«Կարճ ֆիլմը լավ անձնագիր է հետագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու համար»

31/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) շարունակվում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որտեղ, հայ հեղինակներից բացի, ներկայացվում են նաեւ օտարազգի բավականին հետաքրքիր ռեժիսորների ֆիլմեր:

Հարկ է նշել, որ ՆՓԱԿ-ն այն տարածքն է, որտեղ, մասնավորապես, հայ արվեստագետները հնարավորություն ունեն անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնց կինոյի լեզվով էկրանավորումը, համենայնդեպս, չի խրախուսվում պետական ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմերում, կամ դրանց հեռուստատեսային ցուցադրությունն առհասարակ «արգելված» է: Այսինքն` սա այն հարթակն է, որտեղ ստեղծագործողի մտածողության, նրա շոշափած խնդիրների նկատմամբ տաբուներ չկան, հետեւաբար փառատոնին ներկայացված ֆիլմերի կոնտեքստում բավականին խնդրահարույց եւ համարձակ ներքաղաքական, աշխարհաքաղաքական շեշտադրումներ կան: «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ, գրող, կինոսցենարիստ, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը (ով նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ժյուրիի անդամ է եղել) ֆիլմերի մի մասն արդեն հասցրել է դիտել, որոնցից քիչ ֆիլմեր է գնահատել միջինից ցածր: «Ամեն ֆիլմի մեջ ինչ-որ գյուտ, մտահղացում կա, կամ` տեխնիկական լուծումներն են արտառոց, որը կինոյի համար գնահատելի է: Ինչպես նաեւ կինոյի համար շատ գնահատելի է ֆիլմի աշխատատարության հաղթահարումը: Ընդհանուր առմամբ` շատ մեծ սպասելիքներ չունեի, բայց ինչ տեսել եմ մեկ կադրով նկարած ֆիլմերից եւ կարճ ֆիլմերից` ավելին էր, քան սպասում էի: Կարճամետրաժ ֆիլմերը շատ կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին քայլն են դեպի մեծ կինո: Այսինքն, եթե մարդը կարողանում է նկարել թեկուզ 15-20 րոպեանոց ֆիլմ, այդտեղ երեւում են նաեւ պրոդյուսերական ունակությունները` աշխատանքի կազմակերպումը, թիմային աշխատանքը, դերասանների, օպերատորի ընտրությունը, նրանց հետ աշխատանքը: Կարճ ֆիլմը նաեւ լավ անձնագիր է, որպեսզի ռեժիսորը կարողանա հետագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու հնարավորություն ձեռք բերել»,- ասում է Վ. Մարտիրոսյանը` հավելելով, որ հայաստանյան ռեժիսորները զարմանալիորեն շատ պասիվ են, եւ կինոդիտումներին քչերն են մասնակցում: Օրինակ` «Քյունօֆֆ 2011 օնլայն կինոփառատոնի» ընթացքում ՆՓԱԿ-ում ցուցադրվում էին փառատոնային ֆիլմեր, սակայն հայ ռեժիսորներից որեւէ մեկը ներկա չէր գտնվում: «Քյունօֆֆ»-ից բացի, ցուցադրվում են նաեւ «Դեբոշիրի» փառատոնային ֆիլմերը` որոնց մեծ էկրանով դիտման հնարավորություն ամեն օր չէ, որ ունենք, իսկ կինեմատոգրաֆիայով հետաքրքրված մարդկանց համար այս փառատոնային ֆիլմերի ցուցադրումը պետք է մեծ իրադարձություն լիներ: Կինոաշխարհում տեղի ունեցող ինֆորմացիան որսալու հանդեպ մեր ռեժիսորների անտարբերությունը Վ. Մարտիրոսյանը պայմանավորում է կրթության պակասով, քանի որ իրադարձություններին օպերատիվ հետեւելը մարդուն կրթում եւ նոր գիտելիքներ է հաղորդում, մանավանդ, որ այդ տեղեկատվությունը տարածվում է ոչ պակաս տաղանդավոր մարդկանց միջոցով: Ութօրյա այս փառատոնի հասարակական հետաքրքրությունն, այնուամենայնիվ, Վ. Մարտիրոսյանը բարձր է գնահատում, քանի որ կինոդիտումների այցելություններն ակտիվ են: Մասնավորապես` քննարկումների հանդեպ մեծ հետաքրքրություն կա. «Կարող եմ ասել, որ հսկայական հաջողության են հասել փառատոնի կազմակերպիչները, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ իրենք չունեն ոչ արտասահմանյան, ոչ էլ` տեղական պետական կամ մասնավոր որեւէ հիմնադրամի աջակցություն»: Ի դեպ, թեեւ, ըստ մամուլի` կարճամետրաժ ֆիլմերում հայ հեղինակների գործերը շատ քիչ են, եւ այդ անվանակարգում հայտ են ներկայացրել հիմնականում օտարերկրյա հեղինակները, այդուհանդերձ, Վ. Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ճիշտ հակառակը` հայկական արտադրության կարճ ֆիլմերի պակաս այդ անվանակարգում չկա:

Մշակույթի նախարարությունն էլի բացակա է

«Մեկ կադր» կինոփառատոնը մասնավորապես երիտասարդ հեղինակների համար ինքնադրսեւորվելու եւ մեծ կինո մուտք գործելու տարածք է: Այն ինչ-որ իմաստով նաեւ արտացոլում է հայաստանյան երիտասարդ կինոռեժիսորների արտադրանքն ու ստեղծագործական պոտենցիալը: Ցավոք, փառատոնի ընթացքում մենք Մշակույթի նախարարության կամ Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների չհանդիպեցինք, ինչը փաստում է այն մասին, որ մեր կինոոլորտի պատասխանատուներն ամենեւին էլ հետաքրքրված չեն երիտասարդ ներուժով: Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը Ժամանակակից արվեստի վարչություն ունի, որին վերապահված է նաեւ ֆիլմարտադրության կառավարումը: Հետեւաբար` Կինոյի բաժնի ներկայացուցչի բացակայությունը «Մեկ կադր» փառատոնին եւս մեկ անգամ փաստում է, որ Մշակույթի նախարարության դերն ու գործառույթների կատարումն ընդհանրապես բացակայում է հայաստանյան մշակութային դաշտում: Այս փառատոնի ընթացքում մշակույթի ոլորտի գործառույթները ստանձնած գերատեսչության համապատասխան բաժնի աշխատակիցը գոնե կարող էր ծանոթանալ, թե ինչպե՞ս է մտածում երիտասարդ ռեժիսորը, կամ ի՞նչ արտադրանք է տալիս այսօրվա երիտասարդ ստեղծագործողը: Այն դեպքում, երբ փառատոնին ներկայացված շնորհալի հեղինակների համար կարելի էր ճանապարհ բացել պետական աջակցությամբ: Կամ` ցուցադրված ֆիլմերից որեւէ մեկը կարող էր պետության հետաքրքրությունը շարժել: Արդյո՞ք պետական ֆինանսավորմամբ գոյատեւող Կինոկենտրոնին հետաքրքիր չէր Հայաստանի ֆիլմարտադրության այս հատվածի աշխատանքը կամ առհասարակ փառատոնը… Վ. Մարտիրոսյանը նույնպես ՆՓԱԿ-ում Մշակույթի նախարարության կամ Կինոկենտրոնի ներկայացուցիչներին չի տեսել: «Ես Կինոկենտրոնի գործունեությունը գնահատելու մեկ չափանիշ կարող եմ մատնանշել. Պետբյուջեի փողերով նկարահանվող «Սողանք» ֆիլմն արդեն յոթ տարի նկարվում է, բայց չի ավարտվում: Յոթ տարի է, ինչ ֆիլմը թողարկման ընթացքում է, եւ մինչեւ հիմա որպես սցենարիստի` ինձ հետ պայմանագիր կնքված չէ: Ուզում եմ հասկանալ, թե ինչքան պիտի շարունակվի: Մեր հայկական շատ մշակութային հաստատություններ ես կաֆկայական դղյակի նման տեղ եմ պատկերացնում ու սպասում եմ, թե ե՞րբ են ասելու` արի պայմանագիր կնքենք: Ավելին` վեպի էկրանավորման իրավունքներն արդեն սպառվել են, եւ նրանք այդ իրավունքն էլ չունեն: Այսինքն` ինձ պետք չէ ամբողջ ծավալով գնահատել Կինոկենտրոնի գործունեությունը, որովհետեւ ինձ բավարարում է միայն այն, թե ինչպես են ինձ հետ աշխատում իրենք»,- ասում է Վ. Մարտիրոսյանը: Խնդիրն այն է, որ Կինոկենտրոնը Վ. Մարտիրոսյանից հինգ տարվա պայմանագրով գնել է նկարահանման իրավունքները, որի ժամկետը սպառվել է մեկ տարի առաջ: Այսինքն` այդ իրավունքն այլեւս Կինոկենտրոնին չի պատկանում, իսկ որպես սցենարիստի (Վ. Մարտիրոսյանը սցենարի համահեղինակն է)` նրա հետ ընդհանրապես պայմանագիր չի կնքվել: Ուշագրավն այն է, որ 7 տարի շարունակ պետբյուջեի գումարներով նկարահանվող «Սողանք» ֆիլմի արտադրությունն իրավական դաշտում չէ: Ի դեպ, նշենք, որ երեկ մեզ զանգահարեցին Կինոկենտրոնից եւ հրավիրեցին «Կաննի» փառատոնից վերադարձած` Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի այսօրվա ասուլիսին: Գ. Գեւորգյանը սովորաբար «Կաննի» փառատոնից հետո այնպիսի հայտարարություններ է անում, որոնք երբեք իրականություն չեն դառնում: Օրինակ, ասում էր` հնդիկ մի մագնատ խոշոր գումարներով համատեղ ֆիլմեր արտադրելու առաջարկություն է արել, կամ Սթիվեն Սփիլբերգը Ցեղասպանության թեմայով ֆիլմ է նկարահանելու, եւ այլն: Հետաքրքիր է, սակայն, իմանալ` երբ «Կաննի» փառատոնի քննարկումների ժամանակ Գ. Գեւորգյանից հետաքրքրվում են երիտասարդ հայ ռեժիսորների արտադրանքով, նա ի՞նչ է պատասխանում կամ արդյո՞ք պատասխանում է մի հարցի, որի մասին տեղեկություն չունի: Ինչեւէ, ասուլիսը լուսաբանելու փոխարեն` մենք առաջիկայում Գ. Գեւորգյանի հետ հարցազրույց կներկայացնենք, որտեղ կանդրադառնանք թե՛ «Մեկ կադրին», եւ թե՛ նրա կողմից իրականություն չդարձած հայտարարություններին:

Նաեւ նշենք, որ «Մեկ կադր» փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն նույնպես հաստատեց այն համոզմունքը, որ Մշակույթի նախարարությունը հետաքրքրված չէ կինեմատոգրաֆիական երիտասարդ ներուժով, քանի որ նրանց կողմից այս փառատոնն արժանացել է տոտալ անտարբերության: Եթե նախորդ տարիներին ՆՓԱԿ-ը հրավիրում էր նախարարության պաշտոնյաներին, ապա այս տարի նույնիսկ նպատակահարմար չի գտել հրավիրատոմս ուղարկել: Ավելին` Գ. Ղազարէն փառատոնի շրջանակներում փորձել է համագործակցության դաշտ ստեղծել նաեւ հեռուստաընկերությունների հետ, որոնք, սակայն, չեն արձագանքել: Մնում է ենթադրել, որ թե պետական կառույցներին, թե հեռուստաալիքներին վախեցնում է էկրանավորված ֆիլմերի ազատ «խոսքը» կամ, տվյալ դեպքում` կադրը: Ի վերջո, այս փառատոնի բուն էությունը նաեւ կինոյի լեզվով ազատ խոսքի վերարտադրությունն ու էկրանավորումն է: Փառատոնն, ընդհանուր առմամբ, բացի հեղինակների ռեժիսորական պրոֆեսիոնալիզմը գնահատող ստուգատեսը լինելուց, նաեւ հետաքրքիր է թեմատիկ բազմազանությամբ: Ուստի բնական է Մշակույթի նախարարության, Ազգային կինոկենտրոնի եւ հեռուստաընկերությունների պասիվ կեցվածքը, քանի որ նրանք «ազատ խոսքից» գլխապատառ փախչում են:

«Գիլան, կարկուտից հետո» ֆիլմի հերոսն իշխանություններին կրթում է

Դժվար է հավատալ, որ իրականությունն արտացոլող որոշ ֆիլմեր կարող են ցուցադրվել հեռուստաալիքներով: Օրինակ` Արթուր Սախկալյանի «Գիլան, կարկուտից հետո» ֆիլմի հերոսների կենցաղավարության կինոյի լեզվով վերծանումը` ուղիղ իմաստով առաջ է քաշում հայաստանյան քաղաքական, հասարակական եւ տնտեսական կյանքին վերաբերող հարցադրումներ: Հեռավոր գյուղում բնակվող մի քանի տնտեսություններ գոյատեւում են գյուղական ինքնավարությամբ, որտեղ «պետական իշխանություն» կոչվածը միֆ է, եւ կարելի է ասել` ընդհանրապես բացակայում է: Ֆիլմի հերոս ծերունին բնորոշում է արտագաղթած զավակների կարոտով, դժվար կյանքով գոյատեւող շարքային գյուղացուն, ով, չնայած բազմաթիվ դժվարություններին, այդուհանդերձ, անծանոթ հյուրերին «պատվում» է իր ունեցած վերջին կտոր հացով: Հետաքրքիր են նաեւ նուրբ մանրուքների տեսարանները, որտեղ ոչինչ չի ասվում, փոխարենը` լռության մեջ ֆիլմի հերոսները ճաշում են` լավաշով, սոխով եւ անհասկանալի բաղադրությամբ ապուրով: Ընդհանրապես ֆիլմում ընտանեկան ճաշի անդրադարձը պահպանվում է սյուժետային գծով, որի միտումը հավանաբար հայաստանյան գյուղական համայնքների սոցիալական իրավիճակի վերարտադրումն է: Դոկումենտալ ֆիլմի հերոս այս ծերունին հիմնավորում է գյուղերի դատարկման շարժառիթները, դրանց դրդապատճառները մեկ առ մեկ մատնանշելիս` նա միաժամանակ տեսախցիկն անկեղծորեն ընկալում է իբրեւ ուղիղ ճանապարհ` դեպի իշխանությունների «ականջը»: Կոմունիզմից մինչեւ այսօրվա ժամանակաշրջանի ակտուալ խնդիրներին անդրադառնալով` նա ամեն խոսքի հետ կարեւորում է մարդու կրթությունն ու գիտելիքների իմացությունը: «Գիլան, կարկուտից հետո» ֆիլմը հայաստանյան լքված գյուղերի, ապրելու մշակույթի, անհաղթահարելի կենցաղավարության, խեղաթյուրված արժեհամակարգի, արտագաղթի շարժառիթների արտացոլանքն է, որը թեմատիկ իմաստով դիպուկ է եւ քաղաքական հարցադրումներ է առաջ քաշում շարքային գյուղացիների շուրթերով: