Մեր պատմության դասագրքի հայկական Մալաթիան

31/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր պատմության դասագրքերի հայկական Մալաթիան թույլ ուրվագծվում էր օդանավից: Բարձրությունից երեւում էին դեղին կետերի վերածված լույսերը: Մալաթիայի օդանավակայանից լրագրողներիս ուղեկցող թուրք զբոսաշրջավարը` Ալի Կարադենիզը, իրեն բնորոշ հոգատարությամբ մեզ ուղեկցեց դեպի ավտոբուս, որտեղից ուղեւորվեցինք «Անեմոն» հյուրանոց: Սա ամենամեծ հյուրանոցներից մեկն է Մալաթիայում, որի բակում լեռնային թարմ օդը զգացնել էր տալիս Արեւմտյան Հայաստանի, կամ, ինչպես մեր թուրք գործընկերներն էին ասում` Թուրքիայի անատոլիական հատվածի տարբերությունն այդ երկրի եվրոպականացված մասից: Առավոտյան հյուրասրահում սպասում էինք Մալաթիայի հայերի «Հայդար» միության ներկայացուցիչ Սերդար Բոյաջիին: 1 միլիոն բնակչությամբ քաղաքում բնակվում են ընդամենը 55-56 քրիստոնյա հայեր, ովքեր չեն թաքցնում իրենց ինքնությունը: Մինչդեռ կան նաեւ իրենց ինքնությունը թաքցնող շուրջ 150 հայեր: Ս. Բոյաջիի ասելով` իրենց ինքնության մասին հրապարակավ խոսող հայերին գիտեն գրեթե բոլորը: Նշյալ հայերը, սակայն, խոսում են բացառապես թուրքերենով: Մալաթիայում նույնիսկ հայկական անունը կարող է խնդիր առաջացնել: Ս. Բոյաջիի փոխանցմամբ` իր հոր անունը Սարգիս էր, բայց թուրքական շրջանակներում նրան անվանում էին Յաշար: «Երբ հարցրեցի հորս, թե ինչո՞ւ ինձ էլ հայկական անունով չեն կոչել, նա ասաց, որ այդ դեպքում ես շատ խնդիրներ կունենայի»,- ասաց Ս. Բոյաջին: Չնայած դրան, նա իր երկու որդիներին հայկական անուններ է տվել` Սարգիս եւ Արետ: Սարգիսը 18 տարեկան է եւ համալսարանի հաջողակ ուսանողներից է, իսկ Արետը` 11 տարեկան է: Մալաթիայում պահպանված հայկական կառույցներից մնացել են ընդամենը երեք հայկական եկեղեցիներ, որոնցից երկուսը խոնարհված են, իսկ մեկը վերածվել է մզկիթի, ինչպես նաեւ պահպանվել է հայկական գերեզմանատունը:

Հայկական եկեղեցում

Ս. Բոյաջիի բարեկամը` Արմանը, իր մոտ է պահում Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու բանալիները: Նա Մալաթիայի հայերից է, եւ ինչպես ասաց` որեւէ խնդիր չունեն քաղաքում: Մինչ եկեղեցի մտնելը մեզ նախապես զգուշացրեցին, որ իրենք քաղաքապետարանից թույլտվություն չեն ստացել եկեղեցի մտնելու համար, եւ, որ դա կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ իրենց համար: Մենք հնարավորություն ունեինք արագ լուսանկարել այն: Եկեղեցու դուռը բացվելուն պես մեր աչքի առաջ երեւաց իր պատերը հպարտ պահպանած հոգեւոր կառույցը: Եկեղեցու կենտրոնում խոտի հետ միախառնվել էր աղբը, իսկ պատերի խոռոչներում վառված մոմեր էին: Դրանք հիշեցնում էին երբեմնի աղոթքների մասին: Եկեղեցու դռան մոտ կանգնած Արմանը, որին միացել էր նաեւ մալաթիահայ Մուրադը, տխուր ժպտում էին` տեսնելով մեր այլայլված հոգեվիճակը: Վերջիններս կահույքագործ էին: «Ծնվել եմ Մալաթիայում, եւ այստեղ մենք որեւէ խնդիր չունենք, ծնվել-մեծացել ենք այստեղ: Թուրքիայի Մշակույթի նախարարությունը վերակառուցելու է այս եկեղեցին, եւ այդ որոշումը կայացվել է այս տարի»,- ասաց Մուրադը: Ի դեպ, Սուրբ Երրորդություն եկեղեցին վերակառուցումից հետո դառնալու է կա՛մ մշակույթի կենտրոն, կա՛մ գրադարան: Այդտեղից մենք ուղեւորվեցինք Մալաթիայից մոտ 20մ հեռավորության վրա գտնվող Չամռլու Վենք գյուղը, որն այժմ բնակեցված է քրդերով եւ թուրքերով:

«Այստեղ ապրում էին հայեր»

Չամռլու Վենք գյուղի կոլորիտային բաղադրիչներից մեկը տանիքներում տեղադրված տակառներն էին, որոնք, ըստ տեղացիների, օգտագործում են արեւի ջերմությամբ ջուրը տաքացնելու համար: Ցեխառատ ճանապարհին ավտոբուսը կանգնեց, այնտեղ հանդիպեցինք գյուղի երեք երիտասարդ աղջիկների: Ընդ որում` գյուղն իր անունը ստացել է հենց իր ցեխառատ լինելու պատճառով: «Այս գյուղում հայերը շատ են հանգստանում: Նրանք ամեն ամառ գալիս են Ստամբուլից եւ Ամերիկայից: Մենք շատ ենք սիրում հայերին եւ շատ մոտ ենք նրանց հետ»,- պատմում էր գյուղի աղջիկներից Շադիեն, ով աշխատում է հիվանդանոցում: «Նախքան թուրքերի գալն այս գյուղ, այստեղ ապրում էին հայերը, բայց հիմա հայեր չկան այստեղ: Կա միայն մի հայկական եկեղեցի: Ամռանը հայերը գալիս են հանգստանալու, բայց միշտ չեն ապրում այստեղ: Մենք էլ ունենք շատ մոտ հայեր, որոնք այցելում են մեզ»,- նշեց Շադիեն` ավելացնելով, որ գյուղի անվանումը մնացել է հայերից, եւ իրենք չեն փոխել անունը: 150 բնակչություն ունեցող գյուղում պահպանվել են Շադիեի նշած հայկական եկեղեցու հետքերը: Բնակելի տների հողամասով անցնելով` հասանք նշյալ վայրը, որտեղ հարեւանությամբ, այսպես ասած` «ապրում» են քրիստոնեական եկեղեցու բեկորն ու մուսուլմանների հավաքատեղին: Նախկինում այս վայրում էր գտնվում Սբ. Գրիգոր եկեղեցին, իսկ այսօր այն ավելի շատ վերածվել է հավերի «զբոսավայրի»: Մինչդեռ նախկինում, մալաթիահայերի «Հայդար» միության ներկայացուցչի խոսքով (իր պապերի պատմելով)` հիշյալ վայրը Գր. Լուսավորչի տոնին եղել էր ուխտագնացության վայր: Վերջինիս ասելով` Թուրքիայի իշխանություններն այն վերակառուցելու են կա՛մ որպես թանգարան, կա՛մ մշակութային կենտրոն: Եվ մինչ լսում էինք այս պատմությունը, մոտակայքից ավելի քան լսելի էր դառնում մուսուլմանական աղոթքի` նամազի ձայնը:

Մզկիթի վերածված եկեղեցին

Մալաթիայի ծիրանի շուկա գնալու ճանապարհին տեսանք մզկիթի վերածված հայկական եկեղեցին: Սա հայկական եկեղեցիներից երրորդն է, որի մասին պատմում էր Ս. Բոյաջին: Նախկին եկեղեցին շրջապատված է առեւտրային կետերով, եւ տեղի թուրքերի համար այլեւս խիստ սովորական է երեւույթը, այնպես, ինչպես մզկիթի հարեւանությամբ հաշմանդամ մանրավաճառի առօրյա առեւտուրը կամ մզկիթի ջրավազանում նամազից առաջ ոտքեր լվանալը:

Մալաթիայի փողոցներում

Մալաթիայում, ինչպես անատոլիական հատվածի մյուս քաղաքներում, քաղաքաշինությունը զարգանում է դինամիկ տեմպերով: Չնայած դրան, քաղաքը պահպանում է նաեւ թուրքական կոլորիտը` ցածր աթոռներով թեյարանները, կոշիկ մաքրողները, որոնք գումարը վերցնում են` ըստ կոշիկի չափերի: Ի տարբերություն մյուս քաղաքների, այստեղ առավել քան շատ են չրեղենի խանութները: Ծիրանն ընդհանրապես Մալաթիայի խորհրդանիշն է եւ նաեւ` տեղի առեւտրականների «բրենդը»: Իսկ քաղաքի ծիրանի շուկան, այսպես ասած` տեսարժան վայրի է վերածվել: Մալաթիահայ Արմանի ասելով` Մալաթիայում ծիրանի բերքը կազմում է տարեկան մոտ 150-160.000 տոննա: Ծիրանի շուկան, սակայն, փակ էր մեր այցելության պահին: Քաղաքում տարածված է նաեւ բրդի, բամբակի առեւտուրը: Սակայն քաղաքը տարբեր է գիշերային ժամերին:

Գիշերային Մալաթիայում

Գիշերային Մալաթիայում մարդկանց անցուդարձն ավելի քիչ է, եւ ավելի շատ են երիտասարդ տղաների խմբավորումների «զբոսանքները»: Մալաթիայի ճանապարհին մեր զբոսաշրջավարը պատմում էր տարիներ առաջ Մալաթիայում գոյություն ունեցող ազգայնական ընդհատակյա խմբավորումների մասին, որոնք հարձակումներ էին գործում քրիստոնյա հայերի վրա` սպանելով նրանց: Նրա այս պատմությունն այնքան հեռու ու անհավանական էր գոնե ինձ համար: Ուշ երեկոյան, ընթրիքից հետո, երբ սպասում էինք մեր խմբի ավտոբուսին, ես եւ գործընկերներիցս մեկը մտանք կանգառի անմիջապես դիմաց գտնվող խանութ` մեր գտնվելու վայրի մասին նախապես զգուշացնելով խմբի անդամներին: Ընդամենը մի քանի րոպե անց խանութից դուրս գալով` մենք չգտանք լրագրողական խմբի ո՛չ ավտոբուսը, ո՛չ լրագրողներին: Մոտ կես ժամ սպասելով նշյալ կանգառում, մենք այդպես էլ չգտանք մեր խմբի անդամներին եւ ակնհայտ թիրախ դարձանք այդ խմբավորումներից մեկի համար: Դժվար է ենթադրել, թե ինչ կլիներ դրա զարգացումը, եթե առաջին պատահած տաքսին չկանգնեցնեինք: Տաքսու թուրք վարորդը, նկատելով փողոցի` մեզ հետապնդող խմբավորումը, փոքր-ինչ շփոթվեց, հետո ժպտալով ու «ջարդված» անգլերենով ասաց, որ Մալաթիայում շատ վտանգավոր է ուշ ժամերին փողոց դուրս գալը… Մինչդեռ ես շատ կուզեի հավատալ մալաթիահայ Մուրադի խոսքերին, որ Մալաթիայում որեւէ խնդիր չկա…

Մալաթիա-Երեւան