Մայիսի 19-22-ը Փաստաբանների պալատի կողմից անցկացված փաստաբանական գործունեության արտոնագրի հավակնորդների որակավորման քննությունների առաջին փուլի առաջին օրն անբավարար գնահատական են ստացել դիմորդների մոտ 27%-ը կամ 164 հոգուց 44-ը: Ըստ Tert.am-ի, այդ տվյալներն են ստացվում Փաստաբանների պալատի կայքում տեղադրված չորսօրյա քննությունների արդյունքների ուսումնասիրությունից: Փաստաբանի արտոնագրի երկփուլ քննությունների գրավորի հարցաշարի 2000 հարցերից` դիմորդները պետք է ճիշտ պատասխանեին մեկ քննաթերթիկում ներառված 100 հարցերից 85-ին եւ ստանային նվազագույնը 85 միավոր: Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների արդյունքում` փաստաբանական գործունեություն կարող են իրականացնել միայն այն անձինք, ովքեր արտոնագիր ունեն, թեեւ մինչ այդ իրավաբանական կրթություն չունեցող անձինք շատ հաճախ դատարաններում ներկայացնում են իրենց եւ այլ վստահորդների շահերը: Քննությանը մասնակցել են անձինք, ովքեր ստացել են անգամ 44 եւ 41 միավոր: Բայց անբավարար գնահատական ստացածների միջին ցուցանիշը 72 միավոր է: Սակայն եղել են` նաեւ 100 միավոր, այսինքն` բոլոր հարցերին 100 ճիշտ պատասխան տված` մեկ տասնյակից ավելի անձինք: Մյուս օրերի քննությունների արդյունքները հիմնականում փոքր շեղումներով են տարբերվել առաջին օրվա արդյունքներից: Քննության մասնակիցները, նախքան հարցաշարին անցնելը, նշել են իրենց ուղղվածությունը` քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական իրավունք: Փաստաբանական արտոնագրի գրավոր քննության հարցաշարը ներառում է հարցեր «Փաստաբանության մասին» օրենքից, Փաստաբանի վարքագծի կանոնագրքից եւ ՀՀ քաղաքացիական եւ քրեական իրավունքից: Այսինքն` հարցեր Քաղաքացիական, Քաղաքացիական դատավարության եւ Քրեական օրենսգրքերից: Հունիսին կանցկացվի փաստաբանական գործունեության արտոնագրի հավակնորդների որակավորման քննությունների երկրորդ փուլը, դիմորդները կհանձնեն բանավոր քննություն. հարցաշարը կազմված է 300 հարցից: