Խաղն ավարտվե՞ց, թե՞ նոր է սկսվում

27/05/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երկարատեւ բանակցություններից ու քաղաքական դաշտում լարվածություն պահելուց հետո իշխանության վերնախավում վերջապես որոշեցին, որ այս անգամ նպատակահարմար չէ «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությունը կոալիցիային:

Եվ եթե մինչ այդ քննարկվում էր` ԲՀԿ-ն իշխող Հանրապետական կուսակցության հետ կմտնի՞ կոալիցիա, թե՞ ոչ, հիմա արդեն թիվ մեկ հարց է դարձել այն, թե արդյոք ԲՀԿ-ն կդառնա՞ իրական ընդդիմություն: Քաղաքական շրջանակներում քննարկվող վարկածներից մեկի համաձայն` բացառված չէ, որ շարունակվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու եւ ընդդիմության ձայները ստանալու գործընթացը, հիմա էլ իշխանությունները ցանկանում են դա շարունակել նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Ամեն դեպքում, այդ երկու կուսակցություններից հնչող հայտարարությունները գոնե այս պահին ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կոալիցիային մաս չկազմելով` հազիվ թե կարողանա դառնալ իրական ընդդիմություն: Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ին ճնշելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ նրանք «ընդդիմություն չեն»: Ի վերջո, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ էլ նշված էր, որ իրենք «ունենալու են խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն»: Այս ֆոնին ակնկալիքները, որ ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն, դժվար թե արդարանան:

Բացի այդ, որոշ տեղեկությունների համաձայն` նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ի հասցեին ՀՀԿ-ականները չպետք է շատ խիստ հայտարարություններ անեն: Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցներին հանձնարարել է քաղաքակիրթ «մթնոլորտում» պայքարել ու «սեւ տեխնոլոգիաներ» չկիրառել: Դրանից էլ որոշ հանրապետականներ ենթադրել են (իսկ ոմանք` ներկայացնում են` որպես տեղեկատվություն), որ ԲՀԿ-ի` կոալիցիային չմիանալու պայմանավորվածությունը ԳՄ նիստին նախորդած Սերժ-Սարգսյան-Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան գիշերային քննարկման ժամանակ է ձեռք բերվել: Եվ եթե հանձնարարվել է ԲՀԿ-ի հետ փոխհրաձգությունների մեջ չմտնել, սա նաեւ նշանակում է, որ իշխանությունները ձեռնպահ կմնան ճնշել ԲՀԿ-ին` տնտեսական հարթությունում: Այսինքն` հարկային կամ վերահսկողական մարմիններին չի հանձնարարվի Գ.Ծառուկյանի կամ ԲՀԿ-ական մյուս գործարարների ընկերություններում ստուգումներ իրականացնել, գործարարները կուսակցությունից հեռանալու դիմումներ չեն գրի, Գ.Ծառուկյանի շրջապատի մարդկանց թմրամիջոցներ պահելու կամ խուլիգանություն կատարելու համար չեն ձերբակալի: Եվ ԲՀԿ ղեկավարը կշարունակի մնալ Հայաստանի արտոնյալ ու խոշոր գործարարներից մեկը: Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, այս գործընթացի ամենաարժանահավատ կատալիզատորը կարող է դառնալ այն, թե որքանով ԲՀԿ-ական գործարարներն անցնցում կշարունակեն վարել իրենց` հիմնականում արտոնյալ բիզնեսները, կամ կլինի՞ այդ կուսակցությունից գործարարների արտահոսք: Իհարկե, բացառված չէ, որ այդ կուսակցությանը որոշակի ընդդիմադիր կեցվածք հաղորդելու համար վերահսկիչ ծառայությունները մի փոքր «ստուգեն» ԲՀԿ-ի բիզնեսները, մամուլում աղմուկ բարձրանա, թե իշխանությունները հալածում են նրանց, բայց, մեծ հաշվով, նրանք կշարունակեն իրենց բարգավաճ գործունեությունը:

Անկախ ամեն ինչից` շարունակում է քննարկվել հարցը` ինչո՞ւ երկու կուսակցությունների ղեկավարները որոշեցին կոալիցիա չկազմել: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն անընդհատ քննադատել է կառավարության, այսինքն` նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Եվ այդ կուսակցությունն անցած օրերին փորձել է հասնել նրա պաշտոնանկությանը, ինչին, հավանաբար, այս փուլում Ս.Սարգսյանը չի համաձայնել: Եվ հիմա նույն Տ.Սարգսյանի ղեկավարած կառավարության հետ ԲՀԿ-ն չէր կարող կոալիցիա կազմել: Ու, թերեւս, ԲՀԿ-ի դեմքը փրկելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ կուսակցությունը չմտնի կոալիցիա, բայց գործի «խիստ կառուցողական» դաշտում: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ԲՀԿ-ն ում թեկնածությունն է պաշտպանելու 2013թ. նախագահական ընտրություններին, այն շարունակում է մնալ չբացահայտված: Հիշեցնենք, որ վերջին օրերին ՀՀԿ-ից հաճախ էին հնչում հայտարարություններ, թե իրենք կոալիցիա կկազմեն այն կուսակցության հետ, ով կհայտարարի, թե պաշտպանելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը: Եվ դժվար է ասել, թե

ԲՀԿ-ն հրաժարվել է ՀՀԿ նախագահի թեկնածությունը պաշտպանելուց: Չէ՞ որ այդ կուսակցության ղեկավարն անցած տարի փետրվարի 17-ին ստորագրել է կոալիցիոն մի հայտարարության տակ, որտեղ ամրագրված է, թե 2013թ. պաշտպանելու է «գործող նախագահի»` Ս.Սարգսյանի թեկնածությունը: Ճիշտ է, այդ կոալիցիայի ժամկետն ավարտվեց, բայց Գ.Ծառուկյանի ստորագրությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Համենայնդեպս, հակառակի մասին հայտարարություն առայժմ չի հնչել: Ավելին, որոշ տեղեկությունների համաձայն, Գ.Ծառուկյանը Ս.Սարգսյանին պաշտպանելու մասին բանավոր հավաստիացում է տվել վերջին հանդիպման ժամանակ: Առայժմ զերծ է մնացել այդ մասին հրապարակային հայտարարելուց, որպեսզի չկորցնի մոտ կես միլիոն ընտրողների վստահությունը: Եվ, ինչպես նախորդ համարներում նշել էինք, այդ պայմանավորվածության երաշխավորն էլ պետք է լինի Հովիկ Աբրահամյանը, ում, ի վերջո, հաջողվել է ստանալ ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալու համաձայնություն: Իսկ իրական կոալիցիա կկազմեն ու նախարարական պորտֆելները կբաժանեն արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ Ս.Սարգսյանին հաջողվի նորից ընտրվել նախագահի պաշտոնում: Այսինքն` սա նախագահական ընտրություններին ընդառաջ մի գործընթաց է, որը, սակայն, որքան էլ պայմանավորվածության արդյունք լինի, կարող է նաեւ դուրս գալ այդ պայմանավորվածությունների շրջանակներից եւ վտանգավոր լինել կողմերից մեկի համար: Ի՞նչ երաշխիք կա, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Ս.Սարգսյանին եւ չի ունենա իր սեփական թեկնածուն` ասենք, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:

Իսկ մինչ պարզ կդառնա, թե ինչ ընթացք կունենան այս հեռահար ծրագրերը, առաջիկա օրերին ՀՀԿ-ում պետք է բաժանեն ԲՀԿ-ի նախարարական ու այլ պաշտոնները: Արդյո՞ք դրանք կմնան ՀՀԿ-ին, թե՞ «Օրինաց Երկիր» կուսակցությանը նույնպես բաժին կհասնեն, այսօր դեռ պարզ չէ: Այդ մասին Ս.Սարգսյանը կտեղեկացնի հաջորդ ԳՄ նիստին, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 31-ից մեկ-երկու օր առաջ: Առայժմ պարզ չէ նաեւ`ՕԵԿ-ի հետ կոալիցիա՞ կկազմեն, թե՞ պարզապես համաձայնագիր կստորագրեն: Պարզ չէ նաեւ, թե ովքեր են լինելու ԱԺ փոխնախագահները: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նորից կլինի՞ փոխնախագահ եւ չի՞ ստանձնի որեւէ նախարարական պորտֆել: Էդուարդ Շարմազանովը կմնա՞ ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռեւս որեւէ մեկին հայտնի չեն: Թերեւս, բացի Ս. Սարգսյանից: Նշենք, սակայն, որ երեկ իշխանական շրջանակներում կարծիք էր շրջանառվում, թե ՀՀԿ-ն ԱԺ փոխնախագահներից մեկի պորտֆելը կարող է զիջել այլ կուսակցության` ՕԵԿ-ին, չի բացառվում նաեւ` «Ժառանգությանը» կամ «Դաշնակցությանը»: Նույն աղբյուրների համաձայն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, հավանաբար, կմնա Գալուստ Սահակյանը: ԲՀԿ-ն կունենա մի քանի մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, թերեւս, կլինի նրանց թվում: Ամեն դեպքում, ինչ նշանակումներ էլ որ կատարվեն կառավարությունում եւ խորհրդարանում, դրանք ուժի մեջ կլինեն մինչեւ նախագահական ընտրությունները: Ընտրություններից հետո կառավարությունը նորից հրաժարական կտա, եւ նոր կառավարություն կձեւավորվի արդեն նոր վարչապետի հետ միասին: Այն ժամանակ Տ.Սարգսյանը, հավանաբար, այլեւս չի լինի վարչապետի պաշտոնում: Թե որքանով են իրականությանը համապատասխանում վերը նշված տեղեկությունները, դժվար է ասել: Հատկապես հաշվի առնելով վերջին շաբաթներին կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը, որն, ինչպես հետո պարզվեց, իրականություն չդարձավ: Բոլոր դեպքերում, այս լուրերն են շրջանառվում իշխանական վերնախավում: Ամենեւին բացառված չէ, որ այդ լուրերը ոչ թե իրականությունն են արտահայտում, այլ դրանցով փորձ է արվում այլ տպավորություն ստեղծել: Եվ քանի դեռ պաշտոնապես չեն հաստատվում կամ հերքվում, այդ լուրերը շարունակելու են շրջանառվել: Վերը նշված հարցերը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան` ՀՀԿ մամլո խոսնակ Է.Շարմազանովի տված պատասխանները եւս որեւէ հստակություն չմտցրեցին: Այդուհանդերձ, նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

– Վերջին ԳՄ նիստի ժամանակ Ս.Սարգսյանը հանձնարարե՞լ է «սեւ տեխնոլոգիաներ» չկիրառել ԲՀԿ-ի նկատմամբ, ինչպես նշված է մամուլում:

– ՀՀԿ-ն երբեք որեւէ քաղաքական ուժի նկատմամբ սեւ տեխնոլոգիաներ չի կիրառել, չեմ կարծում, որ նման լուրերը պետք է մեկնաբանել: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը միշտ կոռեկտ է եղել իր բոլոր քաղաքական հայտարարությունների մեջ: Չեմ կարծում, որ հարցը տեղին է: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը երբեք սեւ PR չի կիրառել:

– Ամեն դեպքում, նախագահը ԳՄ անդամներին չի՞ հորդորել զուսպ մնալ ԲՀԿ-ին քննադատելիս:

– Միայն կասեմ, որ ՀՀԿ-ն միշտ էլ կոռեկտ ու զուսպ է եղել: Եվ եթե որեւէ քաղաքական ուժի պատասխանել է, պատասխանել է համարժեք: Երկրորդը` նախագահն ինչ որ հորդորել է, արտացոլված է ԳՄ քաղաքական հայտարարության մեջ:

– Այսուհետ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին որպես ընդդիմադի՞ր, թե՞ խիստ կառուցողական կուսակցություն է ընկալելու:

– ՀՀԿ-ն յուրաքանչյուր քաղաքական ուժի ընկալելու է այնպես, ինչպես նրանք կան: Եթե ընդդիմություն ես, դա չի նշանակում, որ կառուցողական չես: Մենք պետք է այդ ստերեոտիպերից վեր կանգնենք: Եվ բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր մտել են խորհրդարան, մաղթում եմ մայիսի 31-ից կառուցողական, քաղաքական նորմալ աշխատանք: