայց այն, ինչ պետք է տար` չտվեց: Այն հետաքրքիր բեմադրությունները, գրվածքները, որ պետք է ստեղծվեին` չստեղծվեցին: Այսինքն` թափ չտվեց: Հիմա, երբ ես թատրոնում բեմադրություն եմ նայում, կեսից դուրս եմ գալիս: Հեղաշրջումը եղավ, բայց ամեն ինչ մնաց ժառանգական: Մեկը մահանում է` իր եղբայրն է փոխարինում, սիրուհին է փոխարինում, բա եղա՞վ: Արվեստի մեծ կենտրոնների, թատրոնների մասին եմ խոսում:

– Սակայն Ձեր լավատեսությունը չի պակասում:

– Երբ ասում եմ` մա՛հ Եվրոպային, կեցցե՛ հետամնաց Հայաստանը, ինչքան դժվարանում է, այնքան ավելի հաճելի է լինում պայքարը: Այսինքն` ավելի կոնկրետ է դառնում: Երբեմն վերացական է, բայց երբեմն` կոնկրետանում է: Կոնկրետ այն, ինչ կա այսօր Հայաստանում, պիտի փոխվի` առանց այլեւայլի: Այս 20 տարվա պատմությունը պիտի պահենք, այն 2 տարվա հանրապետության պատմության նման փակենք, ասենք` սա այն թերթերից է, որ կդնենք Մատենադարանում, որովհետեւ շատ չենք կարող պարծենալ: Խեղճերը ժամանակին ահավոր վիճակի մեջ էին` խոլերա եւ այլն, մի քանի մտավորական եկան, երկիր սարքեցին: Այդ մի քանի մտավորականն իրենց ճամպրուկը վերցրին, երկրից գնացին եւ մինչեւ կյանքի վերջը մնացին դպրոցի տեսուչ, հայերենի ուսուցիչ, ազգային գործերի մեջ համեստ: Ոչ մեկը 45 հատ վիլլա չսարքեց:

– Հեքիաթի փառատոն էիք նախատեսում ստեղծել:

– Սկսել էի, դժբախտաբար չկարողացա, հիմա նորից «ճամփա եմ ընկել» ուրիշ կազմակերպության հետ: Մի քանի օրից պետք է ներկայացնեմ մանրամասները, թող անակնկալ մնա առայժմ: Ծրագիրն այնպիսին էր, որ մի տարի պետք է լիներ ազգային, մյուս տարի` միջազգային, մեկումեջ պիտի լիներ: Ազգայինը մեկ անգամ պիտի լիներ Երեւանում, մյուս անգամ` Լոռիում, այն մյուս անգամ` Ղարաբաղում: Այսինքն` ազգայինը պետք է մեկ անգամ` լիներ Երեւանում, հետո պտտվեր մարզերով: Միջազգայինները` մեծ մասամբ կլինեին Երեւանում:

– Ձեր կյանքի հեքիաթը ո՞րն է:

– Դեռ նոր սկսում է: Նոր իմ հեքիաթի «աբգդ»-ն է (ծիծաղում է.- Գ.Լ.): Ամբողջը լուսավոր է իմ կյանքում: Ինչ եղել է, ոչ մի ձեւով չեմ զղջում: Եկել եմ Հայաստան, չեմ զղջացել, վերջնական հաստատվել եմ Հայաստանում, երբեք չեմ զղջացել: «Հուսահատ» բառն ինձ համար գոյություն չունի: Եթե վաղն ինձ ասեն` գնանք այսինչ վայրը, կգնամ: Ասեն` գնանք Ջավախք` կգնամ: Այնտեղ հիվանդանոց ենք կառուցել, Տերյանի գյուղի հիվանդանոցը վերանորոգել ենք, արծաթագործության գործ ենք դրել: Երեւի հեքիաթը դա է: Աղջիկս էլ է ճարտարապետ, հիմա Կաննում է, փառատոնի գործերով է զբաղված: Մի անգամ գնում էի Թբիլիսի, զանգեց, ասաց` Արգենտինա եմ ուզում գնալ, այնտեղ ծանոթ ունե՞ս: Աղջիկս մտածում է, որ ամբողջ աշխարհում ծանոթ ունեմ, եւ իսկապես ունեմ, շատ ունեմ: Ասի` հասնեմ Թբիլիսի, կխոսենք: Հասանք, գնացինք մեր հիմնադրած կարի դպրոցի բացմանը: Մի շատ արիստոկրատ կին, Վրաստանի հայ, ասաց, որ Արգենտինա պիտի գնա, 30 տարի է` այնտեղ է ապրում: Ամուսինն այնտեղի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն է, տղան առաջին ջութակահարն է, ինքն էլ` դաշնակահարը եւ նոտագրողը: Ասում եմ` աղջիկս նոր զանգել էր ու ասում էր, որ պիտի գնա Արգենտինա: Դիպվածը` հեքիաթը սա է: Մենք պետք է հեքիաթներ ունենանք ամբողջ աշխարհում, եւ ամբողջ աշխարհը օգնի, որ այստեղ արվեստի պայթյուն լինի:

– Գուցե պետք է ճիշտ տեղում ճիշտ ժամանակի՞ն հայտնվել:

– Չգիտեմ, բայց այդ կինն ասաց` երբ աղջիկդ Բուենոս Այրեսում լինի, քեզ կզանգենք, անակնկալ ունենք քեզ համար: Աղջիկս գնաց, զանգեց ու ասաց` կարո՞ղ ես երեւակայել` ես ում բաժակով եմ սուրճ խմում` Կոմիտասի: Կոմիտասի սուրճի բաժակն իրենց մոտ է, Արգենտինայում: Փոքր բաներ են, բայց հեքիաթ է` իրական հեքիաթ: Ես այսպիսի հեքիաթներ շատ եմ սիրում:

– Շատերն են լքում երկիրը, Դուք հակառակը` եկել ու հաստատվել եք այստեղ:

– Ես լքելու մեջ ոչ մի մեղք չեմ տեսնում, եթե լքում են, ուրեմն պարտավոր են լքել: Ես ոչ մի կերպ չեմ կարող ասել` ինչո՞ւ մենք 1,5 մլն մուսուլման հայեր ունենք Թուրքիայում, իսլամացած հայեր: Մի հետաքրքիր բան լսեցի. երբ մի անգամ նրանց հարցրեցի` կուզե՞ս գալ Հայաստան, պատասխանեցին` դու կարծում ես` մենք որտե՞ղ ենք ապրում: Եթե գնում են, ուրեմն` պետք է գնան, մարդիկ թող գնան, կգան: Հավատացեք, 30-40 տարի հետո վերադարձ է լինելու: Կգան եւ ավելի ուրիշ ձեւով: Սա է հետաքրքիրը: Հայաստանում, դժբախտաբար, ժողովուրդը շատ մեկուսացած է ինքն իր մեջ, իր մշակույթը մշակույթի մեջ կապել է: Երբ մենք մեր մեջ ենք մնում, փչանում ենք: Պիտի բացվենք, թափանցիկ լինենք: Մեր մշակույթը պետք է դրսի հետ շփվի, «պոռնիկանա»` զուտ գեղարվեստական իմաստով, այդ ժամանակ կդառնա իրական: Երբ մեր ծիրանը գնաց Եվրոպա, դարձավ «Prunus Armeniaca»` հայկական սալոր, բայց ծիրանը մեջտեղից չգնաց: Գնացածներն ուրիշ ձեւով կվերադառնան, ու այդ վերադարձի մեջ կա մշակութային բումը: Եթե այդ բումը մշակույթի միջոցով լինի, քաղաքականությունն էլ կփոխվի, չեմ ուզում 40 տարի հետո լինի` ավելի շուտ: Մշակույթով պիտի լինի, որովհետեւ մշակույթը քաղաքականությունից մի քանի մետրով առաջ է: Այն, ինչ արվեստն է ասում, քաղաքական գործիչները 2-3 տարի հետո են զգում: