«Նիկոլ Աղբալյանն»` ընդդեմ Արծվիկ Մինասյանի՞

24/05/2012

Եվրոպայի Երիտասարդ ընկերվարականների կազմակերպության (ECOSY) նախաձեռնությամբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, մայիսի 18-20-ին, կայացել է սեմինար` «Պայքար աջ-ծայրահեղականության դեմ եւ գաղթականության ու համարկման խնդիրները» թեմայով: Երեկ այդ մասին պատմող հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը: Ըստ այդմ, սեմինարը հյուրընկալել է Շվեդիայի ընկերվար-ժողովրդավարական կուսակցության (SAP) երիտասարդական կազմակերպությունը (SSU): ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ եւ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի աշխատակից Անահիտ Հարությունյանը: «Սեմինարին մասնակցել են պատվիրակներ եվրոպական երկրներից, ինչպես Չեխիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից եւ այլն: Դանիայի, Նորվեգիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական երկրներում եւ մասնավորապես սկանդինավյան երկրներում օր օրի զարգացող աջ-ծայրահեղական շարժումների դիրքը իշխանության մեջ եւ վտանգը, որը սպառնում է այս երկրների փոքրամասնություններին: Սեմինարի ընթացքում քննարկվել են ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների դերը եւ կարեւորությունը աջակողմյան ծայրահեղական եւ նեո-նացիստական շարժումների դեմ պայքարելու գործընթացում: ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը ներկայացնելով իրենց տեսակետը այս խնդրի վերաբերյալ` դատապարտել է ցանկացած գործողություն` ուղղված փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառմանը եւ ճնշման գործադրմանը, նշելով, որ ցանկացած ժողովրդավարական պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով փոքրամասնությունների ազատ համարկումը հասարակություն»,- նշված է հաղորդագրության մեջ, որը, ըստ էության, կարելի է համարել ՀՅԴ երիտասարդների պատասխանը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Հետաքրքիր է` ՀՅԴ-ականներից հատկապես ո՞ւմ ազդեցության տիրույթում է գտնվում այդ կուսակցության երիտասարդական միությունը: