«Արհեստավորը մինչեւ կեսօր է սոված մնում»

04/12/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Ժամագործ Ժորա Հովհաննիսյանը լավ արհեստավոր է, հաճախորդները չեն դժգոհում: Եթե իրենք այդ մասին չպնդեն էլ, դա պարզ երեւում է՝ որովհետեւ Ժ. Հովհաննիսյանն արհեստանոց չունի, աշխատանքի կոնկրետ վայր չունի, բայց նրան էլի շարունակում են փնտրել ու գտնել: Ժորա Հովհաննիսյանի արհեստանոցն, այսպես ասած, իր մեքենան է, որ կանգնում է Աբովյան փողոցի վրա: Մարդն իր սեփական ավտոմեքենայի վրա փակցրել է «Ժամագործ» ցուցանակն ու անմիջապես մեքենայի մեջ նստած էլ՝ կատարում է հաճախորդների պատվերները: «Մասնագիտությամբ մաթեմատիկ եմ»,- ասում է Ժ. Հովհաննիսյանը: Ժամագործությունն ընդամենը նախասիրություն է եղել: Հետագայում նա այնքան է հմտացել, որ դա դարձրել է հիմնական գործ: Դեռ Սովետմիության տարիներից մաթեմատիկան թողել ու զբաղվել է այս արհեստով: Նախկինում իր արհեստանոցը եղել է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: «Հայտնի մարդիկ էին գալիս ինձ մոտ»,- ասում է նա: Ամենատպավորիչ հաճախորդը Մհեր Մկրտչյանն է եղել: «Միշտ իր ժամացույցը կամ «զաժիգատելը» ինձ մոտ էր բերում վերանորոգելու,- հիշում է վարպետը: -Շատ սոլիդ մարդ էր, հեչ չէիր ասի՝ էս էն կոմիկ դերասանն է, շատ տարբեր էր իրական կյանքում»: Վարպետ Ժորայի հետ զրուցելիս մտածում ես՝ ահա, մարդը համարյա քայլող, ավելի ճշգրիտ՝ տվյալ դեպքում, մեքենայի մեջ նստած, գրականություն է կամ առնվազն մեր ժամանակի պատմությունը: Բայց գրականության եւ պատմության հմայքն անմիջապես կորչում է եւ հանկարծ պարզվում է՝ մարդն ընդամենը օրվա հացի փողը վաստակելու համար օրինազանցության է դիմել: «Եթե արհեստանոց դնեմ՝ գործ անեմ, պետք է տեղի վարձ տամ, հարկային վճարներն էլ այնքան շատ են, որ եթե ամբողջ օրն աշխատես ու իրենց տաս, էլի տակից դուրս չես գա»,- ասում է վարպետ Ժորան: Առայժմ Հարկայինի աչքից նրա մեքենան պլստացել է. «Եթե գան-ասեն՝ օրենք ես խախտում, պետք է փող տաս, էլ չեմ աշխատի, կգնամ մեր տունը կնստեմ, ի՞նչ իմաստ ունի՝ աշխատեմ տամ իրենց, ընտանիքս էլ սոված նստի»:

Արհեստանոց-մեքենան հաճախորդներին սովորաբար վստահություն չի ներշնչում. «Ի՞նչ իմանամ, երեւի մտածում են՝ կարող է առնեմ իրենց ապրանքն ու փախչեմ, հետո որտեղի՞ց են գտնելու»: Մեր հայրենակիցները, պարզվում է, հիմա այնքան էլ հաճախ չեն ժամացույց վերանորոգում: «Շատերին հիմա ժամացույց պետք էլ չի,- ասում է մեր վարպետը,- գործ չունեն, որ մտածեն՝ ժամացույց ունենանք՝ չուշանանք, դրա համար էլ հենց փչանում է, մանավանդ, եթե թանկարժեք չի, շպրտում են, մտածում են՝ ավելի լավ ա՝ մի հատ պեռաշկի ուտեն էդ փողով»: Իսկ սովորաբար ժամացույցի վերանորոգման արժեքը կախված է ժամացույցի արժեքից, կազմում է արժեքի մեկ տոկոսը. այդպես ընդունված է եղել սովետական տարիներին՝ շարունակվում է նաեւ հիմա: Վարպետ Ժորան ժամացույցի մեխանիզմից արագ որոշում է ժամացույցի արժեքը: Հաճախորդները հիմնականում ոչ թանկարժեք ժամացույցներ են բերում: «Ամենաթանկ ժամացույցը, որ բերել են, եղել է 700 դոլարանոց ժամացույց,- ասում է,- բայց էդ ժամանակ էլ նայում ես՝ ով է բերողը, հասկանում ես, որ մարդը չէր կարող էդքան փող տալ մի ժամացույց առնել, երեւի նվեր է ստացել՝ վերանորոգման գնի մեջ էդ ամեն ինչը հաշվի եմ առնում»: «Ժամացույցը տարեկան մեկ անգամ գոնե պետք է մաքրել, որպեսզի նորմալ աշխատի, իսկ ընդհանրապես պետք է խոնավությունից ու հարվածից զերծ պահել»,- խորհուրդ է տալիս վարպետը:

Վարպետ Ժորան ամեն օր ժամը 11-ից պարտաճանաչ «աշխատանքի» է գալիս: Նույնիսկ ձմռանը, թեեւ մեքենայի մեջ ցրտին շատ դժվար է նման աշխատանք կատարելը: Վարպետ Ժորայի եւ, առհասարակ, լավ արհեստավորների մասին արժե գրել եւ նրանց տեղը ցույց տալ, թեեւ անընդհատ վախը կա, որ «աչք սարքելու փոխարեն` հոնք ես քանդում»՝ Հարկայինին ուղղակի «գործ տալով»: Բայց Հարկայինն էլ է, չէ՞, լավ ժամագործի կարիք ունենում: Ի՞նչ անեն վարպետ Ժորան ու մյուս լավ արհեստավորները, որ անհատ ձեռնարկատիրությունը մեզ մոտ համառորեն չի կայանում, եւ լավ արհեստավորները ստիպված են անլեգալ աշխատել: Մնում է՝ վերանայել կամ հայտնի ասացվածքը, կամ անհատ ձեռնարկատերերին առաջարկվող աշխատանքային պայմանները: