Բուժիչ նամակներ

27/05/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

«Կուրիլյան թեյ»

Մատնունիների ազգն ընդգրկում է մոտ 300 տեսակներ (Potentilla), որոնք պատկանում են վարդազգիների ընտանիքին։ Այդ բույսերից առավել մեծ տարածում ունեցողներից մեկը Pentaphylloides Fruticosa տեսակն է, որը 9 այլ բույսերի շարքում առանձնացվել է ինքնուրույն կարգի մեջ։

Ն.Ա. Եֆրեմովայի «Կամչատկայի եւ Կոմանդորյան կղզիների դեղաբույսերը» գրքում բույսը նկարագրված է «Կուրիլյան թեյ» անվանման տակ։ Այլ անվանումներն են` «Մատնունի» կամ «Հնգատերեւ» մացառուտային։ Ավելի հին դասակարգմամբ` բույսն անվանվել է «Dasiphora», սա բարդ բառ է` «dasys»=խիտ մազապատ եւ «phoros»=կրող, քանի որ բույսի ընձյուղները եւ տերեւները պատված են խիտ աղվամազով։ Կուրիլյան թեյը լայնորեն տարածված է Արեւմտյան եւ Հարավային Եվրոպայում, Սիբիրում, Հեռավոր Արեւելքում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ուրալի, Կովկասի, Ալթայի լեռնային գոտիներում, Հյուսիսային Ամերիկայում։

ՀՀ բնական պայմաններում հանդիպում է Ախուրյան գետի վերին հոսանքում, Սեւանի ավազանում, Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում, հասնում է մերձալպյան եւ Ալպյան գոտիներ։

Կուրիլյան թեյը հաճախ են օգտագործում որպես պարտեզային զարդաբույս, այն ոչ բարձր (20-150 սմ) ուղղաձիգ կամ տարածվող ցողունով բույս է, կազմում է խիտ մացառուտներ։ Այն արագ է աճում, տնկաշիվերով բազմացնելու դեպքում երկրորդ տարում արդեն պտղաբերում է։ Ծաղկման շրջանը երկարատեւ է` հունիսից մինչեւ հոկտեմբերի սկիզբը, ընդ որում, յուրաքանչյուր թուփ առնվազն 2 ամիս ծածկված է ծաղիկներով։ Բույսը լուսասեր է, հեշտությամբ ձմեռող, ցրտադիմացկուն, նախընտրում է պարարտ կավային հողերը, սակայն կարող է աճել ժայռոտ լանջերին։ Երաշտադիմացկուն է, սակայն նախընտրում է չափավոր խոնավ կլիման։ Այգեգործները հաճախ են էտում վնասված եւ չորացող ճյուղերը։ Մատղաշ ընձյուղները գլանաձեւ են, թավշյա, մի քանի տարվա ցողունների կեղեւը մոխրագույն է, հեշտությամբ անջատվում եւ թափվում է։ Տերեւը բարդ է, բաղկացած (հազվադեպ` 3-7) նշտարաձեւ, երկու կողմից խավապատ տերեւիկներից։ Ծաղիկները (3 սմ տրամագծով) ոսկեդեղին են, տեղակայված առանձին կամ գագաթային ողկույզներով։ Բույսը մեղրատու է։ Պտուղները խիտ թավապատ են, բաղկացած մի քանի սերմերից, հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Մշակվում է 1700 թվականից։

Վերջին տարիներին ստեղծվել են Կուրիլյան թեյի բազմաթիվ հիբրիդներ, որոնք տարբերվում են բարձրությամբ, տերեւի աղվամազի տեսքով, ծաղիկի գույնով։ Առավել հայտնի են Ֆրիդրիխսենի մատնունին, որի ծաղիկները բաց դեղին կամ սպիտակ են։ Կան վարդագույն, մորեգույն, կարմրանարնջագույն եւ նման երանգների ծաղիկներ ունեցող տեսակներ։ Կուրիլյան «մատնունու» կյանքի տեւողությունը 30 տարի է։ Կուրիլյան թեյի ծաղիկներից եւ տերեւներից պատրաստված բուրումնավետ թուրմը վաղուց ի վեր խմել են Ուրալից մինչեւ Կուրիլյան կղզիներ ընկած հսկայական տարածքների վրա ապրող ժողովուրդները, նաեւ հնդկական Փենջաբ նահանգում։

Շատ վայրերում բույսն օգտագործել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մոնղոլական ժողովրդական բժշկությունը կիրառում է բույսի ջրային թուրմը դիզենտերիայի, հոգեկան եւ նյարդային հողի վրա առաջացած հիվանդությունների դեպքում` ախորժակը լավացնելու համար։

Բայկալի ավազանի եւ Կամչատկայի բուժարարներն առաջարկել են թուրմը ստամոքսի սպազմերի, ցավերի դեպքում։ Ալթայում` նաեւ ալերգիկ բնույթի հիվանդությունների, քորի, արյունը մաքրելու համար։ Տիբեթում մատղաշ (նույն տարվա) ճյուղերի եփուկը կիրառել են որպես խորխաբեր միջոց, իսկ արմատի եփուկով բուժել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունները, թոքախտը։

Թուրմի թրջոցն օգտագործում են վերքերի, չիբանի, այրվածքի բուժման համար, իսկ ստոմատիտի դեպքում կատարում են ողողումներ։

Վերջին տարիներին բույսն արժանացել է գիտական բժշկության ուշադրությանը։

Ապացուցվել է բույսի բարձր հակամիկրոբային ակտիվությունն աղիքային ինֆեկցիաների հարուցիչների նկատմամբ, հատկապես` դիզենտերիայի։

Ջրային թուրմն օգնում է ծանր սննդային թունավորումների դեպքում, ճնշում է ստամոքսի խոց առաջացնող Helicobacter pylori մանրէն։

Ճյուղերի ջրային թուրմը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ։

Իջեցնում է շաքարի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, փոշին ունի հակաալերգիկ հատկություններ։

Պարզվում է, բույսի պատրաստուկները բուժում են դիսբակտերիոզը, կարգավորում նյութափոխանակությունը, բուժում գիշերամիզությունը, օգտակար են 12-մատնյա աղիի եւ միզապարկի բորբոքումների դեպքում։ Ունի միզամուղ, հանգստացնող, խորխաբեր, լեղամուղ, արյունարգել, կապող հատկություն, սակայն չի առաջացնում փորկապություն։

Բույսը կիրառվում է լնդախտի դեպքում։ Բելառուսի ԳԱԱ-ում մշակվել է բուժիչ ըմպելիք «Կուրիլյանը»։ Բուժիչ նպատակներով մթերում են ընթացիկ տարում առաջացած ճյուղերի վերգետնյա մասը` կտրում են 10-15 սմ երկարությամբ հատվածներ ծաղկման շրջանում։ Չորացնում են բաց ծածկի տակ կամ օդափոխվող սենյակում։ Պահպանման ժամկետը` մեկ տարի։

Բույսի բուժիչ հատկությունները բնորոշվում են պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերի զգալի քանակությամբ։ Հարյուր գրամ թարմ տերեւներում կա 220-230 մգ ասկորբինաթթու եւ 8,5 մգ կարոտին (ենթավիտամին A)։

Համեմատության համար նշենք, որ սեւ հաղարջենու մեջ ասկորբինաթթվի քանակը հավասար է 200 մգ, իսկ քաղցր պղպեղում` 250 մգ, կարոտինի պարունակությունը գազարում հավասար է 9 մգ (հարյուր գրամ հումքի մեջ)։ Նշված թվերը վկայում են բույսի հակաօքսիդանտ հատկությունների մասին։ Տերեւներում պարունակվում է ռուտին, ճյուղերում եւ տերեւներում` բույսին բնորոշ գլիկոզիդներ, կումարին, դաբաղանյութ, ֆենոլկարբոնային թթուներ, կատեխին, ֆլավոններ, եթերային յուղեր, տերպենային նյութեր։

Թեյ. 1 թ/գ հումքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։

Բուժիչ նպատակներով բուժիչ թեյը պատրաստեք հետեւյալ ձեւով. 2 ճ/գ մանրացրած հումքը 1-2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ` շնչառական ուղիների եւ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում։

Եփուկ. 1 ճ/գ չորացրած տերեւին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 30 րոպե եռացրեք ջրային բաղնիքի վրա, արծնապատ ամանի մեջ։ Թրմեք մինչեւ հովանալը, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը տաք ջրով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 10-15 օր։ Օգտակար է լյարդի հիվանդությունների դեպքում` որպես լեղամուղ միջոց։