ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների ավարտից հետո ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երեկ նման տեղեկություն են հրապարակել գրեթե բոլոր առաջատար թուրքական լրատվամիջոցները, որոնց պնդմամբ, ՆԱՏՕ-ի համար ռազմավարական որոշումներ ընդունող կառույցը` Ատլանտյան խորհուրդը, առաջարկել է առաջիկա 10 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Թուրքիայի ներկայացուցչի: Ռասմուսենի լիազորություններն ավարտվում են 2013 թվականին, սակայն նա այդ պաշտոնում մնալու է մինչեւ 2014 թվականի ավարտը: Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի լիազորությունները նույնպես ավարտվում են 2014 թվականին: Հենց այս փաստերի համադրմամբ, թուրքական մամուլը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում Գյուլի թեկնածության առաջադրումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Գյուլի թեկնածությունը կարող է 2016 թվականին առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: