««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է խիստ կառուցողական դաշտում: Մեր գործունեության հիմքում լինելու է մեկ նպատակ, այն է` ժողովրդի շահը եւ բարօրությունը,- երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով,- Բոլոր այն նախաձեռնությունները, եթե տեսնենք` համահունչ են մեր նպատակներին եւ մեր ծրագրերին, համահունչ են այն խնդիրներին, որոնք այսօր կանգնած են երկրի առջեւ, բնականաբար, մենք դրանց կմիանանք` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը դա կներկայացնի: Իսկ այն օրենսդրական նախաձեռնություններում, որոնք չեն բխում մեր ծրագրերից եւ միտված չեն ժողովրդի շահը սպասարկելուն,
ԲՀԿ-ն իր սկզբունքային դիրքորոշումը կպահպանի»: Հակադարձելով ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով նախօրեին ասել էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ չէ, եւ իբրեւ փաստարկ` նշել այն հանգամանքը, որ կուսակցությունը խորհրդարանում ղեկավարելու է չորս հանձնաժողով, Զոհրաբյանը հայտարարել է. «Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Դաշնակցությունն ընդդիմություն չէ, քանի որ այդ ուժը խորհրդարանում այսօր գլխավորում է երկու հանձնաժողով: Հանձնաժողովի պորտֆելները կապ չունեն կոալիցիա լինել-չլինելու հետ` դա կարգավորվում է Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքով: Եթե չեմ սխալվում` չորս հանձնաժողով ԲՀԿ-ին հասնում է, եւ, բնականաբար, ԲՀԿ-ն կօգտվի օրենքի այդ հնարավորությունից: Ես որեւէ հիմք չեմ տեսնում խորհրդարանական ակտիվ գործունեությունից հրաժարվելու համար»: Նա նաեւ տեղեկացրել է, որ մայիսի 31-ին` նորընտիր ԱԺ-ի գումարման առաջին օրը, ԲՀԿ-ի` կառավարության անդամները վայր կդնեն իրենց լիազորությունները: