Ոչ ամբողջական

24/05/2012

«Ավելի հավանական է, որ կոալիցիան կազմված լինի երկուսուկես կուսակցությունից. ոչ թե «Բարգավաճ Հայաստանն» է կիսատ կուսակցություն, այլ հնարավոր է, որ ոչ ամբողջական կոալիցիա լինի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով նոր կոալիցիայի ձեւավորման հնարավորությանն ու ձեւաչափին: Նա ասել է, որ անկախ քաղաքական ուժերի միջեւ ընթացող բանակցությունների արդյունքներից, ամենաքիչը երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մասնակցությամբ կոալիցիա հաստատ կկազմվի: «Հանրապետականներն ունեն մեծամասնություն, եւ տեխնիկապես կոալիցիան անհրաժեշտություն չէ, սակայն Հայաստանի քաղաքական կյանքում կոալիցիա կազմելն ավանդական երեւույթ է դարձել»,- ասել է նա` միաժամանակ նշելով, որ դժվար է պատկերացնել ՕԵԿ-ին կոալիցիայի կազմից դուրս: Իսկանդարյանն անդրադարձել է նաեւ ՀԱԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին` ասելով, որ ընտրություններից հետո կատարվածը վկայում էր ՀԱԿ-ում առկա, սակայն մինչեւ այդ չերեւացող տարաձայնությունների մասին: Ըստ նրա` ՀԱԿ-ը կազմել էր նախընտրական դաշինք, որն այդպես էլ անվանվում էր, քանի որ ՀՀՇ ղեկավարների կողմից որոշվել էր` այդպես ավելի ճիշտ է հանդես գալը ընտրություններում: «Իրականում այն այլ քաղաքական ուժերից չի տարբերվում: Ինչքա՞ն կհավաքեր ՀԱԿ-ը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չլիներ. պատասխանն ակնհայտ է: Այս գործընթացներն ավելի վաղ էին մեկնարկել կուսակցությունում: Այնտեղ եւս մրցակցություն է եղել, մինչ ընտրությունները դա թաքցվել է, իսկ հետո դրանք ջրի երես դուրս եկան»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւ ՀԼԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը երբեք ՀԱԿ-ի առանցքը չեն եղել: