Մեղավորները պետք է պատժվեն

04/12/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ղարաբաղում հետաքրքիր մարդկանց պակաս չի զգացվում։ Ցանկացած մարդու հետ զրույցի բռնվելիս կարող ես այնպիսի կերպարներ հայտնագործել, որպիսիք ստեղծելու համար ամենահմուտ վիպասաններն անգամ մեծ ջանք ու ժամանակ կծախսեին։ Նրանց մտքերը շատ կտրուկ են, հումորը` շատ յուրօրինակ՝ հաճախ լուրջ խոսքից չտարբերվող, իսկ երկխոսություններն ավելի շատ նման են մենախոսության։

Տիկին Ամալյային կամ, ինչպես Մարտակերտում են նրան կոչում՝ Ամալյա բաբոյին, հանդիպեցի ազատամարտիկ Վալյայի տան բակում, ուր հավաքվել էին մարտակերտցի կին ազատամարտիկները։ Նրանք հաճախ են հանդիպում, որպեսզի չկորցնեն պատերազմի տարիների ջերմ կապերն ու իրենց` կանանց շրջապատում վերապրեն պատերազմի դաժան ու դժվարին օրերը։

– Բաբո, քո գրածներից մի բան ասա,- սեղանի անկյունում նստած տարեց կնոջը դառնալով` ասաց կանանցից մեկը։ Բաբոն կանգնում է ու սկսում.

«Ամալյան ասավ զինվորն ես հողի,
բայց առանց հողի եւ առանց փողի,
երկիրը դարձավ բաժինը գողի
Մեղավորները պետք է պատժվեն»։

Հետո, մի քանի շաբաթ անց, երբ առանձին հարցազրույց եմ անում Ամալյա բաբոյի հետ, առաջինը հարցնում եմ, թե այդ ի՞նչ մեղավորներ են եւ ինչո՞ւ պետք է պատժվեն։ Ասում է՝ անպայման պիտի պատժվեն, ու ավելացնում. «Ես իմացալ եմ, թե պատերազմից հետո երբ որ մարդիկ իրար հանդիպեն, գիտե՞ս, ինչպես պիտի իրար հարգեն, հակառակն ա ստացվում»։ Ամալյա բաբոն դառնացած պատմում է, թե մի հասարակ հարցով այստեղ կամ այնտեղ դիմելիս, պաշտոնյաները սառնասրտորեն ասում են. «Շատ իզուր, որ մասնակցալ ես պատերազմի, քեզ հո՞ւվ ա ասալ կյաս պատերազմին մասնակցես»։

– Իսկապես, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք ռազմի դաշտում,- հարցնում եմ ես։

– Յաա՜, բա թողեի զինվորը սովա՞ծ,- զարմանում է զրուցակիցս, ով պատերազմն ապրել է առաջին օրվանից մինչեւ վերջին օրը։ «Ինձ կանչեցին-ասեցին՝ կարա՞ս կյաս մեզ օգնես,- հիշում է Ամալյա Բաբոն։- Ասի՝ հա։ Երդումը կիրեցի, որ անպայման մինչեւ արյան վերջին կաթիլս պիտի ես ծառայեմ Հայրենիքիս համար։ Էդպես էլ ստացվեց»։

Ամալյա բաբոն մեկն է մարտակերտցի բազմաթիվ այն կանանցից, ում կյանքն արմատականորեն փոխվել է ղարաբաղյան շարժումից եւ հատկապես պատերազմից հետո։ Բարձրագույն կրթություն ստացել է Բաքվում։ Որպես տնտեսագետ-հաշվապահ` աշխատել է տարբեր հիմնարկություններում։

Ամալյա բաբոն հիշում է, որ 88-ի ղարաբաղյան շարժումն իր համար եղել է անսպասելի եւ ինչ-որ տեղ անհավատալի մի բան։ «Փետրվարի 13-ն ա, ես էս ճանապարհաշինական բաժինն եմ աշխատում, էկոնոմիստ։ Գնացել եմ գործի, տեսնամ մարդիկ` ռայկոմի շենքի մոտ հավաքված, բոլորը կանչում են՝ միացում, հա միացում։ Աղջիկս էլ ռայիսպալկոմումն ա աշխատելիս եղել։ Ասում եմ, Ալվինա, բա խի՞ չես դուրս գալիս մի անգամ խոսում։ Ասում է՝ ենթադրենք, ես էլ եմ կանչում` միացում, ասում է, ի՞նչ է, պիտի միանա՞նք։ Ասում է՝ ամեն ինչ կանստիտուցիայով պիտի լինի»։

Բնականաբար, ոչինչ էլ չի լինում սահմանադրությամբ, եւ Ղարաբաղի ժողովրդի խաղաղ շարժումը վերաճում է պատերազմի։ Ու տարիքն առած այս կինն, ով քաղաքականությունից շատ բան չէր էլ հասկանում՝ տեսնելով, որ հազարավոր երիտասարդներ` տուն ու տեղ թողած, պայքարում են իրենց հողի համար, որոշում է լինել նրանց կողքին եւ մայրաբար հոգալ նրանց կարիքները։ «Ութ հազար տղա կար, նրանց պատասխանը պիտի տաս։ Էրեխոցը պիտի կերակրես, լոխ ընտանիքները թողած, փախած, երեխեքը թողած. մեկը` Ստեփանակերտ, մեկը` չգիտես որտեղ»։

Հարցնում եմ՝ ճի՞շտ է, որ մի անգամ հետախույզների եք հայտնաբերել։ Ասում է. «Էրկու անգամ եմ փռնալ, մի անգամ չեմ փռնալ»։ Մի անգամ նկատել է Կիչանում, մյուս դեպքը եղել է Առաջաձորում։ «Աչքս հառեցի դեպի էն ճյուղը, տեսնամ, ճղպրին երա երկու հոգի՝ մեկը հեռադիտակով ա մեզ նայում, իսկ մյուսն էլ` հրացանը կողքին։ Ասի՝ սուս, ռազվեդչիկներն ա։ Ասում ա՝ չէ, ռազվեդչիկ չի։ Ասում եմ՝ ռազվեդչիկներն են։ Ասում եմ՝ չէ, քյամ Նորիկին արթնացնեմ։ Քինում եմ դուռը թակում, ներողություն խնդրում Նորիկից, ասում եմ՝ ներողություն, կամանդիր, կներեք, ռազվեդչիկներն հեն ա ճղպրին ծառին երա։ «Հաստատ գիտե՞ս, մերոնք չե՞ն, բաբո»։ Ասում եմ` չէ։ Ասում եմ` մերոնք չեն, հաստատ գիտեմ։ Հեն ա, մեկը հեռադիտակով ա նայում, մեկն էլ հրացանով ա՝ պատրաստ, որ կրակի։ Վեր ա կենում, մի քսանհինգ հոգի ղարկում ա։ Երկու հոգու բռնած բերում են։ Նորիկը գլուխս պաչում ա, ասում ա` բաբո էս ի՞նչ արեցիր առավոտ-առավոտ։ Հայտնում ա Ստեփանակերտին թե չի հասցնում հայտնել, նրանց տանում ա Ստեփանակերտ։ Էլ չգիտեմ դրանից հետո ինչ դառավ, Նորիկին սպանեցին»։

Հետո հիշում է, որ մեր զինվորները Քելբաջարից հարսանիքի մասնակիցների են գերի վերցրել ու բերել Գետավան։ «Ոչ մեկին ձեռքով չդիպան,- ասում է Ամալյա բաբոն,- կերակրալ եմ, ախր հարս ա ըլի, նա ինչո՞վ ա մեղավոր։ Որ հարսանիքը խանգարում են, նա հի՞նչ անի»։ Ասում է, որ մեր զինվորները գերիներին չէին սպանում։ «Հանձնալ են, չգիտեմ, որտեղ են հանձնալ, ես զբաղված եմ իլալ, ուժեղ զբաղված, ժամանակ չի իլալ, որ գոնե ես ուրեմն մին ժամ հանգիստ քնեմ»։

Հարցին, թե չի՞ կարոտում պատերազմի օրերը, երբ բոլորը մի ընտանիքի պես էին՝ միասնական ու միակամ, Ամալյա բաբոն ցավով պատասխանում է. «Չէ, չեմ կարոտում, գնա, հետ չգա, չերեւա։ Էնքան երիտասարդներ սպանվեցին, երեխեքը թողեցին որբ, կանայք, երիտասարդ կանայք, բոլորն առանց ամուսին, դժվար ա չէ՞ նրանց համար էլ։ Հես ա ստեղ մի հարս ունենք, 6 երեխա ունի, իրան ամուսինը զոհվալ ա, նա ի՞նչ պիտի անի»։

Ամալյա բաբոն հիմա ապրում է իր բարեկամներից մեկի տանն, ովքեր մեկնել են Ռուսաստան։ Հայրական տունը, ուր ապրում էր մինչեւ պատերազմը, հիմնովին փլուզվել է։ Ասում է, թե մի քանի անգամ դիմել է տեղի իշխանություններին, որ նորոգեն տունը, բայց բացասական պատասխան է ստացել։ «Դե տունը ինձ հետ չեմ տանելու, չեն սարքում՝ ի՞նչ անեմ։ Որտեղ սարքած տուն կա, ես էլ կեթամ Սերժ Սարգսյանին կասեմ` մի հատ տուն տա, մնամ իրա մոտ»։

Ամալյա բաբոն ուզում է իր տան հարցով նամակ գրել Սերժ Սարգսյանին, բայց անընդհատ հետաձգում է, թեեւ, ինչպես ինքն է ասում. «Սերժը խելոք մարդ ա իլալ, իմ տեղս էլ իմացալ ա»։ Ամալյա բաբոն չի մոռանում, թե ինչպես է Ղարաբաղի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վարորդին կարգադրել, որ իրեն վիլիսով շտապ հասցնի Առաջաձոր։ «Էդքան խելոք, էդքան մարդու տեղ իմանող մարդ չի լինում»,- աներեւույթ իր հույսը ձեւակերպում է Ամալյա բաբոն։

– Բա, մեղավորնե՞րը,- հարցնում եմ ես։

– Հա, նրանք անպայման պետք է պատժվեն,- ասում է պատերազմի դառնությունը ցմրուր ըմպած տարեց կինն ու, ոտքի կանգնելով՝ արտասանում.

«Թալան-թալան են խաղացել դաժան,
գործարանները վաճառել էժան,
միլիարդ է դիզել ամեն մի խուժան,
Մեղավորները պետք է պատժվեն»։

hetq.am