Որակը չի բավարարում

27/05/2012

«Հայաստանյան համալսարանները դեռ չեն կարողանում համապատասխան որակավորմամբ մասնագետներ պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի համար»,- երեկ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում գործող «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում կազմակերպված Միջազգային ակադեմիական համաժողովի ժամանակ հայտարարել է «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: «Ցավոք, այսօր դեռ համալսարանները պատրաստ չեն համապատասխան քանակի եւ, ամենակարեւորը, որակի մասնագետներ պատրաստել ոլորտի համար: Այսինքն, ոլորտը դժգոհ է շրջանավարտների գիտելիքների որակից եւ մակարդակից, ինչը համալսարանն այսօր տալիս է»,- ասել է նա` տեղեկացնելով, որ համաժողովը նպատակ ունի բարելավել ՏՏ ոլորտը եւ անհրաժեշտ ինֆորմացիա հաղորդել մասնագետներին: «Ինչո՞ւ ենք մենք սա անցկացնում, որովհետեւ բազմաթիվ համալսարաններ դիմում են մեզ հարցով, թե ինչպե՞ս իրենք կարող են ավելի արդյունավետորեն օգտագործել ՏՏ-ն: Համակարգիչ եւ ինտերնետ ունենալը բավարար չէ, պետք են որոշակի ծրագրային փաթեթներ, փորձ, թե ինչպե՞ս դա ավելի արդյունավետ օգտագործել»,- նշել է Գ. Բարսեղյանը: ՏՏ ոլորտի զարգացման կարեւոր պայմաններից մեկը, ըստ Գրիգոր Բարսեղյանի, ԵՊՃՀ-ում ստեղծված ինովացիոն կենտրոնն է. «Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք կարողանանք աջակցել համալսարաններին` ՏՏ ոլորտի մասնագետների որակը կտրուկ բարձրացնելու համար: Այդ համագործակցության օրինակներից մեկը հենց այս ինովացիոն կենտրոնն է, որտեղ եւ դասախոսները, եւ երիտասարդները կարող են վերապատրաստվել, իսկ ՏՏ-ում ամենակարեւոր ռեսուրսը մարդկային ռեսուրսն է»,- ասել է նա: Իսկ ԵՊՃՀ պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2011թվականից է համալսարանում գործող «Մայքրոսոֆթ» ընկերության ինովացիոն կենտրոնում, կազմակերպվում են դասընթացներ բոլոր ցանկացողների համար, իսկ համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար դրանք անվճար են: Նա նաեւ հայտնել է, որ համալսարանում արդեն գործում է եւ շուտով կընդլայնվի «Մայքրոսոֆթի» ակադեմիան, որտեղ դասախոսները եւ ուսանողները կկարողանան յուրացնել ՏՏ ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եւ կստանան համապատասխան վկայականներ: Նշենք, որ համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտը ներկայացնող մասնագետներ Վրաստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից: Համաժողովի ընթացքում ԱՄՆ-ից` ինտերնետ հեռարձակմամբ, ոլորտի մասնագետները ներկայացրել են «Մայքրոսոֆթ» ընկերության գործիքների օգտագործման արդյունավետ եղանակներ եւ այլ հմտություններ: