Դատարան հասավ շտապօգնության երկու մեքենա

04/12/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում կայացած նիստը ծանր հետեւանքներ ունեցավ: Հիշեցնենք, որ քննվում էր սպանության մեջ մեղադրվող 15 տարվա ազատազրկման դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի գործը:

Տղաներն իրենց անմեղությունն ապացուցելու համար գտնվում են հացադուլի մեջ, իսկ Ռազմիկ Սարգսյանն ամեն պահի կարող է մահանալ: 20-ամյա երիտասարդին կրկին քարշ տվեցին դատարան: Ներկաները, շունչները պահած՝ տղային էին հետեւում, որովհետեւ Ռազմիկին դիակի պես գցել էին նստարանին, եւ ամբողջ նիստի ընթացքում նա ի վիճակի չէր որեւէ շարժում անել: Նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը մերժում էր դատապաշտպանների բոլոր հայտարարությունները, միջնորդությունները, առարկություններն այն մասին, որ տղան մահանում է եւ անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել: Նախագահողը նիստի ողջ ընթացքում ամբաստանյալներին եւ նիստի մասնակիցներին ու լրագրողներին վիրավորում էր:

Խայտառակ այս դատավարությունից եւ հոգեպես, եւ ֆիզիկապես ճնշվում են նիստին հետեւող բոլոր մարդիկ, այդ թվում՝ դատարանի ոստիկանները: Մ. Աղրամանյանը, ակնհայտորեն, կանխավ վատ տրամադրվածություն ունի ամբաստանյալների նկատմամբ, ինչի վառ ապացույցն էր նաեւ նախորդ նիստի ընթացքում դատավորի նկատողությունն՝ ուղղված ամբաստանյալ Ա. Զալյանին. «Արայիկ Զալյան, քթի տակ խոսելու, հայհոյանք տալու համար դատարանի կողմից նկատողություն եք ստանում»: Անհեթեթ այդ նկատողությունը հետագայում ինչպիսի պատժամիջոց կդառնա, չենք կարող ասել, բայց այն, որ դատավորն ամբաստանյալին անհեթեթ նկատողություն արեց՝ փաստ է: Նիստին հետեւող եւ Արայիկ Զալյանին մոտ կանգնած լրագրողները ձայնագրիչներում պահպանել են ձայնագրությունը:

Հացադուլից չաղացել է

Դատական այս վերջին նիստը ողբերգական ավարտ ունեցավ: Նախագահողը հայտարարեց, որ համաձայն Քրեակատարողական հիմնարկից ստացած տեղեկանքի` Ռազմիկն ի վիճակի է մասնակցել դատավարությանը: Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի բժշկի տեղեկանքների համաձայն` Ռազմիկն ունեցել է 52 կգ քաշ, իսկ հիմա նրա քաշը 60 կգ է: Այսինքն՝ մեկուսարանի բժշկի տրամաբանությամբ` Ռազմիկը հացադուլի մեջ գտնվելով` 8 կգ-ով գիրացել է: Իսկ կլինիկական հիվանդանոցի բժիշկ, թերապեւտ Մայա Հովհաննիսյանը վկայում է, որ տղան ունեցել է 75 կգ քաշ, սակայն 110 օր հացադուլի մեջ գտնվելով՝ ներկայումս 61 կգ է, այն էլ՝ հագուստով կշռելու պարագայում: Մեկուսարանի բժիշկը Ռազմիկի առողջությունը դրական է գնահատում, իսկ անկախ բժիշկը մի շարք հիվանդություններ է հայտնաբերել, որոնք տղան ձեռք է բերել մեկուսարանում գտնվելու ընթացքում: Բժիշկների եզրակացություններն էլ մի կողմ, նիստի մասնակիցներն իրենց աչքերով են տեսնում, թե ինչպես է 20-ամյա երիտասարդը ոտքի վրա մահանում: Թերեւս միայն դատավորներն ու Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը դա չեն նկատում եւ բուժօգնություն ցուցաբերելու որեւէ քայլ չեն ձեռնարկում: Դատապաշտպանները հայտարարում են, որ դատավորը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պատվերն է կատարում, որպեսզի իրական հանցագործ, ԼՂՀ հրամանատար Իվան Գրիգորյանի կատարած դաժան սպանությունը կոծկվի: Նրանք պնդում են, որ Ռազմիկի մահն, իրականում, ձեռնտու է ԼՂՀ եւ ՀՀ Դատախազության համար, դրա համար էլ ոչինչ չեն անում տղային փրկելու ուղղությամբ: Ռազմիկի մայրը՝ Ջուլիետա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Օրեր առաջ դատավոր Աղրամանյանն ինձ կանչեց, ասաց, որ Ռազմիկը տառապում է սակավարյունություն հիվանդությամբ, այսինքն՝ հող են նախապատրաստում, որ տղաս մեռնի, ասեն՝ նախկինում հիվանդություն է ունեցել: Պատկերացնո՞ւմ եք, ես բանակ եմ ուղարկել 100%-անոց առողջ տղայի: Եթե անգամ նա սակավարյունություն ուներ, զորակոչվելիս նրան բազում հետազոտություններ են արել եւ ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերել: Հայտնաբերելու դեպքում ինչո՞ւ տարան ծառայելու, եթե նա հիվանդ էր, ո՞նց տարան Ղարաբաղում ծառայելու: Այսինքն, հիմիկվանից ուղիներ են ման գալիս, որ Ռազմիկը մեռնի, եւ իրենց մեղադրելու տեղ չունենանք: Իրենց ձեռնտու է, որ տղայիս սպանեն, որովհետեւ խոշտանգումների, դաժան ծեծի ենթարկվելով՝ իր վրա է վերցրել սպանությունը ու հիմա վկայում է, թե ինչպես են ստորացնելով ստիպել դա անել: Եթե Ռազմիկի հետ ինչ-որ բան լինի՝ Իվան Գրիգորյանի կատարած սպանությունն իր վրա վերցրած ցուցմունքը որպես փաստաթուղթ կմնա, իսկ մյուս 2 տղաները 15 տարի կնստեն՝ չկատարած հանցանքի համար: Իվան Գրիգորյանն էլ Ռազմիկի մահից հետո պրոբլեմ չի ունենա, որովհետեւ չի լինի մեկը, որը կպատմի, թե ինչպես են Ղարաբաղի քննիչներն ուզեցել իրեն օդից կախելով դուբինկայով բռնաբարել: Ռազմիկը մահամերձ է, բայց նրան բուժօգնություն չեն ցուցաբերում, որովհետեւ իրենց ուզածն իմ տղայի մահն է, որպեսզի էլ փաստ չունենան»:

Նախագահող դատավորը, կրկին բղավելով, մերժեց 3 դատապաշտպանների հայտարարություն անելու խնդրանքը, որոնք ցանկանում էին դատավորների ուշադրությունը հրավիրել անկենդանի տպավորություն թողնող հացադուլավորի վիճակի վրա: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, լացակումած, դիմում էր լրագրողներին՝ «Ի՞նչ անեմ ասե՛ք, օգնե՛ք ինձ, ինչպե՞ս վարվեմ, Ռազմիկը մահանում է, նրան բժիշկ է պետք»: Նիստի ընթացքում 3 դատապաշտպանները` դատավորների կազմին բողոք հայտնելով՝ լքեցին դահլիճը: Նիստերի դահլիճում տեղ չկար, որովհետեւ շատերն էին ոտքի կանգնել այս խայտառակ գործի արդար դատավարությունը պահանջելու համար: Հայտարարվեց, որ ցուցադրվելու է մի տեսաժապավեն, որտեղ նկարահանված է, թե ինչպես է Ռազմիկը ԼՂՀ ոստիկանության քննիչին ցուցմունք տալիս կատարած սպանության վերաբերյալ:

Կապտուկներ երեսին

Նիստի ընթացքում հեռուստաէկրանին հայտնվեց զինվորական հագուստով մի երիտասարդ, որն ինչ-որ բան էր կմկմում: Ներկաները երկար ժամանակ հետեւում էին էկրանին չերեւացող քննիչի եւ երիտասարդի հարց ու պատասխանին, որոնց խոսակցությունը չէր լսվում դահլիճում առկա աղմուկի պատճառով: Նիստի մասնակիցներն անհամբեր սպասում էին, թե տեսաժապավենում երբ պիտի Ռազմիկին ցույց տան, երբ դահլիճից մայրն ասաց, որ ցուցադրվողը Ռազմիկն է… Ներկաները ցնցվեցին՝ տղան անճանաչելի էր: Ռազմիկին շատերը դեմքով ճանաչում էին մամուլում տպագրած լուսանկարներից, իսկ ցուցմունք տվող տղան կարծես բոլորովին այլ մարդ լիներ: Ժապավենով ցուցադրվում էր մի տղայի խոսակցություն, ուր հազիվ բառեր էին արտաբերվում: Ռազմիկի դեմքն այտուցված ու կարմրած էր, դեմքի վրա սեւացած կապտուկներ կային: Ձեռքերն ուռած էին, եւ ակնհայտորեն երեւում էին հարվածներից առաջացած կապտած հետքեր: Ռազմիկը նստած էր՝ զինվորական համազգեստով, մարմնի մասերից երեւում էին միայն երեսն ու ձեռքերը: Տղան ծանր շնչառություն ուներ, մերթընդմերթ խոսում էր շնչակտուր լինելով: Ամբողջ ընթացքում մարմինը չէր կարողանում շարժել, միայն դանդաղ շարժումներով ձեռքերն էր տեղափոխում, այն էլ՝ թղթի վրա գծեր անելու համար: Քննիչը նախապես սցենար էր գրել եւ բառ առ բառ ինչ-որ հմտություններով տղային կրկնել էր տալիս իր խոսքերը: Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքից ապշեցին ներկաները, քանի որ ակնհայտ էր, որ տղային դաժանորեն ծեծել են, եւ քննիչը` որքան էլ որ ցանկացել էր գրիմով ծածկել հարվածների հետքերը, այդուհանդերձ, ձեռքերի եւ դեմքի այտուցվածությունն ու սեւացած հետքերը երեւում էին: Գրեթե 30 րոպե ցուցադրվում էր այդ նյութը: Հանկարծ ամբաստանյալ Արայիկ Զալյանը գոռաց՝ «Ռազմիկի բերանից ջուր է գնում…»: Բոլորը ոտքի կանգնեցին, դատավորներն ու ոստիկանները խուճապի մատնվեցին: Նրանք հանկարծակիի գալուց խառնվեցին իրար եւ չգիտեին` ինչ անել: Ոստիկանները Ռազմիկի գլուխը սեղանից բարձրացրին, իսկ սեղանի վրա հեղուկ էր: Ներկաները սկսեցին բարձրաձայն լաց լինելով բղավել, իսկ դատավորը, կարծես հեգնանքով, հրահանգեց Ռազմիկին տանել, ու բժիշկ կանչել: Կարծեցինք՝ տղան մահացել է, անգամ ոստիկանները չէին կարողանում նրան գրկելով քարշ տալ: Գետնին քարշ տալով, Ռազմիկի մարմինը մի կերպ տարան: Մարդիկ, ապուշ կտրած՝ լաց էին լինում, չէին հասկանում՝ ինչ կատարվեց: Ներկաները դատավորին ամոթանք էին տալիս, «ֆաշիստ» անվանում: Դահլիճում իրարանցումը սրվեց, երբ Ռազմիկի մայրը գիտակցությունը կորցնելով` ընկավ գետնին: Դահլիճում ստեղծված իրավիճակը հնարավոր չէ նկարագրել, բոլորը հոգեկան ծանր վիճակում էին: 10-15 րոպե դատարանի դահլիճում գետնին ընկած Ռազմիկի մորը չէին կարողանում ուշքի բերել: Շտապօգնության բժիշկներ եկան: Ոչ ոք չգիտեր՝ Ռազմիկը մահացե՞լ է, թե՞ ողջ է: Խոսակցություններ կային, որ նրան տարել են դատարանի նկուղային խուց, որտեղ բժիշկներ են բերել: Դատապաշտպաններն անօգնական վազում էին դատարանի շենքում, նրանց անգամ չթողեցին իջնել նկուղ՝ համոզվելու, որ պաշտպանյալը կենդանի է:

2 շտապօգնության մեքենաներից մեկը` Ռազմիկի, իսկ մյուսը` նրա մոր համար էր: Երկար ժամանակ անց հայտարարվեց, որ դատական նիստը շարունակվում է: Դատական նիստը վերսկսվելուց հետո շտապօգնության բժիշկ Լաուրա Խշտոյանը դատարանին հայտնեց, որ Ռազմիկն ի վիճակի չէ մասնակցել դատաքննությանը, նրան պետք է տեղափոխել հիվանդանոց: Դատավորը հայտարարեց` անորոշ ժամանակով հետաձգել դատաքննությունը` առանց Ռազմիկի ներկայության:

…Անցավ 3 ժամ: Որեւէ մեկին ներս չէին թողնում: Դատարանի առջեւ հավաքված, շփոթված ու տարակուսած մարդիկ շարունակում էին Ռազմիկին օգնելու ուղիներ փնտրել եւ փորձում էին ազդեցիկ մի մարդ գտնել, ով այդ պահին կարող էր տեղեկություն ստանալ Ռազմիկի առողջական վիճակի մասին: Վերջապես եկան պատգամավոր, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ովքեր արդեն ներսում պարզաբանեցին իրական վիճակը:

Այդքանից հետո, պարզվում է, նախագահող Մհեր Արղամանյանն ու մեղադրող Անահիտ Եղիազարյանը Ռազմիկի Սարգսյանին հիվանդանոց չուղարկեցին, այլ մահամերձ վիճակում ճանապարհեցին մեկուսարան:

Ռազմիկը սպանվածին չի՞ ճանաչում

Իսկ այժմ ներկայացնենք մի փաստ, որը մեզ ասաց դատական այս դաժան նիստից ապշահար դուրս եկած սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը: Նա զարմացած ու նյարդայնացած ասաց. «Տեսագրված ցուցմունքի մեջ քննիչը Ռազմիկին հարցրեց՝ կարա՞ս նկարագրես Հովսեփին, Ռազմիկը ասաց՝ դե, բոյով տղա էր: Իմ տղան բոյով տղա չէր, Հովսեփն իմ բոյի տղա էր (հայրը շատ ցածրահասակ է): Ստեղ արդեն թյուրիմացություն կա, եթե սենց շարունակվի, չգիտեմ… չթողեցին մինչեւ վերջ կասետը նայենք»: Տեսաժապավենը ցուցադրելու ժամանակ այս մարդը բղավելով ասում էր՝ «Սուսե՛ք, նայենք, եթե ձեզ պետք չի՝ դուրս եկեք, մի՛ խանգարեք, ես լսում եմ»: Մ. Մկրտումյանի նման մեկնաբանությունը կարող է փրկել այս տղաներին: Այս մասին Մովսես Մկրտումյանը հայտնեց «Հետք»-ի եւ «168 Ժամ»-ի լրագրողներին: Հուսանք, որ մինչեւ մյուս դատական նիստը Մովսես Մկրտումյանին ոչինչ չի պատահի, որովհետեւ նրա ասածից պարզ է դառնում, որ Ռազմիկ Սարգսյանը սպանված Հովսեփ Մկրտումյանին նույնիսկ չի էլ ճանաչում:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Ա. Սաղաթելյանի հաղորդագրությունը ստացանք, որում ասվում է. «1985թ. ծնված Ռազմիկ Թորգոմի Սարգսյանը իր հացադուլի վերաբերյալ հայտարարությունը ներկայացրել է 12.08.05-ին։ Այդ oրվանից նա գտնվում է բուժծառայության աշխատակիցների հսկողության ներքո, մինչ oրս պահվում է հացադուլավորների համար նախատեսված N5 խցում՝ եւս 3 հացադուլ հայտարարած խցակիցների հետ, որոնցից մեկը, իր դիմումի համաձայն, այսoր դադարեցրեց հացադուլը։ Ռազմիկ Թորգոմի Սարգսյանը հարկադիր կերակրման չի ենթարկվել եւ չի ենթարկվում։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կալանավոր Ռ. Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հիմքեր այս պահին չունի: …Այն լրատվամիջոցներին, որոնք անհրաժեշտ են համարում կալանավոր Ռ. Սարգսյանի հետ անմիջական շփումները՝ առաջարկում ենք մինչեւ դեկտեմբերի 5-ը, ժամը 15:00-ը դիմել ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ա. Սաղաթելյանին»։ Դիմում ենք։