Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Դայան Սուվեյնը 5-օրյա այցով Հայաստանում է` դասախոսություններ կարդալու եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական կուրսի համար նոր ծրագիր մշակելու նպատակով: Նրա հետ զրուցեցինք գիտության ֆինանսավորման ու ոլորտում կանանց դերի մասին: Դ.Սուվեյնը կարծում է, որ կանանց պետք է հավասար հնարավորություն տալ` գիտության ու տեխնիկայի մեջ լիարժեքորեն ինքնադրսեւորվելու համար: «Այս հարցում ես կողմնակալ եմ, իհարկե: Եթե կանայք, կոպիտ հաշվարկներով, հասարակության 50 տոկոսն են կազմում, պետք է 50 տոկոսով լինեն նաեւ գիտության մեջ, եթե ցանկանում են: Իմ տեսանկյունից սա գրավիչ ոլորտ է, բայց պետք է հնարավորություն ունենաս ներգրավվելու»,- ասաց պրոֆեսորը: Նա հիշեց, որ երբ ընդունվեց Հարվարդի համալսարան, իրենց կուրսում ընդամենը իգական սեռի 2 ներկայացուցիչ էին: Տնային աշխատանքների խմբային քննարկումների ժամանակ խմբի տղաները նրանց չէին ընդգրկում, եւ առաջին կիսամյակի ընթացքում նա ոչ մի անգամ հնարավորություն չէր ունեցել մասնակցել ինտերակտիվ քննարկումներին: Դ.Սուվեյնը նշում է, որ դա ծայրահեղ օրինակ է, բայց շատ վայրերում այժմ էլ կանայք զրկված են մասնակցության իրավունքից, ինչը խոչընդոտում է նրանց առաջ գնալու ցանկությանն ու հնարավորությանը: «Բայց սա ընդհանուր կանոն չէ, շատ վայրերում կանայք խրախուսվում են, եւ պետք չէ միանշանակ ընդունել ասածս: Մյուս կողմից` մենք պետք է ունենանք կրթության տարբեր մոդելներ, որպեսզի ամեն մեկը գնա ու կարողանա օգտագործել իր ամբողջ ներուժը»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ շատ բան կախված է ընտանիքներից, որտեղ կա՛մ կարեւորում, կա՛մ անտեսում են գիտության դերը, իսկ մարտահրավերը հաղթահարողներն իսկապես գիտակցում են պատասխանատվության չափն ու ճիշտ ուղու վրա են:
Իսկ գիտության ֆինանսավորումը, նրա կարծիքով` պետք է լինի համագործակցային եղանակով` ոչ միայն մասնավոր հիմնադրամների, լաբորատորիաների ու արդյունաբերության, այլեւ պետական միջոցների հաշվին: «Դա բարդ խնդիր է: Կարծում եմ` մենք պետք է ավելի համագործակցող լինենք: Ակնհայտ է, որ հիմա աշխարհն ունի տնտեսական խնդիրներ, եւ մենք պետք է ուղիներ գտնենք, որպեսզի պետությունից ֆինանսավորում ստանանք այնքան, ինչքան հնարավոր է: Բոլոր ուղիները պետք է դիտարկել գիտության ու տեխնիկայի ֆինանսավորման համար, քանի որ հստակ է` գիտական նորարարություններն են, որ նպաստում են բարձր չափանիշների ստեղծմանն ու տնտեսական բարգավաճմանը: Պետականի ու մասնավորի գործակցություն պետք է լինի, բայց պետությունը պետք է ներգրավված լինի, քանի որ գիտության ձեռքբերումները նպաստում են երկրի ու հասարակության առաջընթացին»: