«Ընտրություններին ծախսվել է 25 միլիոն դոլար»,- ասում է «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը

24/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Այս օրերին դպրոցական «Վերջին զանգի» արարողությանն ընդառաջ` բարձրացել են որոշ ապրանքատեսակների, ինչպես նաեւ` որոշ ծառայությունների գներ: Ի՞նչ է անում Ձեր ղեկավարած միությունն այս ուղղությամբ:

– Թանկացումը կա: Այդ երեւույթը միշտ գործում է հակառակ ուղղությամբ: Գներն ավելի մատչելի դարձնելու փոխարեն` բարձրացնում են: Ստույգ թվերով չեմ կարող ասել, թե դպրոցականների հետ կապված ծառայությունների գներն ինչքանո՞վ են թանկացել, որովհետեւ դա բարդ գործ է եւ մեր ուժերից վեր է:

– Սպառողներից բողոքներ չե՞ք ստացել նշյալ խնդրով:

– Սպառողներից բողոքներ շատ եմ ստանում, բայց կոնկրետ այդ թեմայով շատ չեմ ստացել բողոքներ: Օրինակ, վերջերս մի բողոք ենք ստացել, երբ կինը թանկարժեք կոշիկ է գնել, որի կրունկը պոկվել է երկրորդ օրը: Այդ հարցով, արդեն երրորդ օրն է` զբաղվում ենք, որպեսզի նա փոխհատուցում ստանա: Հատկապես շատ են նման հարցով դիմումները:

– Այնուամենայնիվ, «Վերջին զանգի» միջոցառման այս շրջանում բուռն առեւտուր է լինում: Հետամո՞ւտ չեք այդ խնդրին:

– Փորձեմ անդրադառնալ երեւույթին, որը նոր բացասական ավանդույթ է ստեղծել: Ծնողները, կարծես, տագնապի մեջ են: Երեխաներին թվում է, թե այդ օրը պետք է անկառավարելի բաներ անեն` ավտոմեքենաներով այս ու այն կողմ գնան, եւ այլն: Ռեստորանները, առկա շքեղությունն ու անզուսպ պահվածքն ընդհանրապես դուր չեն գալիս ինձ: Մենք` ծնողներս, ինչ-որ բանում թերանում ենք:

– Պարոն Պողոսյան, հետընտրական փուլում անմիջապես բարձրացավ շաքարավազի գինը: Այդ խնդրին ինչպե՞ս հետամուտ եղաք:

– Փորձեմ ավելի հանգամանորեն պատասխանել այդ հարցին: Մեզ մոտ ընտրությունների եւ գների միջեւ կապը վաղուց դիտարկում ենք, եւ արդեն ավանդույթ է այն, որ նախընտրական շրջանում գների աճը կանգնում է, իսկ հետընտրական շրջանում գների աճի նոր ալիք է սկսվում: Բացատրություններն ու պատճառները շատ են, որոնք բոլորն էլ անկհայտ են, եւ ես չեմ ուզում լինել հեծանիվ հնարողի դերում: Իմ տեղեկություններով` ընտրությունների հետ կապված ծախսվել է մոտ 25 միլիոն դոլար, թեեւ, կարծում եմ, իրականում ավելի շատ է ծախսվել: Եթե լրացուցիչ գումար է մտնում շուկա, ապա այդ ապրանքների եւ ծառայությունների գինը չի կարող տատանվել դեպի թանկացում: Շաքարավազի 99%-ի ներկրումը կատարվում է մեկ ձեռնարկության կողմից, իսկ բենզինի ներկրումը հիմնականում կատարում են երկու ձեռնարկություններ, որոնցից մեկին պատկանում է 42,5%, մյուսին` 41,5 %: Այսինքն` երկու ձեռնարկությունները թելադրում են բենզինի գինը` իրենց ցանկությամբ բարձրացնելով այն: Սա մենաշնորհի ուղիղ հետեւանք է: «Տնտեսական մրցակցության մասին» օրենքի համաձայն` մենաշնորհն արգելված չէ, բայց մենաշնորհը պետք է ենթարկվի բարեխիղճ մրցակցության սահմանված նորմերին: Ըստ այդ նորմերի` 30 %-ից ավելիի դեպքում պետք է գտնվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Եթե ամեն ինչ ճշգրիտ է լինում, ապա շարունակում է իր գերիշխող դիրքը պահպանել:

– Ո՞ր ապրանքատեսակներում եք արձանագրել գնի բարձրացում:

– Դա առաջնահերթ գրանցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում` շաքարավազ, կաթնամթերք, հաց: Կարծում եմ` այդքանը բավական է:

– Իսկ այդ գների աճը վերահսկելու մեխանիզմ կա՞: Ինչպե՞ս վերահսկել այդ իրավիճակը:

– Առաջին եւ վերջին հերթին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, ինչպես նաեւ` հասարակությունը: Պետական եւ հասարակական կառույցները պետք է աշխատեն համագործակցված, ընդ որում` բարյացակամորեն պետք է արվի դա: Մենք բոլորի հետ համագործակցում ենք, բայց այդ բարյացակամության էլեմենտը չի նկատվում, եւ եթե ավելի օպերատիվ աշխատենք, ապա շատ բաներ կարող ենք անել: Ինչպես մենք, այնպես էլ նրանք, թերություններ ունեն, բայց երկուստեք աշխատելու դեպքում օբյեկտիվությունն ու անվրեպությունը շատ անգամ կավելանա:

– Ամեն դեպքում սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններն ի՞նչ կարող են փոխել ստեղծված իրավիճակում:

– Մեր խնդիրը պրոբլեմները բարձրացնելը եւ լուծումներ առաջարկելն է: Ի՞նչ կարող ենք անել` ցույց անե՞նք, միեւնույն է` չի անցնում: Բացի դա, հասարակությունն ինքը չի ցանկանում մասնակցել զանգվածային ակցիաների: Մասնագիտական առումով` մեր գործառույթը առաջարկներ անելն է ու դրանք պնդելը: Իսկ առաջարկը հետեւյալն է` եթե խոսքը ներկրման մասին է, ապա պետք է սահմանվեն 20 տոկոսից ոչ ավելի քվոտաներ պետության կողմից: Այդ 20 տոկոսի համար պետք է մրցակցեն, իսկ մյուս խումբը պետք է տրոհվի, որպեսզի ամեն մեկն իրավունք ունենա ստանալ 20 կամ 30 տոկոսի ներկրման իրավունք: Լուծումներ կան, որոնք կիրառելի են այլ երկրներում: Շատ առաջարկներ կան, բայց հիշյալ օրինակն ամենաազդեցիկն է: Մյուս կողմից` ո՞վ չգիտի, որ մեր Ազգային ժողովի պատգամավորների 58 տոկոսը գործարարներ են: Դա դեռ պաշտոնական թիվն է, այնինչ իրականում ԱԺ-ի 70 տոկոսն է գործարար: Այսինքն` օրենք սահմանողները, կառավարողները, գործարարները հանդես են գալիս նույն դեմքով: