Ծառուկյանի ու Քեյնսի հետեւորդը

24/05/2012

ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հերթական գրառումն է կատարել Ֆեյսբուքի իր էջում: Երեկվա գրառման թեման տնտեսական քաղաքականությունն է, որը, թերեւս, պատասխան է նաեւ վարչապետ Տ. Սարգսյանի` նախորդ շաբաթ Օսկանյանին ուղղված քննադատությանը: «Օրերս Քեմփ Դեւիդում «Մեծ ութնյակի» առաջնորդները քննարկում էին, թե ինչպես պետք է հաղթահարել տնտեսական ճգնաժամերը: Նրանք բոլորը համաձայնեցին, որ այսօրվա իրավիճակում աճի եւ խնայողության (growth vs austerity) մշտական բանավեճում նախապատվությունը պետք է տալ ոչ թե խնայողությանն ու զսպողականությանը, այլ տնտեսության խթանմանը եւ աճին: Սա ուսանելի պետք է լինի նաեւ Հայաստանի համար: Ընդհանրապես, յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ տնտեսական զարգացման մրցակից տեսությունները հայտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում, երբ քաղաքական առաջնորդները ստիպված են ուղիներ որոնել տնտեսությունները ծանր վիճակից դուրս բերելու համար: Բանավեճն ընթանում է երեք հարթություններում: Առաջինը Քեյնսի եւ մոնետարիստների բանավեճն է այն հարցի շուրջ, թե որ քաղաքականությունն է առավել արդյունավետ տնտեսության խթանման համար` հարկաբյուջետայի՞նը, թե՞ մոնետարիստների կողմից առաջարկվող դրամավարկայինը: Երկրորդը` Քեյնսի տեսության եւ Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի տեսության շուրջ բանավեճն է, թե արդյոք շուկայի ուժերը բավարա՞ր են տնտեսության կարգավորման եւ ճգնաժամից դուրս գալու համար, թե՞, ինչպես Քեյնսն է պնդում, այս հարցում անհրաժեշտ է կառավարության անմիջական եւ հետեւողական միջամտությունը: Երրորդը Քեյնսի` աճի եւ Հայեկի` խիստ խնայողության տեսությունների շուրջ բանավեճն է, որ երբ տնտեսությունն իր վրա կրում է պետական մեծ պարտքի եւ դանդաղ աճի ծանր բեռը, ո՞րն է ելքը` ա՞ճը, թե՞ խնայողությունը: Ասեմ, որ ինքս Քեյնսի հետեւորդ եմ: 2009թ. ճգնաժամը եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեցին, որ Քեյնսը ջախջախիչ հաղթանակ է տարել: Ամենավերջին հաղթանակը, ինչպես նշեցի, Քեմփ Դեւիդում արձանագրվեց:

Ցավոք, անցած չորս տարիներին յուրաքանչյուր քայլափոխի մեր կառավարությունն իր վարած քաղաքականությամբ գլոբալ այս վեճերի հարթությունում շահող կողմում չի հայտնվել` նախապատվությունը միշտ տալով դրամավարկային քաղաքականությանը, տնտեսության կարգավորումը հնարավորինս թողնելով շուկայական ուժերին եւ, վերջապես, առավել հակված լինելով զսպողականությանը, քան տնտեսության խթանմանը եւ աճին: Այսօր արդեն կասկածից վեր է, որ կառավարության վարած քաղաքականությունն ամբողջական վերանայման կարիք ունի: Պետք է փոխվի դրա ողջ գաղափարախոսությունը, ընտրված թիրախները եւ շեշտադրումները»,- գրել է Օսկանյանը: