Նախնական տվյալներով` 5-րդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության 69 պատգամավորներից 45-ը գործարարներ են: Իհարկե, նրանց բիզնեսը կարող է գրանցված լինել կնոջ, երեխաների կամ բարեկամների անունով, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Դա նշանակում է, որ իրականություն չդարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոստումը, թե «գործարարությունը եւ պետական համակարգը պետք է տարանջատել»: Գործարար պատգամավորներ կան ՀՀԿ թե համամասնական ցուցակում, եւ թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների շարքում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի համաձայնել այս դիտարկմանը: «Որեւէ մեկը գործարար չէ: Այլ բան է` բաժնետեր, այլ բան է` գործարար լինելը: Համենայնդեպս, մեր համամասնական ցուցակում հիմնականում հրապարակախոսությամբ հայտնի դեմքեր են»,- ասել է նա: