Տարօրինակ ֆինանսական շաբաթ

24/05/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած ֆինանսական շաբաթն ինչ-որ իմաստով տարօրինակ էր: Խոսքն ամենեւին էլ դրամի արժեզրկման մասին չէ: Դա սպասված էր: Ընտրակաշառքի արդյունքում կանխիկ փողի զանգվածը վաղ թե ուշ իր ավերը գործելու էր: Բայց սա լուրջ վտանգ չէ: Ի վերջո, մեր տնտեսությունն իր ծավալներով շատ պուճուր է: Կենտրոնական բանկի վարած «դրամավարկային քաղաքականություն» խրոխտ անունը կրող գործառույթն, ի վերջո, նույն այդ փոքր ծավալների պատճառով, ավելի շուտ միջնադարյան ալքիմիկոսի չափ ու կշեռք է հիշեցնում, քան տնտեսության իրական կառավարում: Ամեն ինչ դոզավորված է: Կամ հնարավոր է դոզավորել: Բայց, արի ու տես, որ դծբախտության պես բան է պատահել: Ազգային դրամն արժեզրկվում է: Դա, իհարկե, դժբախտություն չէր լինի, եթե մենք ունենայինք արտահանող տնտեսություն: Այս դեպքում ազգային դրամի չափավոր արժեզրկումը, հակառակը` կարող էր խթանել տնտեսության զարգացումը: 2012թ. առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրության համաձայն` ոչինչ չի փոխվել: Բովանդակային առումով ոչինչ չի փոխվել: Մեր տնտեսության հիմնական բնութագիրը ներմուծումն է: Այս ընթացքում Հայաստանն արտահանել է 63 մլն դոլարի արտադրանք եւ ներմուծել` 141 դոլարի: Այսինքն, մենք արտահանում ենք 2,5 անգամից ավելի պակաս, քան ներմուծում ենք: Սա նախորդ տարիներին ձեւավորված «ավանդույթ» է: Ձեւավորված ու կայուն «ավանդույթ»` մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների կրկնությամբ: Ինչպես միշտ, ներմուծումն ավելի արագ է աճում (32,4 տոկոս), քան արտահանումը (9.8 տոկոս) նախորդ տարվա համեմատ: Հետեւաբար` արժեզրկումը մեր տնտեսական կյանքի համար միայն բացասական է: Այն հանգեցնելու է գնաճի` հնարավոր բոլոր բացասական հետեւանքներով: Դա էլ նորություն չէ: Մենք դրա հետ վաղուց ենք համակերպվել: Բայց անցած շաբաթը նոր փաստեր արձանագրեց: Նոր ու անհասկանալի: Նախ` երեք օր առաջ մեր բորսաներում եվրոյի առք ու վաճառքի տարօրինակ մեծ ծավալ արձանագրվեց: Առքուվաճառքի ծավալը 152.7 մլն եվրո էր: Նախկինում եվրոյի շաբաթական առքուվաճառքի ծավալը երբեք չէր գերազանցում 10 մլն եվրոյի ծավալը: Հայաստան տարադրամ հիմնականում փոխանցվում է Ռուսաստանից: Ռուսաստանից եւ հիմնականում ԱՄՆ դոլարով: Հետեւաբար` վերլուծություններ հայտնվեցին, որ Հայաստան սկսել են ներկրել եվրո, փոխանակել այն դոլարի եւ արտահանել դոլար: Ճիշտ այս գործարքից մեկ օր հետո եվրոն սկսեց արժեւորվել դոլարի համեմատ: Ակնհայտ է, որ մեր ֆինանսական շուկան ներքաշվել է սպեկուլյացիոն գործընթացների մեջ: Հետեւաբար` ազգային դրամի համարժեքը դոլարի նկատմամբ ամենեւին էլ տնտեսական գործընթացների հետեւանք չէ: Երկու օր առաջ բորսայում դոլարի առքուվաճառք չկատարվեց: Գնելու պահանջարկ ներկայացնողները առաջարկում էին մեկ դոլարի դիմաց 401.5 դրամ: Իսկ վաճառողները ցանկանում էին մեկ դոլարի դիմաց ստանալ առնվազն 402 դրամ: Վերջին երկու տարում տարադրամի փոխարժեքը 400-ի «հոգեբանական» ցուցանիշը չէր գերազանցել: Եվ հաջորդ օրը դոլարը վաճառվեց 400 դրամից թանկ գնով: Վաճառվեց 20 մլն դոլար: Ֆինանսական բորսաներում կտրուկ ընկան տարադրամի վաճառքի ծավալները: Փոխարենը` կտրուկ աճել են առեւտրային բանկերի փոխանակման կետերում կատարվող գործարքների ծավալները: ԿԲ հրապարակած տվյալներով` միայն մայիսի 14-18-ը հինգ օրվա ընթացքում փոխանակման կետերը գնել-վաճառել են մոտ 90 մլն դոլար: Այսինքն` տարադրամի պահանջարկը հիմա բավարարվում է հիմնականում բնակչության հաշվին: «Էլի գարուն կգա, կբացվի վարդը». սա բոլորն են հիշում: Մեր ֆինանսական սպեկուլյանտները գարնան հետ ուրիշ հույսեր են կապում: Գարնանը մեր արտահանած աշխատուժը ընտանիքներին է փոխանցում իր առաջին աշխատավարձը: Փոխանցում է հիմնականում ԱՄՆ դոլարով: Որովհետեւ մեր արտագնա աշխատուժի զբաղվածության կենտրոնը Ռուսաստանն է: Հետեւաբար` գնաճի հնարավոր մեթոդներով հարկավոր է բնակչության ձեռքից հնարավորինս շատ տարադրամ կորզել: Իսկ դա հնարավոր է անել երկու մեթոդով: Նախկինում հիմնականում կիրառվում էր սպառողական ապրանքների գները բարձրացնելու մեթոդը: Այս գարունն առանձնահատուկ է` նախընտրական-հետընտրական ու կրկին նախընտրական (խոսքը նախագահական ապագա ընտրությունների մասին է): Ուստի գները բարձրացնելու հնարավորություն նախորդ տարվա նման չկա: Իշխանությունները թույլ չեն տալիս` հնարավորինս կարգավորելով այդ գործընթացը: Վասն սեփական վերարտադրության: Հետեւաբար` այս տարի նորույթ կիրառվեց: Ապրանքների գնաճին զուգահեռ` բարձրացավ նաեւ բնակչության տնօրինած (անկեղծ ասած, լեզուս չի պտտվում ասելու` խնայողության) ֆինանսական հիմնական միջոցի` դոլարի գինը: Բարձր գնով փոխանակումը «ոգեւորում» է սպառողին: Բայց խաղաղ բնակչությունը չի էլ ենթադրում, որ կրկին իր գրպանն են մտել: Մինչդեռ մեր հարազատ ու ազգային տարադրամին նույնիսկ նույնքան հարազատ ու ազգային Կենտրոնական բանկը չի վստահում: Վերջին պաշտոնական տվյալներով` ԿԲ ակտիվների 73 տոկոսը պահվում է արտարժույթով: Անկեղծ ասած, սա ամենեւին էլ անսպասելի երեւույթ չէ: Մեր օլիգարխներն էլ են հենց հիմա այդ «գծի վրա»: Նրանք փորձում են հնարավորինս արագ հետ հավաքել բաժանած ընտրակաշառքները: Հետ հավաքել ու նույն արագությամբ պահուստավորել` նախապես տարադրամի վերածելով: Ահա թե ինչու է վերջին շաբաթվա ընթացքում ավելացել տարադրամի պահանջարկը: Վերջին շաբաթվա ընթացքում ես տարադրամ չեմ գնել: Իսկ դո՞ւք: