Նալբանդյան 106/1 հասցեում, որտեղ բնակչությունը արդեն մոտ երկու տարի պայքար է մղում ապօրինի շինարարության դեմ, նախօրեից վերսկսվել են խլրտումները: Բնակիչների փոխանցմամբ` նախօրեին տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ տարածք են եկել Գազի վարչության աշխատակիցները, ովքեր, սակայն, պնդել են, թե որեւէ կապ չունեն տարածքում նախատեսվող շինարարության հետ: Իրենց ասելով` նրանք քաղաքապետարանից թույլտվություն են ունեցել Նալբանդյան 104 եւ 106 շենքերի գազատար խողովակի տեղափոխման համար, սակայն բնակիչների պահանջով նրանք որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Երբ աշխատանքները ընթացք են ստացել, եւ խաթարվել է շրջակա շենքերի գազամատակարարումը, քաղաքացիներն ահազանգել են քաղաքապետարան, որտեղից բնակիչներին հայտնել են, թե իբր խողովակաշարի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են հրշեջ մեքենայի ելումուտը ապահովելու նպատակով, ինչը անվտանգության պահանջ է: Այնուամենայնիվ, ինչպես եւ կանխատեսել էին բնակիչները, երեկ վաղ առավոտյան, ժամը 7:00-ի սահմաններում, «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 106/1-ի ներբակային տարածք է մտցրել շինարարական տեխնիկա: Ակնհայտ է, որ տարիներ շարունակ անցկացված գազատարի հանկարծակի տեղափոխումը պատվիրված էր հենց այս նպատակով, իսկ շինարարները, ինչպես եւ անցյալ տարի նույն բակում դեռեւս չկառուցված էլիտար շենքի կոյուղագիծ անցկացնելիս, կրկին խաբել են բնակիչներին` սեփական նպատակին հասնելու համար: Հիշեցնենք նաեւ, որ համաձայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի` 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության` «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն: Նշված բակի բնակիչները հունիսի 2-ին, ժ. 12:00-ին Նալբանդյան 106 հասցեում` նախկին մանկապարտեզի մուտքի մոտ, պատրաստվում են հերթական բողոքի ակցիան անցկացնել` ընդդեմ իրենց համար խիստ անցանկալի կառուցապատման ծրագրի:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն