ՀՀԿ-ն «կրակն է ընկել»

24/05/2012

Հանրապետական կուսակցության` Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը նախօրեին բռնկված հրդեհի պատճառով կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Հրդեհի պատճառով վառվել է շենքի ոչ միայն կտուրն ամբողջությամբ, այլ վնասվել են նաեւ 2 հարկերի ու նկուղային հարկի պատերն ու մանրահատակը: Հրդեհը մարելու նպատակով կտուրին մղված ողջ ջուրը լցվել է ներքին հարկերը` թափելով պատերի ու առաստաղի գաջը, խոնավությունից ուռել է մանրահատակը: Բացի այդ, ծխի հոտը ներծծվել է խոնավացած պատերի մեջ, եւ մասնագետների կարծիքով` չորանալուց հետո այն չի անցնի: Այնպես որ, ՀՀԿ-ի հին շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Բայց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում չի համաձայնել այս կարծիքի հետ, նա ասել է, թե պատերն ու մանրահատակը տեղ-տեղ են վնասվել: Պետք է վերանորոգվի տանիքն ամբողջությամբ, եւ հարկերում էլ` միայն վնասված հատվածները: «Շենքը անկախ որեւէ բանից, 2003թ. է շահագործվել եւ ոչ մի անգամ չի վերանորոգվել, եւ անկախ այդ միջադեպից` վերանորոգման կարիք ուներ: Նորից գաջելու կամ պարկետ անելու խնդիր չկա: Առանձին տեղերից, իհարկե, վնասվել է, բայց կապիտալ վերանորոգման խնդիր չունի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այդ շենքի կողքին կառուցվում է նոր մասնաշենքը, որը պետք է միացվեր հնին ու դառնար նախագահի հարկաբաժինը: Այն դեռ ավարտին չի հասցվել ու, հավանաբար, դրա կառուցմանը զուգահեռ` կվերանորոգեն նաեւ հին շենքը: Ի դեպ, շինարարների հավաստմամբ` հրդեհված հին շենքի վերանորոգումն ավելի դժվար կլինի, քան այդ նորի կառուցումը: Իսկ ծխի հոտը պատերից անցկացնելու համար կարիք կլինի ոչ միայն գաջը քերել եւ նորից գաջապատել, այլեւ մինչեւ այդ պատերին քսել հատուկ նյութեր: Այնպես որ, ՀՀԿ-ն ամառային ամիսներին զբաղվելու է շինարարությամբ: Իսկ մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը որտե՞ղ պետք է անցկացնի գործադիր մարմնի նիստերը: Հատկապես այսօր կամ վաղը սպասվող նիստը: Գ.Սահակյանը չբացառեց, որ այդ նիստերը նորից անցկացնեն կուսակցության շենքում: Հատկապես, որ գրադարանը, որտեղ անցկացվել են ԳՄ նիստերը, նրա խոսքերով` համեմատաբար անվնաս է մնացել:

Ի դեպ, հրդեհից անմիջապես հետո հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Գրասենյակի աշխատակիցները տեսել են, որ հրդեհից անմիջապես հետո ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները արագ եկել են կուսակցություն եւ նրա աշխատասենյակից հավաքել-տարել են ողջ իրերը: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը չէր մասնակցել կուսակցության վերջին ԳՄ նիստին, որովհետեւ, ըստ լուրերի, դժգոհ է, որ ԱԺ նախագահ դառնալու համար դեռ չի կարողանում ստանալ Ս.Սարգսյանի համաձայնությունը: Ասում են, որ այդ օրվանից սկսած ու նաեւ հրդեհի ժամանակ նա կուսակցության գրասենյակ չի եկել: Շտաբի պետ լինելով` բնականաբար, նա կուսակցությունում ուներ առանձին աշխատասենյակ: Եվ երեկվա այդ միջադեպը աշխատակիցների վրա տպավորություն է թողել, թե Հ.Աբրահամյանն այդպես հապճեպ փորձել է սենյակից իր իրերը եւ փաստաթղթերը տանել, որ դրանք չհայտնվեն այլ անձանց տրամադրության տակ:

Ի դեպ, մամուլն արդեն հիշեցրել է, որ կուսակցության շենքի հրդեհը այս ամսին երկրորդն է ՀՀԿ-ի մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից հետո: Հիշեցնենք, որ այդ պայթյունի արդյունքում մոտ 150 երիտասարդներ այրվածքներ էին ստացել, նրանց մեծ մասն արդեն հիվանդանոցներից դուրս է գրվել: Իսկ մոտ 30 հոգու ապաքինման համար անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վիրահատություն: Այդ նպատակով Գերմանիայից հատուկ մասնագիտացած վիրաբույժ է հրավիրվել, ով արդեն հիվանդների մի մասին վիրահատել է: Սակայն այդ միջադեպից 20 օր է անցել, բայց իրավապահները դեռ չեն պարզել, թե որն է եղել պայթյունի պատճառը, կամ ով է եղել մեղավորը: Որոշ տեղեկությունների համաձայն` հարուցված քրեական գործը մտել է փակուղի, քանի որ այն բացահայտելու դեպքում պարզ կդառնա, որ փուչիկները լիցքավորող կազմակերպությունից բացի, մեղավոր են պատվիրատուները` ՀՀԿ պաշտոնյաները: Փուչիկները բռնած երիտասարդներին հանրահավաքի էր բերել ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը: Վերջինս անցած շաբաթ մեզ հետ զրույցում ասաց, թե այդ երիտասարդներն իրենց կուսակցության երիտթեւի անդամներն են: Եվ ինքն ընդամենը կազմակերպել է նրանց ներկայությունը հանրահավաքին: Իսկ փուչիկները պատվիրելու կամ դրանց համար վճարելու գործողությունները կազմակերպել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն էլ փոխանցեց, թե ինքը որեւէ կապ չի ունեցել դրա հետ, եւ, որ նախընտրական նման բոլոր միջոցառումները կազմակերպել է շտաբը: Այսինքն` նորից հետքերը տանում են դեպի Հ.Աբրահամյանը: Ահա թե ինչու է փակուղի մտել քրեական գործը: Հայտնի է, որ փուչիկները լիցքավորելու համար թույլատրվում է օգտագործել միայն իներտ գազ, հելիում, որը չի բռնկվում: Այս դեպքում օգտագործվել է սովորական վառվող գազ: Այս առնչությամբ կարծիքները տարբեր են: Մի դեպքում` կարծիք կա, թե պարզապես լիցքավորող կազմակերպությունն անհրաժեշտ չափով հելիում չի ունեցել, դրա համար էլ փուչիկների մեծ մասը լցրել է սովորական գազով: Հավանաբար, հենց դրա համար էլ երիտասարդներին նախապես զգուշացվել է փուչիկները գլխից վերեւ պահելու մասին: Մեկ այլ կարծիքի համաձայն` շտաբում պարզապես խնայել են գումարը: Բանն այն է, որ 1 փուչիկը հելիումով լցնելն արժե 700-1000 դրամ, իսկ սովորական գազով լցնելը` մինչեւ 300 դրամ: Հանրահավաքի օրը պատվիրվել է մի քանի հազար փուչիկ: Ամեն դեպքում, մեզ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ այդ օրվա փուչիկների համար որքան գումար է ծախսվել: ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այդ ծախսի տվյալը տեղադրված է ԿԸՀ կայքում: Սակայն այնտեղ գնված ապրանքների մեջ, թեեւ փուչիկներն առանձին տողով նշված են, բայց կոնկրետ նշված չէ, թե որքան փուչիկ են պատվիրել եւ դրա համար որքան գումար են վճարել: