– Նախընտրական փուլում բավական շատ էր խոսվում բնապահպանության, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտի զարգացումների մասին: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, եւ ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումներն այդ հարցի մասին:
– Այն, որ հետընտրական շրջանում սպասվում են զարգացումներ` անառարկելի է: Հայաստանում հանքարդյունաբերությունը հասնելու է շատ մեծ ծավալների, քանի որ տրված արտոնագրերը, դրանց առկա հոսքը, ինչպես նաեւ նոր օրենսգրքով ամրագրված այն արտոնությունը, ըստ որի` առաջին հայտ ներկայացնողը ստանում է հանքի ուսումնասիրման կամ շահագործման արտոնագիրը, դա են վկայում: Դժբախտություն է, որ Հայաստանում իշխող համակարգը ստեղծել է այնպիսի օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանին պատկանող ազգային ունեցվածքը բաժին դարձնել մի քանի ընտանիքների: Ցավոք, բարեփոխման միտումներ չեմ տեսնում: Երբ 2008թ. ՀՀ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, հույս ունեինք, որ նա փոփոխություններ կկատարի: Հաշվի առնելով Գերագույն խորհրդում նրա կատարած աշխատանքը` վերջինիս ներկայացրեցինք այն հարցը, որ հանքարդյունաբերության ոլորտը չունի հայեցակարգ, եւ երկրորդ` հանքարդյունաբերությունը հիմնականում հանվել է հարկային դաշտից, ինչպես, օրինակ, այն, որ հանքարդյունաբերության թափոնները չեն հարկվում: Այս վերջին գործողությունը հանգեցնում է նրան, որ այն հանքավայրերը, որոնք չպետք է շահագործվեին մետաղների ցածր պարունակության պատճառով, այժմ դառնում են շահութաբեր եւ շահագործելի: Իսկ քանի որ ՀՀ-ն լեռնային, հրաբխային երկիր է, նշանակում է, որ երկիրն ամբողջովին պետք է դառնա հանքավայր: Ցավոք, ՀՀ նախագահը որեւէ արձագանք չի տալիս այս հարցին, եւ նույնիսկ չի խոսում այդ մասին: Մենք բազմիցս դիմել ենք նրան այդ հարցով, սակայն որեւէ արձագանք չենք ստացել: Ավելին` խոսակցություններ կան, ըստ որոնց` Թեղուտի հանքավայրը պատկանում է հանրապետության նախագահին: Այնուամենայնիվ, նախագահը գոնե պետք է պատասխանի այդ հարցին, օրինակ, ասելով, որ իրեն չի պատկանում Թեղուտի հանքավայրը: Մինչ օրս արտոնյալ վիճակում ավերվում է այդ բնական համակարգը, այսինքն` հանքարդյունաբերության ոլորտում փոփոխություններ չկան: Այլ բան է, որ նախագահին մոտ կանգնած անհատները փորձեն ճշգրիտ տեղեկատվություն տալ նախագահին` ասելով, որ տվյալ գործողությունը հակամարդկային եւ հակապետական է, եւ որ հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ: Բազմիցս փորձել եմ դիմել ՀՀ նախագահին, հանդիպել նրա հետ, բայց այդպես էլ չի հաջողվել: Նրանք գործ են անում, իսկ Հայաստանը մեռնում է: Փաստորեն, առանձին ընտանիքներ ստանում են շահ, իսկ ժողովուրդը մեռնում է, եւ մարդու ապրելու միջավայրը ոչնչանում եւ թունավորվում է:
– Այնուամենայնիվ, նախընտրական շրջանում բուռն խոսակցություններ կային Սյունիքի հանքարդյունաբերության մասին, ինչպես, օրինակ, «Դինո գոլդ Մայնինգ Քամփնիում» սպասվող զանգվածային կրճատումների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի լայնացման մասին:
– Շատերի մասին են խոսում, բայց, ցավոք, չեն խոսվում հիմնական գործողությունների մասին: Թեղուտի անտառի` Կնճլաքար եւ Աղետքին լավագույն հատվածում տրվել է երկու արտոնագիր: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ասեմ, որ նրանք երբեւէ հաշվի չեն առնում դրանք, եւ դա բխում է հասարակության թույլ լինելուց: Մենք չենք գիտակցում, թե ինչ է սպասվում մեզ: Վերջերս գնացել էի Մեղրի, որտեղ երկու հանքավայր է շահագործվում` Լիճքվազ Թեյի եւ Տերտերասարի հանքավայրերը: Այս պահին Մեղրի գետի վերին նիշում կառուցվում է չորրորդ պոչամբարը «Սիփան-1» ընկերության կողմից: Դրանից փոքր-ինչ վերին նիշում` Տաշտուն եւ Լիճք գյուղերից ներքեւ ընկած մասում, «Թեյ» բաց հանքավայրն է: Ըստ երկրաբանների` եթե «Թեյում» սկսեցին հանքահանություն`Մեղրիում անհնարին կլինի ապրել:
– Բայց, կարծես, Մեղրիի հանքարդյունաբերությանը անհամեմատ քիչ է անդրադարձը: Ինչո՞ւ:
– Պատճառն այն է, որ Մեղրին հեռու է եւ մատչելի չէ լրագրողների համար: Այս անգամ ինքս մեծ դժվարությունների հանդիպեցի Մեղրիում. չկարողացա մոտենալ ոչ մի պոչամբարի եւ լուսանկարել, քանի որ պոչամբարների տարածքը համարում էին արգելված գոտի: Իսկ դա համարում են արգելված գոտի, քանի որ այնտեղ խախտվել են բոլոր օրենքներն ու կանոնները, եւ ինչո՞ւ թույլատրեն լուսանկարել դրանք:
– Ձեզ ընկերության աշխատակիցնե՞րն էին արգելում:
– Պոչամբարները հսկող մարդիկ, այսպես ասած` պահակները, կամ տեղի բնակիչները, որոնց հետ այցելում էի այդ վայրերը: Վերջիններս խնդրում էին, որպեսզի ես չմոտենամ պոչամբարին եւ չլուսանկարեմ, քանի որ այնուհետ, ըստ նրանց, իրենք կունենան մեծ խնդիրներ: Ագարակի հանքավայրում գտնվում է 17-րդ դարի եկեղեցի, որը փորձում էի լուսանկարել: Ընդ որում` նշում էին, որ ընկերությունը գումար է հատկացրել, որպեսզի այդ եկեղեցին տեղափոխեն: Մեղրեցիները, ասես, կտրված են ՀՀ-ից: Այս աղքատության պայմաններում նրանք անգամ վառելիք չունեն, որ հասնեն մայրաքաղաք: Ի դեպ, հանքարդյունաբերության ոլորտից դուրս ուզում եմ մի դիտարկում անել Մեղրիի հիվանդանոցի մասին: Այդ հիվանդանոցը գտնվում էր բնության մի հրաշագեղ հովտում, որն առողջարանի կամ հանգստյան տան տպավորություն է թողնում: Համաշխարհային բանկի տրամադրած 4-5 մլն դոլար վարկի միջոցով հիվանդանոցն ուզում են տեղափոխել ավելի «նպատակահարմար» վայր: Արաքս գետից 20-30 մետր հեռավորության վրա` ճանապարհի անմիջապես եզրին, տեխնիկան մտցրել են եւ նոր հիվանդանոցի հիմքերն են գցում: Տեղացիների ասելով` նշյալ վայրում շատ են օձերը, կարիճները, մոծակները, այսինքն` հիվանդանոցի նախկին դրախտային վայրից մարդկանց բերում են մի սթրեսային վայր, որտեղ, իբր, պետք է բուժեն նրանց:
– Այնուհանդերձ, մեկ ամիս հետո Հայաստանը ներկայանալու է «Ռիո+20» գագաթաժողովին, որտեղ ներկայացվող բնապահպանական զեկույցում նշվել է մեր երկրում բնապահպանության ոլորտի առաջընթացի մասին: Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը:
– Այդ զեկույցը թղթի կտոր է, որ կազմակերպում է հասարակական կազմակերպությունը, եւ որը գնում է որպես պետական զեկույց: Իրականում այդ գագաթաժողովի կայուն զարգացման հայեցակարգն աշխարհի միակենտրոն կառավարման կամ, ինչպես անվանում են` 300-ի կոմիտեի կամ սիոնական կառավարության ծրագիրն է: Ինքս ուսումնասիրել եմ այդ ծրագիրը: Ինչեւէ, նշեմ, որ ինձ հասած տեղեկություններով` եւս 19 նոր հանքավայրի շահագործման արտոնագիր է տրվել Մեղրիի տարածքում: Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա նվազագույնը հիմարություն է մտածել ապագայի մասին: Ես հակված չեմ ասել, որ նախագահին կամ պատգամավորներին հանեն, բայցեւ պետք է արգելվի, որ նախագահն ունենա հանքեր, եւ ինքն էլ հանքավայրերի շահագործման թույլտվության, այսպես ասած` գլուխ կանգնած լինի, պետք չէ թույլ տալ, որ բնապահպանության նախարարը տիրանա հանքավայրերի, պետք չէ թույլատրել, որ ԱԺ պատգամավորները եւս հանքեր ունենան, ովքեր ՀՀ նախագահի եւ նախարարների հետ համաձայնեցված այնպիսի օրենքներ ընդունեն, որպեսզի իրենց անձնական շահույթը մեծ լինի: Սա պետք է կասեցնել: ՀՀ նախագահը սա պետք է ընդունի` որպես պարտադրանք:
– Դրա համար պայքարում են:
– Ո՞վ է պայքարում:
– Օրինակ, Դուք:
– Մենք չենք պայքարում: Սա ի՞նչ պայքար է: Ընդունենք` հոդված գրեցի, ուսումնասիրեցի, բայց ո՞վ է ուշադրություն դարձնում այդ ուսումնասիրություններին եւ խոսքին: Նրա՞նք են ուշադրություն դարձնում, ովքեր ունեն բարձր աթոռներ եւ իրենց չորս կողմում դրել են փորձագետներ եւ խորհրդատուներ, ովքեր ընդհանրապես ազգային հոգսերից հեռու են, ովքեր հայ ժողովրդին ջանասիրաբար դարձնում են կրոնական մի համայնք: Սրա՞նք են, որ կրոնի առարկա են մտցնում դպրոցում, որ մանկապարտեզում կրոնի քարոզչություն են անում, որ «Հայր մերը» պետք է արտասանեն ակադեմիական քննարկումներում, որ տերտերը պետք է խաչակնքի Կառավարության նիստից առաջ… Ես չեմ մերժում եկեղեցու դերը: Մենք ունենք կաթողիկոս, բայց ՀՀ նախագահը, վարչապետն իրավունք չունեն խաչակնքելու եւ կրոնականացնելու ժողովրդին: Նրանց վերապահված չէ այդ իրավունքը:
– Այսինքն` պայքարն անիմա՞ստ է:
– Ոչ, հակառակը: Ես մտածում եմ, որ հասարակությունը պետք է արթնանա` նախագահին պարտադրելով մտածել երկրի անվտանգության խնդիրների մասին: Իշխանության թիկունքին է կանգնած այնպիսի հանցագործ կազմակերպություն, ինչպիսին Համաշխարհային բանկն է` սիոնիզմի կարեւորագույն բանկերից մեկը… Եվ ի՞նչ են ներկայացնում միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված կոնվենցիաները, որոնցով կառավարվում ենք: Միայն այն հանգամանքից, որ երկրում պարտադրում են ջուրն ապրանք դարձնել եւ վաճառել, մենք մեծ կորուստներ ունեցանք գյուղատնտեսության ոլորտում, եւ կարող ենք հաշվարկել, թե քանի ընտանիք զրկվեց հողը մշակելու հնարավորությունից…
– Ամեն դեպքում անդրադառնանք նաեւ ուրանի հանքավայրերի ուսումնասիրությանը: ՀՀ բնական պաշարների եւ էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ այդ հանքավայրերը միայն ուսումնասիրության փուլում են:
– Երբ նրանք ստեղծեցին Ռուս-հայկական լեռնահանքային ընկերությունը, արդեն պարզ էր հետագա գործողությունը: Մի՞թե կարծում եք` ռուսներն առանց որեւէ շահ ունենալու` միլիոնավոր գումարներ կներդնեին այդ ոլորտում: 1957թ. ռուսները սկսել էին ուրանի պաշարների ուսումնասիրությունը, որն ընդհատվեց 1980-ականներին: Այդ հանքավայրերում նույնիսկ հարստություն չկա, բայց նրանք, այնուհանդերձ, կարդյունահանեն պաշարները: Երկիրը պետք է կառավարվի մասնագետների, այլ ոչ թե կուսակցական ու մանդատ ունեցողների կողմից:
– Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից:
– Ինչպե՞ս կարող եմ ասել, թե որն է ելքը: Ազգովի պետք է խնդրենք Սերժ Սարգսյանին, որ հետաքրքրվի նաեւ հայի ճակատագրով: Կարծում եմ` այդ ժամանակ երկիրը կգնա դեպի առողջացում: