Մեկնարկել է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը

27/05/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մայիսի 24-31-ը տեղի է ունենում «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրականացվում է արդեն տասը տարի:

Կինոդիտումներից զատ, ՆՓԱԿ-ում քննարկումներ են կազմակերպվում ինչպես ներկայացված ֆիլմերի, այնպես էլ` առհասարակ կինոաշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Մեկ կադր» կինոփառատոնն ընդհանրապես ֆիլմի կառուցվածքային ինքնատիպ մոդել է «պեղել»: Օրինակ` «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում ներկայացված ֆիլմերի տեւողությունն ընդամենը 60 վայրկյան է, ընդ որում` այն ցուցադրվում է առանց մոնտաժային աշխատանքի: Թվում է` որեւէ իդեա ժապավենի վրա դիպուկ ներկայացնել մեկ րոպեում գրեթե անհնար է, մինչդեռ փառատոնի այս սկզբունքի նրբությունը հեղինակի երեւակայական խաղը որսալն է: Այլ կերպ ասած` 60 վայրկյան տեւողությամբ «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում ներկայացված ֆիլմը պահանջում է ինչպես մասնագիտական հմտություն, հնարք, միտքն ակնթարթային վերծանելու կարողություն, այնպես էլ` երեւակայական մեծ ներուժ: Ի դեպ, նշենք, որ կինոփառատոնի նախորդ տարիներին մասնակից հեղինակներից մեկն իր մեկ րոպեանոց ֆիլմը նկարահանել է ուղիղ երկու տարի, քանի որ ցանկացել է մեկ կադրով ցուցադրել ծաղկող ծիրանենիների տեսարանը: Փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն փաստում է, որ «Մեկ կադրը» նաեւ կրթական գործառույթ է իրականացնում, քանի որ անուղղակիորեն սովորեցնում, օգնում է կադրի հանդեպ վերաբերմունքի իմացությունների փոփոխություն: Եթե նախկինում որոշ արվեստագետների մասնակցությունը եղել է սպոնտան ժեստի միջոցով, ապա տարիների ընթացքում հեղինակն աճ է արձանագրել` անգամ քայլ կատարելով դեպի կարճամետրաժ ֆիլմ: Ինչեւէ, փառատոնն ունի անվանակարգեր` «Մեկ կադր մեկ րոպե» (որին մասնակցում է 82 ֆիլմ, 61-ը` մրցույթում, 21-ը` արտամրցութային), «Կարճ ֆիլմեր» (մասնակցում է 23 ֆիլմ) եւ «Կինո առանց սահմանի» (մասնակցում է 17 ֆիլմ): Ընդ որում` միջազգային այս փառատոնին մասնակից բավականին շատ երկրներ կան: Ֆիլմեր են ներկայացվել Արգենտինայից, Ավստրալիայից, Բելգիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վենեսուելայից եւ մի շարք այլ երկրների հեղինակներից:

ՆՓԱԿ-ի տնօրեն Էդուարդ Պալասանյանի հավաստմամբ` տասը տարի առաջ փառատոնը մեկնարկեցին «Մեկ կադր մեկ րոպե» մեկ կատեգորիայով` առանց մոնտաժի եւ 60 վայրկյան տեւողությամբ կադրի պահանջով: «Գաղափարական կամ ռազմավարական միտքն այն է, որ, երբ արվեստագետի համար սահմանափակում եք ստեղծում` ստեղծագործող միտքը սկսում է այդ սահմանագիծը շրջանցելու, հաղթահարելու ճանապարհներ որոնել: Այս պարագայում երկու նախապայման կամ «խոչընդոտ» կա` մոնտաժի իրավունքի եւ ժամանակի սահմանափակում, ինչը ենթադրում է, որ արվեստագետը կարող է երկարատեւ աշխատանք տանել, մինչեւ անգամ` ամիսներ շարունակ, սակայն ներկայանալ ընդամենը մեկ րոպեում: Երբ ստեղծում ենք սահմանափակում, մարդիկ սկսում են մտածել` ինչպե՞ս հաղթահարել այդ սահմանափակումը, կամ ինչպե՞ս օգտվել այդ սահմանափակումից»,- ասում է Էդ. Պալասանյանը` հավելելով, որ այս ֆիլմերի ձեւաչափը հետաքրքիր բացահայտումներ է անում: Օրինակ` կինոդիտողի համար այդ 60 վայրկյանն ավելի երկար է տեւում, քան մեկ րոպեն է: Ֆիլմը կամ հեղինակի պրոֆեսիոնալիզմը խաղում է ժամանակի զգացողության հետ, քանի որ դիտողը կադրի մեջ կադրը տեսնելով` կորցնում է 60 վայրկյանի ընկալումը: Ընկալում է միայն միտքն ու կադրն իր ենթատեքստերով կամ վիզուալ շեշտադրումով: Փառատոնի բացման արարողության ժամանակ արդեն ցուցադրվել են նախորդ տարվա փառատոնին մասնակցած 13 ֆիլմեր, որոնց ցուցադրությունը թեեւ 13 րոպե էր, այդուհանդերձ` այդ ժամանակահատվածում ներկայացվել է մտահղացումների, կադրերի, համայնապատկերների ու հեղինակների մտածողության մի ամբողջ փունջ: Էդ. Պալասանյանը վստահեցնում է, որ խնդիրը մեկ րոպեում զգացմունքը ներկայացնել կարողանալն է: «Այս 10 տարիների ընթացքում մենք շատ հետաքրքիր գործեր ենք տեսել, որի ընթացքում նաեւ զգում ենք, թե ինչպես են արվեստագետները հմտանում: Օրինակ` հեղինակ ունենք, որ մասնակցելուց հետո` որպես Հայաստանից ներկայացված արվեստագետ, Հոլանդիայից համաշխարհային մրցանակ է ստացել: Սա նշանակում է, որ արվեստի բնագավառում միայն դասավանդելը, արվեստի պատմության ու տեսությունների ուսումնասիրությունը քիչ է: Պետք է «բերքատու» միջավայր ստեղծել արվեստի գործի ստեղծագործման համար, որը մեր նպատակներից է: ՆՓԱԿ-ի առաքելությունն է` հայտնաբերել նոր տաղանդներ եւ զարգանալու համար նրանց առիթներ ընձեռել, իսկ «Մեկ կադրը» դրանից մեկն է»,- վստահեցնում է ՆՓԱԿ-ի տնօրենը` հավելելով, որ, այնուամենայնիվ, տարիների ընթացքում փառատոնի էությունը փոփոխությունների է ենթարկվում: Եթե նախկինում փառատոնի սկզբունքը միայն «Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգային ֆիլմերի հայտագրումն էր, ապա հիմա փառատոնին մասնակցում են նաեւ կարճամետրաժ ֆիլմեր, որտեղ հեղինակն ինչպես մոնտաժելու հնարավորություն ունի, այնպես էլ` ժապավենի տեւողության 1 րոպեանոց արգելք չունի: «Կարճ ֆիլմեր» անվանակարգում մասնակցող 23 ֆիլմերից են` Իտալիայից Ֆերնանդո Թիբերինի «Ծնողները», Իսպանիայից Իսահակ Բեռոկալի «Անբնական», Սլովակիայից Մարեկ Յանիցիկի «Սիսփոս», Ռուսաստանից Կուզմա Վոստրիկովի «Հանգույցը» եւ այլ ֆիլմեր: Բացի կարճամետրաժ ֆիլմերից, գոյություն ունի նաեւ` «Կինո առանց սահմանների» անվանակարգը, որին, օրինակ` մասնակցում է Ֆրանսիայից Անտուան Ժանոն` իր «Օլբլանիկ» ֆիլմով, Հունաստանից Ջորջ Դրիվասը` «Հաջորդական սխալ» ֆիլմով, Իսպանիայից Թոնի Բառենան` «Ցտեսություն», Արթուր Սախկալյանը` «Գիլան, կարկուտից հետո» ֆիլմերով, եւ այլ հեղինակներ` իրենց աշխատանքներով:

Ինչեւէ, մենք նաեւ հետաքրքրվել ենք, թե ինչո՞ւ օտարերկրյա հեղինակների ֆիլմերի` հայերեն թարգմանված սուբտիտրերը չկան, մանավանդ որ, դժվար թե ներկաները խորվաթերեն, հունգարերեն, սլովակերեն կամ իսպաներեն տեքստերն ընկալեն։ «Ցավոք, մենք այդ հնարավորությունը չունենք, որովհետեւ այդ քանակի ֆիլմերի թարգմանության համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Շատ ֆիլմեր կան, որոնք համաշխարհային փառատոներում ցուցադրվում են առանց թարգմանության: Եթե թարգմանված լինի` շատ լավ է, բայց պարտադիր պայման էլ չէ: Օրինակ` ինձ այդ տիտրերով թարգմանությունը խանգարում է. ես ճապոներեն չեմ հասկանում, բայց, երբ ֆիլմի ներքեւի հատվածում տեքստը թարգմանվում է` ուշադրությունս շեղվում է, ու ստիպված եմ լինում ֆիլմը նայել երկու անգամ, որպեսզի մեկ անգամ կարդամ, իսկ մյուս անգամ` նայեմ: Ամեն դեպքում` դա ծեծված խնդիր է, որը միայն ֆինանսական դժվարություններով է պայմանավորված»,- ասաց Էդ. Պալասանյանը: Նշենք նաեւ, որ նախորդ տարիների համեմատ` այս տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելի շատ է, իսկ հասարակական հետաքրքրությունն այնքան մեծ է, որ կինոդիտման սրահներում գրեթե թափուր տեղ չի լինում: «Նաեւ շատ եմ կարեւորում դիտումներից հետո քննարկումները, քանի որ դրանց միջոցով ենք սկսում շատ բան հասկանալ: Արվեստի գործն առաջին հերթին մակերեսային, անմիջական տպավորություն է թողնում, բայց քննարկումների արդյունքում արվեստի գործի շատ շերտեր են հայտնաբերվում, որն է՛լ ավելի խորասուզվելու, մտածելու տեղ է տալիս»,- նշում է Էդ. Պալասանյանը:

Առաջիկայում մենք կներկայացնենք փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված կինոգետների, գրողների, կինոսցենարիստների եւ ռեժիսորների դիտարկումները ներկայացված ֆիլմերի վերաբերյալ: