Կուսակցապետերի պետություն

24/05/2012

Եվս մեկ-երկու օր եւ, ամենայն հավանականությամբ, կավարտվեն «կոալիցիոն սպասումները», որով հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածն ապրում է մայիսի 6-ից հետո: Այսօր կամ վաղը ՀՀԿ գործադիր մարմինը նիստ կգումարի, եւ պարզ կդառնա` կոալիցիա կազմվո՞ւմ է, թե՞ ոչ, ովքե՞ր են գնում խորհրդարան, ովքե՞ր` գործադիր մարմին: Այս գործընթացը` այլ դրսեւորումներով, տեղի է ունենում նաեւ ԲՀԿ-ում, որտեղ եւս դեռ պարզ չէ` ովքե՞ր են, ի վերջո, վերցնելու պատգամավորական մանդատները, ովքե՞ր են ինքնաբացարկի դիմումներ գրելու: Ըստ էության, նույն զարգացումները տեղի են ունեցել կամ ունենում նաեւ մյուս մեծ ու փոքր ուժերում: ՀԱԿ-ում լարված էր իրավիճակը ԱԺ ընտրություններից առաջ, երբ որեւէ կերպ չէին կարողանում կազմել համամասնական ցուցակը եւ, ի վերջո, դա արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ժառանգությունում» ԱԺ առաջին նիստից հետո են որոշելու` ով է գնալու խորհրդարան… Քաղաքական ուժերի ներսում կատարվող այս գործընթացները հրապարակայնորեն ներկայացվում են այնպես, կարծես թե ընդունվող որոշումներն այդ քաղաքական ուժերի, նրանց ղեկավար մարմինների որոշումներն են: Մինչդեռ այս ընտրություններին նախորդած եւ հաջորդած իրադարձությունները վկայում են, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերում որոշումները կայացվում են դրանց ղեկավարների կողմից, որպես կանոն` միանձնյա կամ ամենեւին ո՛չ կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո: Իսկ մնացածը` նիստերի մասին հաղորդագրություններ, կուսակցության անդամների անբովանդակ մամուլի ասուլիսներ, ընդամենը դրանց «ժողովրդավարական տեսք» հաղորդելու անհաջող փորձեր են: Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ կուսակցությունների անդամների հարցազրույցներին, մեկնաբանություններին: Գրեթե բոլորը, ըստ էության, ասում են, որ ոչինչ չեն կարող ասել: Այն պարզ պատճառով, որ չգիտեն: Այսօր կամ վաղը հայտնի է դառնալու` կոալիցիա կազմվելո՞ւ է, թե՞ ոչ, սակայն գրեթե չկա որեւէ ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական, ով գիտի այդ մասին` քանի դեռ իրենց որոշումները չեն ներկայացրել Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ի դեպքում` Գագիկ Ծառուկյանը, գուցե նաեւ` Ռոբերտ Քոչարյանը: Նույնը վերաբերում է նաեւ ՀԱԿ-ին կամ «Ժառանգությանը»: Բացառություն է, թերեւս, միայն ՀՅԴ-ն, որի դեպքում տարբերությունը միայն այն է, որ որոշումները կայացվում են ԳՄ մի քանի անդամների կողմից: Սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Արդյունքում` ստացվում է մի վիճակ, երբ քաղաքական համակարգի եւ պետության համար կարեւորագույն որոշումները կայացվում են սահմանափակ թվով մարդկանց կողմից, որոնց թվարկումը հազիվ կարող է հասնել մեկ տասնյակի` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՅԴ ԳՄ մի քանի անդամներ… Իսկ նրանց ղեկավարած քաղաքական ուժերն ընդամենը «ժողովրդավարության ատրիբուտներ» են: Օրինակ, կոալիցիայի ճակատագրի հետ կապված` ակնհայտ է, որ եթե Ս. Սարգսյանը, Ռ. Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը որոշեն կազմել կոալիցիա, ապա նրանց կուսակցությունների «ղեկավար մարմինների» անդամները գրեթե միաձայն գովաբանելու են այդ իմաստուն քայլը: Նույնն անելու են նաեւ այն դեպքում, եթե նրանք որոշեն կոալիցիա չկազմել: Իհարկե, բոլոր ուժերում էլ լինում են ու կլինեն մի քանի բացառություններ, որոշակի ինքնուրույնություն ունեցող մարդիկ, ովքեր սեփական կարծիք արտահայտելու համար կամ հայտարարվում են «դասալիքներ», կամ լավագույն դեպքում` հայտնվում են լուսանցքում: Իրականում այս մի քանի անձանցից է կազմված այն, ինչն անվանում ենք քաղաքական կամ կուսակցական համակարգ: Խնդիրն այն չէ` բարի՞ են այդ մարդիկ, թե՞ չար, իմաստո՞ւն են, թե՞ ոչ… Խնդիրն այն է, որ ոչ թե առաջնորդներն են ծառայում կուսակցություններին կամ դրանց ստեղծման հիմքում դրված գաղափարներին, այլ քաղաքական այդ միավորներն են ծառայում իրենց ղեկավարներին: Գուցե նաեւ` այն պատճառով, որ Հայաստանում այլեւս միակ գաղափարը մնացել է իշխանությունը: