Երեկ news.am խմբագրություն է զանգահարել «Գապբնակշին» ընկերության կողմից խաբված գնորդներից Հայկուհի Հ.-ն (անունը փոխված է կնոջ ցանկությամբ), ով տեղեկացրել է, որ իրենք լուրջ մտավախություն ունեն, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության փաստով հարուցված քրեական գործի քննությունը որեւէ կերպ առաջ չի գնում: Խոսքը Արամի 72/80 հասցեում «Գապբնակշին» ընկերության կառուցած շենքի մասին է: Ընկերության բաժնետերեր Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարյանը շենքի 172 բնակարանների համար առուվաճառքի պայմանագրեր են կնքել մոտ 700 անձանց հետ: Գնորդներից յուրաքանչյուրը վճարել է մի քանի տասնյակ միլիոն դրամ` քաղաքի կենտրոնում բնակարան գնելու համար, արդյունքում հարյուրավոր մարդիկ են խաբվել, իսկ սեփականատերերն ահռելի գումարներ էին յուրացրել եւ փախուստի դիմել: Մարտի 5-ին Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել «Գապբնակշին» եւ «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանին, ում դեմ մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Ըստ մեղադրանքի, նա 407 մլն 413.000 դրամ է կորզել քաղաքացիներից: Գործի քննությամբ զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը: Խաբված գնորդները լուրջ կասկածներ ունեն, որ քրեական գործը փորձում են տանել այնպիսի ուղղությամբ, որ Պապոյանն ու իր գործընկերները համեմատաբար մեղմ ու ոչ համարժեք պատժի արժանանան: Ընկերության բաժնետերերը լուրջ թիկունք ունեն: Մասնավորապես շրջանառվում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անունը: Դեռեւս ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հովսեփյանն ընթացք չի տվել «Գապբնակշինի» դեմ քաղաքացիների ներկայացրած բողոքներին, իսկ այժմ էլ փորձում է իր կապերն օգտագործելով` ոչ միայն ընկերության բաժնետերերին ազատել պատասխանատվությունից, այլեւ օգնել, որ չվերադարձնեն գնորդներից վերցրած գումարները: Որոշ տեղեկությունների համաձայն, նա ինքն էլ մի քանի տուն է գնել Արամի 72/80 նորակառույց շենքում, սակայն, ի տարբերություն հարյուրավոր անձանց, ստացել է բնակարանների բանալիները: Դեռեւս փետրվարին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ահազանգում էր, որ Հովհաննես Հովսեփյանն ու կինը` Էվելինա Միրզաբեկյանը, 1 քմ-ի համար վճարելով ընդամենը 500 դոլար եւ պարտավորվելով վճարել 175 մլն դրամ` դարձել են 5 բնակարանի տեր` այն դեպքում, երբ շարքային քաղաքացիները վճարել են 1 քմ-ի համար 1100 դոլար եւ ավելի:
news.am