ՄԱԿ-ը հրապարակել է «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» 2011 թ. զեկույցը, որում մարդկային ներուժի զարգացման մակարդակով Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում զիջում է հարեւան Ադրբեջանին եւ Վրաստանին: Զեկույցը կազմվել է 2009-2010 թթ. տվյալների հիման վրա. ըստ այդմ` Հայաստանը 0.716 միավորով զբաղեցնում է 86-րդ տեղը` աշխարհի 187 երկրների թվում: Վրաստանը` 75-րդ, Ադրբեջանը` 76-րդ հորիզոնականներում են: Հայաստանում մարդու կյանքի սպասվող միջին տեւողությունը 74.2 տարի է, ուսման սպասվող տարիները` 12 տարի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն` 5 հազ. 188 դոլար: Վրաստանում մարդու կյանքի սպասվող միջին տեւողությունը 70.7 տարի է, ուսման սպասվող տարիները` 13.1 տարի, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն` 4 հազ. 78 դոլար, իսկ Ադրբեջանում` համապատասխանաբար` 70.7 տարի, 11.8 տարի, 8 հազ.666 դոլար:
2011 թ. արդյունքներով` աշխարհի 187 երկրների շարքում ամենաբարձր մարդկային ներուժի զարգացման ինդեքս ունեցող, այսինքն` ամենաբարեկեցիկ երկրների թվում են Նորվեգիան, Ավստրալիան, Հոլանդիան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Կանադան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Գերմանիան եւ Շվեդիան: Ոչ բարեկեցիկ երկրների շարքում են Գվինեան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Սիեռա Լեոնեն, Բուրկինա Ֆասոն, Լիբերիան, Չադը, Մոզամբիկը, Բուրունդին, Նիգերը, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը: Կյանքի միջին տեւողությունը ամենաբարձրն է Ճապոնիայում` 83.4 տարի, իսկ ամենացածրը` Սիեռա Լեոնեում` 47.8 տարի է: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ամենաբարձր արդյունքն ունի Կատարը` 107 հազ. 721 ԱՄՆ դոլար: Ամենաաղքատ բնակչությունն ունի Լիբերիան, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը չի գերազանցում 265 ԱՄՆ դոլարը: