Նաեւ ՄԱԿ-ը

27/05/2012

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Հայաստանում անհատների եւ խմբերի նկատմամբ վերջին բռնությունների եւ անհանդուրժողականության արտահայտությունները ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման եւ գենդերային ինքնության վրա: «Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, եւ հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության եւ անհանդուրժողականության խթանման գործիք: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված: Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի եւ մարդու համընդհանուր իրավունքների միջեւ: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ եւ խորապես հետաքննելով, եւ ապահովել բոլորի ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը»,- նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին էլ գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` մասնավորապես անդրադառնալով նաեւ DIY ակումբի նկատմամբ կատարվող գործողություններին: