Կընդգրկվի տասնյակում

24/05/2012

«Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թվականը` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, ընդգրկվել աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների թվում»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Աստանայում տեղի ունեցած 5-րդ տնտեսական ֆորումի ժամանակ: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդ նպատակին հասնելու համար: Այդ կապակցությամբ մենք սկսել ենք մեծ ուշադրություն հատկացնել մասնավոր սեկտորի զարգացմանը: Թուրքիան ունի կայուն զարգացող տնտեսություն: Թուրքիայի արագ տնտեսական աճի եւ նրա կայունության ամրապնդման տեմպերի մասին է վկայում այն փաստը, որ 10 տարի առաջ Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում էր 230 միլիարդ դոլար, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը հասցվել է 775 միլիարդ դոլարի: Ընդ որում, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 500 դոլարից հասցվել է ավելի քան 2400 դոլարի: Թուրքիայի Կենտրոնական բանկի արժութային պաշարներն այսօր կազմում են 93 միլիարդ դոլար, մինչդեռ 9 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 27 միլիարդ դոլար: Նախկինում ինֆլյացիան կազմում էր ավելի քան 30 տոկոս, մինչդեռ այսօր այն կազմում է 10.5 տոկոս: Ակնկալվում է, որ հաջորդ ամիս այն էլ ավելի կնվազի: 10 տարի առաջ երկրի պետական արտաքին պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 74 տոկոսը: Այսօր այդ ցուցանիշը զգալիորեն նվազեցվել է, ինչը հնարավորություն է տվել դրական արդյունքներ գրանցել զբաղվածության, արտադրության, առեւտրի ոլորտներում եւ նպաստել է Թուրքիայի հանդեպ վստահության աճին»,- ասել է Էրդողանը: Նա նաեւ հայտարարել է, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման թուրքական մոդելը կարող է օրինակ հանդիսանալ շատ երկրների համար: «Թուրքիայի փորձն ու միջնաժամկետ ծրագրերը շատ կարեւոր դեր են խաղացել ճգնաժամի հետեւանքների հաղթահարման հարցում: Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր պայմանները, որոնց շրջանակներում նա պայքարում է ճգնաժամի դեմ եւ հստակեցնում է տնտեսական աճ գրանցելու իր ռազմավարությունը: Սակայն մեր վարած ֆինանսական ու սոցիալական քաղաքականությունը կարող է օրինակ հանդիսանալ շատ երկրների համար: Այն երկրները, որոնցում ճգնաժամն ունեցել է ամենալուրջ հետեւանքներ, պետք է արագացնեն իրենց ֆինանսական ու տնտեսական համակարգերի բարեփոխումների գործընթացը: Վերջին 10 տարիներին Թուրքիայի տնտեսությունն անցել է լուրջ բարեփոխումների միջով: Մեր բանկային ու հարկային համակարգերում գրանցվել է լուրջ առաջընթաց` չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Վերջին երկու տարիներին, երբ ամենաշատն էր զգացվում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, Թուրքիան իր մոտ ստեղծել է 3.5 միլիոն նոր աշխատատեղ: 2002 թվականին Թուրքիայի արտահանումը կազմում էր 36 միլիարդ դոլար, ինչը 2008 թվականին հասցվեց մինչեւ 138 միլիարդ դոլարի: Այդ արդյունքը ճգնաժամի պատճառով պահպանվեց նաեւ 2010 թվականին: Այսօր Թուրքիայի տնտեսական աճը շատ բարձր է, 2010 թվականին այն կազմել է 8.5 տոկոս, ինչը հանդիսանում է Տնտեսական համագործակցության ու զարգացման երկրների թվում ամենաբարձր ցուցանիշը: Այսօր Թուրքիան Արժույթի միջազգային հիմնադրամին պարտք է 1.9 միլիարդ դոլար` նախկինի 22 միլիարդ դոլարի փոխարեն: Թուրքիայի տնտեսության մեջ օտար ներդրումների ծավալը կազմում է 16 միլիարդ դոլար: Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծել նոր ներդրումների ներգրավման համար»,- ասել է նա: