«Vertu»-ո՞վ

27/05/2012

Մեր տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ.Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել եւ դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ նույն աղբյուրների, Գ.Ծառուկյանին ինչ-որ պահից բարկացրել են այդ բացատրությունները, ու նա ատրճանակն ուղղել է Հովհաննիսյանի դեմքին: Դրանից հետո է միայն Հ.Հովհաննիսյանը գրել ինքնաբացարկի դիմումը: Նշենք, որ Հ.Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի փորձել հերքել այս տեղեկությունը: Ընդամենն ասել է, թե ինքը հայտարարություն է տարածել եւ ավելացնելու ոչինչ չունի: «Մեկն էլ ինձ հարցնում է, թե Ս.Սարգսյա՞նն է ստիպել, որ ինքնաբացարկ ներկայացնեմ: Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում»,- ասել է նա: Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից մեր թղթակցին չի հաջողվել նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Ի դեպ, տեղեկություններ կան, թե Ս.Սարգսյանը չի ցանկացել նաեւ, որ Վարդան Օսկանյանը եւս պատգամավորական մանդատ ստանա, սակայն Գ.Ծառուկյանին չի հաջողվել Օսկանյանին համոզել: