«Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը` եւս մեկ անգամ մանկավարժներին ու հատկապես ծնողներին կոչ անելով ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնալ նրանց ավտոմեքենա վստահելուց, զերծ պահել ոգելից խմիչքների օգտագործումից եւ կանխել ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջեւ: Ն. Սարգսյանը բոլոր ղեկավարներին եւ իր ընկեր-բարեկամներին հորդորել է այդ օրն անտեղի չզանգահարել իրեն եւ ոչ մի արտոնություն չխնդրել, քանի որ «այս անգամ արտոնյալ ծնողներ եւ երեխաներ չեն լինելու, եւ տուգանվելու են ինչպես ղեկը երեխաներին հանձնած ծնողները, այնպես էլ անչափահաս երեխաները»: «Այս խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է` մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի, ավելի լավ է` մեզանից մեր ծանոթները նեղանան, բայց երեկոյան նրանց տանը երջանկություն լինի: Ուզում եմ, որ բոլոր այն ծնողները, ովքեր երեխաներին կվստահեն մեքենայի ղեկը, մի պահ գիտակցեն, որ դժբախտությունից մեզանից ոչ մեկն ապահովագրված չէ»,- ասել է Նորիկ Սարգսյանը: Երեկվա ասուլիսին մասնակցել է նաեւ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ով անդրադարձել է թիվ 102 դպրոցի բակում տեղի ունեցած դեռահաս աղջիկների ծեծկռտուքին: Հիշեցնենք, որ դա պատկերող տեսանյութը տարածվել էր համացանցում եւ բուռն քննարկումների առիթ դարձել: Ն. Դուրյանն ասել է, որ նախօրեին բացահայտվել են այդ միջադեպի մասնակիցները եւ ներկայումս ընթանում է նախաքննություն: Հարցին, թե ծեծկռտուքի մասնակից աղջիկներին ի՞նչ պատիժ է սպասվում, նա պատասխանել է, որ նախ տեղի ունեցածում առկա են խուլիգանության տարրեր: Այդուհանդերձ, դժվարացել է միանշանակ ասել, թե ինչ պատժի կարժանանան, բայց վստահեցրել է, որ այդ աղջիկներն անպայման հաշվառման կվերցվեն: