Երկու փուլով

24/05/2012

«Այլընտրանքային ընտրությունների միջոցով հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել եւ հասնել իշխանափոխության»,- երեկ ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Մեր նախագիծը ունենալու է համահայկական նշանակություն: Մենք 2 փուլով պետք է հասնենք իշխանափոխության: Կնքվելու են քաղաքացիական պայմանագրեր, կազմավորվելու է այլընտրանքային քաղաքացիական նախախորհրդարան: Երկրորդ փուլում արդեն կկազմավորենք խորհրդարան»,- ասել է նա` մասնավորեցնելով, որ 1-ին փուլում կամավորները կմասնակցեն նախախորհրդարանի աշխատանքներին, իսկ քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելուց հետո արդեն կընդարձակվի, եւ հենց 2-րդ փուլում քաղաքացիների հետ կմշակեն նոր սահմանադրությունը: «Սա չպետք է լինի մի խումբ անձանց կամքը, այլ պետք է լինի անհատների եւ ողջ հասարակության կամքը»,- ասել է Չուգասզյանը` նշելով, որ ծրագրի մեկնարկը տրվել է երեկվանից, եւ մեկ ամիս անց արդեն իսկ կլինեն արդյունքներ: «Այս արատավոր շրջանը կտրվելու է այն պահին, երբ մենք ինքներս չմեղադրենք մեր ժողովրդին գումար վերցնելու համար: Մենք ունենք մի ժողովուրդ, որը մթի մեջ է, մենք պետք է լույսը ստեղծենք, եւ արդեն այդ անորակ 5000 դրամի հետեւից չեն կարող գնալ»,- հայտարարել է Գ. Չուգասզյանը: