Լավը պահեցին իրենց

27/05/2012

«ՀՀ գյուղնախարարությունը չի տրամադրել գյուղացուն ցորենի այն որակյալ սերմերը, որոնք ներկրվել էին Ռուսաստանից,- երեկ կայացած ասուլիսում ասել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը` ավելացնելով,- Կառավարության ներկրած սերմացուն շատ լավ վիճակում է, սակայն բոլոր գյուղացիները չէ, որ ստացան այն: Սիսիանի գոտուց ներկրվել է տեղական վերարտադրության սերմացու: Այն վերահսկողությունը, որ պետք է կատարվեր, ձախողեցին: Լավը պահեցին իրենց»: Խոսքն այն ցորենի սերմի մասին է, որը վաղ հասկակալել է` բարձրացել է մոտ 20 սմ, հասկ տվել, եւ դրանք հնարավոր չէ կոմբայնով հավաքել: Սակայն վերջերս Գյուղնախարարությունը հայտարարեց, որ դրա պատճառը ոչ թե վատ սերմն է, այլ երաշտը: «Գյուղնախարարության այրերը մի նոր գյուտ արեցին` դրանց անվանելով գաճաճային ցորեն, սակայն նման բան գոյություն չունի: Գոնե ասեն` կարճացողուն: Բացի այդ, մենք Արարատյան հարթավայրում ջրի խնդիր չունենք, խնդիրը սերմացուն է»,- պարզաբանել է Հ. Բերբերյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ գյուղացուն տրամադրված սերմը զտված ու ախտահանված չի եղել, հակառակ դեպքում նման բան չէր լինի: «Կարծում եմ, որ կառավարությունը մի բան պետք է մտածի, որ օգնի գյուղացուն: Որովհետեւ նրանք, ովքեր չեն ստացել բերքը, չեն կարողանա հարկերը վճարել»,- ասել է նա: Հ. Բերբերյանն անդրադարձել է ներկայումս վաճառվող լոլիկի խնդրին: «Հանրապետության շուկաներում վաճառվում է տեխնիկական լոլիկ»,- նշել է նա` ավելացնելով, որ այդ լոլիկը վտանգավոր չէ առողջության համար, սակայն աճեցվում է տոմատի մածուկի արտադրության նպատակով, քանի որ տեխնիկական լոլիկից 2 անգամ ավելի շատ տոմատ է ստացվում, քան սեղանի լոլիկից: Տեխնիկական եւ սեղանի լոլիկները կարելի է տարբերակել չորայնության աստիճանով. տեխնիկականները չորային են, սեղանի լոլիկները` ջրային: