«Հոգեկան առողջությունը վնասված է»,- ասում է Գերմանիայում աշխատող կոնֆլիկտաբան-մարդաբան Սերգեյ Բաբայանը

31/05/2012

– Ըստ Ձեզ` ինչի՞ հետեւանք են հոգեկան առողջության խնդիրները:

– Եթե հոգեկան կյանքն ինքնահոսի է տրված, ապա այն արդեն դառնում է անառողջ: Ես չեմ կարծում, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն առողջ ներքին կյանք: Ժամանակակից մարդու համար հոգեկան կյանքը դատապարտված է լինել անառողջ: Առողջության նախապայմաններ կան, իսկ նորմալ հոգեկան կյանքն ինքն անառողջ է: Ես կասեմ, որ հոգեկան առողջ կյանքը շեղում է, իսկ նորմալ վիճակն` անառողջ: Ես կարող եմ խոսել հոգեկան առողջության պայմանների մասին: Նախ` մարդ պետք է ունենա ինքնագիտակցություն, իսկ դա նշանակում է, որ ինքը` որպես կողքից դիտորդ, պետք է կարողանա տեսնել իր հոգեկան կյանքը: Դա ինքնըստինքյան, բնական վիճակում չի կատարվում. մարդ պետք է ինքն իր մեջ վարժեցնի: Իսկ դրանից բխում է շատ կարեւոր մի բան. եթե մարդ տեսնում է իր հոգեվիճակը, ապա նա կարող է սեփական «ես»-ն էմանսիպացնել (պոկել, տարանջատել) ցանկացած հոգեվիճակից` չթողնելով այն դրա մեջ թաթախված եւ ձուլված: Հաջորդ նախապայմանը սեփական «ես»-ի ինքնության ներկայությունն է մարդու սեփական կյանքում, երբ նա դառնում է դիտորդ, տեսնում է ցանկացած հոգեվիճակ, տեսնում է` ինչն է առողջ, ինչն է անառողջ, եւ ձգտում է առողջ վիճակին: Առողջ վիճակը պահանջում է ձգտում: Եթե մարդն իր ներքին կյանքում չի ստեղծագործում, նա չի կարող լինել առողջ: Երրորդ պայմանը բխում է երկրորդ պայմանից: Բնության կողմից մարդը տրված չէ պատրաստի վիճակում: Գոյություն ունի հոգեկան կյանքի 3 բաղադրիչ` մտային, հուզական եւ կամային: Եթե երեքից մեկը թերի է զարգացած, ուրեմն չկա ներքին ներդաշնակություն: Իսկ այդ պարագայում տարբերակները մի քանիսն են: Հոգեկան առողջության խնդիրն այն է, որ մարդը կարողանա այդ երեքն առանձին-առանձին եւ միասին տանել զարգացման: Ինչպես արվեստագետն է աշխատում նյութի հետ, այդպես էլ մարդը պետք է կարողանա աշխատել իր հոգեվիճակի հետ: Իսկ եթե նա դրանով չի զբաղվում, ապա նա անխուսափելիորեն հիվանդանում է հոգեպես: Այդ առումով հոգեկան առողջությունը մարդու կյանքում դառնում է շատ կարեւոր բեւեռ: Դա անընդհատ գործընթաց է: Արվեստագետը չի կարող ստեղծել մի կտավ եւ բավարարվել դրանով. ինքն անընդհատ ստեղծագործում է: Այդպես էլ մարդու հոգեկան կյանքն է:

– Իսկ շրջապատում գտնվողները կարո՞ղ են կանխել` նկատելով, որ մարդու մոտ առաջանում է հոգեկան առողջության խնդիր:

– Հոգեկան բոլոր վիճակները ջրի երես են դուրս գալիս մերձավորի հետ շփվելիս: Հեռվից շփվողները կարող են չիմանալ դա: Կարծում եմ` նախ մարդն ինքը պետք է իրենով զբաղվի: Դա ներքին հիգիենա է, եւ դա մարդու պարտականությունն է այնպես, ինչպես ամեն օր ատամները լվանալը կամ լոգանք ընդունելը: Եթե ես օրական երկու ժամ կարող եմ ինձ նայել հայելու մեջ, ինչո՞ւ չեմ կարող գոնե տասը րոպե նայել իմ հոգու մեջ: Հոգու մեջ նայելը պետք է լինի անաչառ, սառնասիրտ, օբյեկտիվ` առանց ներքին մեղադրանքի կամ գոռոզության: Եթե մարդ իր ներքին վիճակը տեսնում եւ գիտակցում է, ապա դա դառնում է հիմք` առողջանալու համար: Եվ պարտադիր չէ դիմել հոգեբանի. յուրաքանչյուր մարդ ինքը կարող է դա անել: Հոգեկան առողջության համար հիմա կարեւորը եւ ամենաբարդը ճիշտ ախտորոշման ձեւերը գտնելն է: Եթե ճիշտ է ախտորոշված հիվանդությունը, ապա դա բուժման 70%-ն է: Ընդհանրապես սոցիալական կյանքի խնդիրը կայանում է նրանում, որ մարդ շտկում է իրեն: Դա բարդ սոցիալական խնդիր է: Դա նաեւ սոցիալական այնպիսի կառույցների առաքելությունն է, ինչպիսին է եկեղեցին, պետաիրավական համակարգը: Նույն կրթական ոլորտի (ընտանիք, մանկապարտեզ, դպրոց) խնդիրն է: Երեխան շատ խոցելի է, ինքը կայանում է եւ պետք է մինչեւ հասուն դառնալը ներդաշնակ ձեւով զարգանա, որ ինքն իր վրա աշխատի: Կրթության հարցը նաեւ մարդու կամային որակների եւ հուզական կյանքի` զգացմունքների ձեւավորումն է: Վերջինին ծառայում է արվեստը, եւ պարտադիր չէ, որ մարդը նկարիչ կամ երաժիշտ դառնա. նա ուղղակի կարող է զբաղվել նկարչությամբ, երաժշտությամբ: Կամային որակները ձեւավորում են արհեստները. երեխան պետք է որեւէ գործ սկսի եւ այն հասցնի ավարտին: Մենք մոռացել ենք այդ բաների մասին:

– Որպես մասնագետ` Դուք ինչպե՞ս եք տարանջատում հոգեկան առողջ վիճակն անառողջ վիճակից:

– Ինձ համար «առողջություն» եւ «հիվանդություն» հասկացությունները մի քիչ ավելի լայն են: Ցանկացած մարդկային սովորություն, ձգտում, տեսակետ, գաղափարախոսություն, ճաշակ, որի մեջ մարդը թաթախված եւ ձուլված է, եւ որը մարդը չի տեսնում կողքից, միանշանակ իրեն բերելու է հոգեկան անառողջության, որովհետեւ մարդը կայացող էակ է: Չի կարելի ասել, որ մարդը կա, որովհետեւ մարդը, ի տարբերություն կենդանիների, կայանում է: Մարդու դեպքում շատ կարեւոր է իր ներքին զարգացումը: Համարում եմ, որ շատ քչերն են, որ կայանում են որպես մարդ: Իսկ մնացածներն ունեն հնարավորություն, որն իրենք պետք է օգտագործեն, իսկ ես կարող եմ ընդամենը օգնել: Իմ պրակտիկայում, իհարկե, եղել են նման դեպքեր, բայց ես` որպես կոնֆլիկտաբան, ոչ թե պետք է արտաքին գործողությունների կամ մանիպուլյացիաների միջոցով մարդուն բերեմ նորմալ վիճակի, ինչն արհեստական կստացվի եւ աննորմալ կլինի, այլ ինքը` մարդը, պետք է կարողանա սեփական ուժերով փոփոխության բերել ներքին որակները: Մերօրյա հոգեբաններից շատերին ձեռք է տալիս ժամանակակից անառողջ վիճակն այնպես, ինչպես մեքենա նորոգող արհեստավորին է ձեռք տալիս մեքենայի անսարքությունը: Արեւմուտքում հոգեբանի աշխատանքն ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից է (ժամավճարով` մոտ 300 դոլար): Կախվածությունը մասնագետից նույնպես հոգեկան անառողջ վիճակ է: Կախվածության առումով այդ հոգեբաններին կարող են փոխարինել աղանդները, կրոնական կազմակերպությունները («Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ» եւ այլն): Հոգեբանների դաշտը` որպես մասնագետի, Հայաստանում այնքան էլ զարգացած չէ. ճիշտ հիմքերի վրա գործող ծառայություն կարելի է հազվադեպ գտնել: Իսկ տարբեր տեսակի թուղթ ու գիր, վախ հանողներ, ովքեր մարդուն օգնելու փոխարեն` վնասում են, շատ-շատ կան:

– Ինչի՞ կարող է հանգեցնել հոգեկան առողջության նկատմամբ մեր հասարակության անուշադիր վերաբերմունքը:

– Ժամանակակից կյանքը` ինտերնետ, հեռուստատեսություն, զոմբիացնում է մարդուն: Հանրային արժեքները, որոնք մարդու համար ընդունված են որպես նպատակ («քցել», խաբել, տրորել, գողական աշխարհ, փող, իշխանություն, լինել լկտի), ոչ թե սնունդ, այլ թույն են մարդու համար: Եթե մարդն իր մեջ պարունակում է նման որակներ (իշխանության ձգտելով` կիրառել ուժ, եւ այլն), ապա նա առողջ լինել չի կարող: Ժամանակակից հանրությունը սպառողների հանրություն է: 21-րդ դարում հետզհետե հոգեկան առողջությունը դառնալու է շատ հազվադեպ երեւույթ, որովհետեւ վտանգված է նաեւ մանկությունը: Ծնողները կորցրել են իրենց ծնողական բնազդը: Եթե 3-4 տարեկան երեխան կարող է ժամերով նստել համակարգչի դիմաց, 7-9 տարեկան երեխան կարող է ժամերով հեռուստատեսությամբ դիտել սերիալ (որտեղ ցույց են տալիս աշխարհիկ հեղինակություններին, գողական աշխարհի ներկայացուցիչներին) եւ դուրս գալով փողոց` փորձել նմանվել այդ կերպարներին, էլ ի՞նչ հոգեկան առողջության մասին կարող է խոսք լինել: Հոգեկան առողջությունը վնասված է, եւ այդ վնասվածությունը վիրուսի նման տարածված է: Այսօրվա երեխայի դայակները հեռուստատեսությունն ու համակարգիչն են: Եթե հեռուստատեսությունը ողողված է անորակ հաղորդումներով, թող ծնողներն անջատեն հեռուստացույցը եւ երեխաներին տանեն սպորտի կամ երաժշտության խմբակ: Թող իրենց աթոռներից հետույքները պոկեն եւ զբաղվեն երեխայի լուրջ դաստիարակությամբ:

– Հոգեկան առողջության առումով կարո՞ղ եք խոսել մեկ անհատի եւ հանրային առողջության խնդիրների մասին:

– Այո, իհարկե: Եթե առաջին պարագայում դա հոգեբանի կամ հոգեբույժի խնդիրն է, ապա երկրորդի դեպքում դա սոցիալական կյանքը ձեւավորող կառույցների` կրթօջախների, եկեղեցու, վերականգնողական կենտրոնների (թմրամոլների, հանցագործների, բարդ դաստիարակվող անչափահասների, հատուկ կարիք ունեցող հաշմանդամների համար նախատեսված), կոնֆլիկտաբանների ցանցի եւ սոցիալ-թերապեւտիկ կազմակերպությունների խնդիրն է: Կոնֆլիկտաբանների ցանց եւ սոցիալ-թերապեւտիկ կազմակերպություններ, ցավոք, Հայաստանում չկան: Գերմանիայում նմանատիպ կառույցը կարող է 80 տոկոսով ֆինանսավորվել պետության կողմից, իսկ մնացած 20 տոկոսը, ասենք` առողջապահական ապահովագրական ընկերության: Միջին եվրոպական եւ սկանդինավյան երկրներում աներեւակայելիորեն զարգացած է այդ համակարգը: Ես ընդհանրապես համարում եմ, որ պետության զարգացվածության մակարդակը պետք է ճանաչել ոչ թե այնպիսի խայտառակ «ժողովրդավարական» ընտրություններով, ինչպիսին մենք ունեցանք, այլ նմանատիպ կառույցների առկայությամբ: Այսինքն` թե ինչի՞ն է ուղղվում քաղաքացու վճարած հարկը` խոցելի խմբերի ճիշտ սոցիալ-թերապեւտիկ գործունեության ծավալումն ապահովելո՞ւն, թե՞ տարին մեկ անգամ ինչ-որ ասֆալտ փռելուն, որի համար կատարվող ներդրումների 70 տոկոսը գողանում են: Նույն արտասահմանում նախարարը կարող է փտած սիտրեյինով գնալ աշխատանքի, իսկ Հայաստանում` նախարարի տեղակալին էլ է միայն պատիվ բերում ամենաթանկարժեք ու շքեղ մեքենան:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ