«ԲՀԿ-ի քիչ բացատրելի ընդդիմադիր կեցվածքը վնասեց ոչ թե ՀՀԿ-ին, այլ ՀԱԿ-ին, որն ընտրությունների ժամանակ կորցրեց շուրջ երկու հարյուր հազար ձայն: Կարծում եմ, որ սա դեռ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վերջնական ապահարզանը չէ: Առաջիկայում ԲՀԿ-ն կփորձի ցուցադրել իր ուժերը` որպես ընդդիմություն: Դա նրա համար հեշտ չի լինի,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Բաբուխանյանը` ավելացնելով,- Կարծում եմ` որոշ մարդիկ կուսակցության` ընդդիմություն դառնալու հետեւանքով դուրս կգան ԲՀԿ-ից, ոմանք հակառակը` կմտնեն այդ կուսակցություն: Բայց նաեւ ենթադրում եմ, որ Նոր տարուց հետո կսկսվեն կոալիցիա կազմելու բանակցությունները, եւ ԲՀԿ-ն առնվազն վեց ամիս հետո կվերադառնա կոալիցիա: Հակված եմ մտածելու, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չի ունենա եւ կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: