Հավատի պակաս

27/05/2012

Երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի ԱԺ-ի մայիսի 3-ի ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության զեկույցը, որի «Եզրակացություններ» բաժնում նշված է. «Դիտորդական առաքելությունը նախ կոչ է անում Հայաստանի իրավասու մարմիններին` ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը` ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար` երաշխավորելով ընտրական ողջ գործընթացի արդարությունը»: Զեկույցում նաեւ նշվում է, որ ընտրություններին նախորդող շրջանում դիտորդական պատվիրակության կողմից դիտարկված հիմնական խնդիրներից մեկը եղել է ընդհանուր առմամբ հավատի պակասը ընտրական գործընթացի նկատմամբ` քաղաքական շահագրգիռ ուժերի եւ հասարակության կողմից: Եվրոպացիներն արձանագրել են, որ դրան մեծապես նպաստել են նաեւ ընտրական ցուցակների անճշտությունները: «Ընտրական ցուցակների ճշգրտությունը նախադրյալ է ճիշտ ընտրությունների համար, ինչպես նաեւ որեւէ ճնշման բացակայությունը ընտրողների վրա` ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության օրը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ձախողեցին ապահովել այս նախադրյալները»,- նշված է ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության զեկույցի եզրափակիչ հատվածում, որի հեղինակները նշել են նաեւ, որ ՀՀ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ` հաշվի առնելով 2013 թվականի նախագահական ընտրությունները: