ՀՀ Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է գնաճի հաշվետվությունը, որը բավականին հետաքրքիր փաստաթուղթ է։ Ինչու է հետաքրքի՞ր։ Որովհետեւ գնաճի կանխատեսումները չափից դուրս լավատեսական են։
ԿԲ մասնագետները ամենահավանականն են համարում այն սցենարը, որ գնաճը` թե այս տարվա ընթացքում, թե մինչեւ 2015թ., գտնվելու է 2.5-5.5% միջակայքում։ Այսինքն` չի գերազանցելու սահմանված թույլատրելի շեմը։
Ըստ ԿԲ-ի, առաջիկա ամիսներին կանխատեսվում է, որ գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում (տատանումների թույլատրելի միջակայքը 4՞1.5%-ն է)։ «Կանխատեսվող հորիզոնում, ընդհանուր առմամբ, ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում, եւ առաջիկա ամիսներին գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ գործողությունները կհանգեցնեն դրամավարկային պայմանների թուլացման, եւ տարվա ընթացքում գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին` պահպանվելով մինչեւ կանխատեսվող հորիզոնի վերջ: Կանխատեսվող հորիզոնում կպահպանվեն ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը, կդիտվի տնտեսության դոլարայնացման աստիճանի շարունակական նվազում եւ ֆինանսական միջնորդության աճ»,- նշված է ԿԲ զեկույցում։
36 էջանոց փաստաթղթում ԿԲ մասնագետները մանրամասն վերլուծել են գնաճային թե՛ արտաքին, թե՛ ներքին ազդակները։ Վերլուծել են տնտեսության տարբեր հատվածների զարգացումները, առանձին ապրանքային շուկաների վարքագիծը, եւ այլն։ Օրինակ, ըստ Կենտրոնական բանկի, շաքարավազի միջազգային շուկայում 2012 թ. կշարունակվի լարվածության թուլացումը: «Մասնավորապես՝ Եվրոպայում, Թաիլանդում եւ Ռուսաստանում սպասվող առատ բերքը առավելապես կչեզոքացնի Բրազիլիայում ակնկալվող բերքի դանդաղ վերականգնման ազդեցությունը համաշխարհային շուկայում: Չնայած պահանջարկի սպասվող վերականգնմանը՝ համաշխարհային պաշարները որոշակիորեն կհամալրվեն, սակայն դեռեւս կպահպանվեն համեմատաբար ցածր մակարդակում: Արդյունքում՝ 2012 թ. հիմնականում կարձանագրվեն շաքարավազի միջազգային գների թույլ գնանկումային միտումներ»: Թե այդ «թույլ գնանկումային միտումներն» ինչպես կարտացոլվեն մեզանում, ցույց կտա ժամանակը։
Սակայն առանձին ապրանքային շուկաներով զբաղվելը ԿԲ-ի գործառույթը չէ։ Այս կառույցն ավելի գլոբալ եւ երկարաժամկետ վերլուծություններ է անում՝ հանգելով հետեւյալ եզրակացությանը. «Ընդհանուր առմամբ, ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ ՀՀ տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում: Առաջիկա ամիսներին գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, եւ ՀՆԱ-ն կգտնվի հավասարակշիռ մակարդակից փոքր-ինչ ցածր մակարդակում: Սակայն, դրամավարկային պայմանների թուլացման արդյունքում, մինչեւ տարեվերջ գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին, իսկ ՀՆԱ-ն՝ իր հավասարակշիռ մակարդակին»:
Ահա այսպիսի հուսադրող եւ լավատեսական հաշվետվություն է ներկայացրել Կենտրոնական բանկը։ Սակայն, կա մի «բայց», որը թույլ չի տալիս լիարժեք ներշնչվել այդ լավատեսությամբ եւ հույս ունենալ, որ գները թույլատրելի սահմանից ավելի չեն աճի։ Այդ «բայցը», իհարկե, փոխարժեքն է, մասնավորապես` դոլարի փոխարժեքը եւ դրա թռիչքները վերջին օրերի ընթացքում։ Վերջին օրերին դոլարի փոխարժեքը հատեց 400 դրամի հոգեբանական շեմը։ Իսկ երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարքներ չեն կայացել: Պատճառն այն է, որ դոլարն առաջարկվել է շատ բարձր փոխարժեքով` 1դոլար/404 դրամ: Առեւտրային բանկերի մի մասը պատրաստակամություն է հայտնել դոլար գնել 403 դրամով, սակայն նման գնով դոլար վաճառելու առաջարկ չի եղել: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը երեկ բարձրացել էր մինչեւ 402.5 դրամ, վաճառքինը` նվազագույնը 404 դրամ:
Կրկին հիշեցնենք, որ սա անխուսափելիորեն հանգեցնելու է ներմուծվող ապրանքների համապատասխան գնաճի։ Մեր ներմուծող մոնոպոլիստ-օլիգոպոլիստները դժվար թե համաձայնեն վնասներ կրել փոխարժեքի պատճառով։ Իսկ ներմուծման ծավալները Հայաստանում տպավորիչ են եւ համադրելի են համախառն սպառման ցուցանիշի հետ։ Օրինակ, Ազգային վիճակագրական ծառայության ամենաթարմ տվյալներով, միայն այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ներմուծման ծավալը կազմել է 1.312 մլրդ դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 872մլն դոլար է։
Նման ցուցանիշների եւ դոլարի՝ օր օրի թանկացման ֆոնին մի քիչ դժվար է հավատալ, որ այս տարի կհաջողվի իրական գնաճը պահել թույլատրելի միջակայքում։ Չթերագնահատելով ԿԲ աշխատակիցների մասնագիտական որակները, այդուհանդերձ, դժվար է չարձանագրել, որ, ինչպես երեւում է փոխարժեքի դինամիկայից, իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան գրվում է նրանց հաշվետվությունը։
Մյուս կողմից, սակայն, պետք չէ մոռանալ, որ մեզանում գների «կարգավորմամբ» զբաղվում է ոչ միայն ԿԲ-ն, այլեւ, ոչ ֆորմալ առումով՝ պաշտոնական վիճակագրությունը։ Այսինքն, եթե ԿԲ-ն այնքան էլ լավ չկատարի իր ֆունկցիան եւ չկարողանա ապահովել գների կայունությունը, կարող եք չկասկածել, որ բացը կլրացնի վիճակագրությունը՝ ներկայացնելով թույլատրելի շեմի մեջ տեղավորվող ցուցանիշներ։