«Մենք էս երկրից բան չենք հասկընա»,- ասում է բազմազավակ Լուսինեն

24/05/2012

«Մեզի կըսեն` ինչի՞ եք ըդքան երեխա ունեցել, օր հըմի էլ տուն կպահանջեք: Քաղաքապետն էլ է նույն բանն ըսել, նախկին մարզպետ Լիդա Նանյանն էլ: Վարդան Ղուկասյանին դիմեցինք, մեզի «Դոսի» շենքերի էդ կիսաքանդ բնակարաններից տվեց, չվերցրինք, որովհետեւ դրանք տուն չեն: Հետո նորից ենք դիմել, մեզի ուղարկեց ձրի սնվելու ճաշարան: Թե ինչ կապ ուներ մեր տան պահանջն էդ ճաշարանի հետ, չհասկցանք: Դե, մենք էլ ինքնասիրություն ունենք, էլ իրան էդ հարցով չենք դիմել: Նանյանն էլ հեռուստացույցով ելույթ ունեցավ, թե` թող գան մեզ դիմեն` կօգնենք, բայց էլի ոչ մի բան չարեց: Մենք էս երկրից բան չենք հասկընա: Կըսեն` երեխա բերեք, թող ազգը շատանա, հետո էլ կնախատեն, թե ինչի՞ եք շատ բերել»,- 36-ամյա Լուսինեի կանաչակապտավուն աչքերում տխրություն չկա, ավելի շուտ իրավիճակի հետ համակերպվածություն եմ նկատում:

Հասմիկ, Մանուշակ, Լիաննա, Աննա, Նարինե, Իսրայել, Սամսոն, Մելինե, Էլինա, Անահիտ, Իրինա. 9 աղջիկ, 2 տղա: Մեծը 17 տարեկան է, փոքրը` 3: 2011թ. սեպտեմբերին Լուսինեն լույս աշխարհ բերեց երկվորյակ աղջիկների, սակայն` մահացած, այլապես Գեւորգյանների ընտանիքում այսօր 11-ի փոխարեն` 13 երեխա կլիներ: Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի 49 տանը Գեւորգյանները վարձով են բնակվում:

«Էս տունն էլ հազիվ գտանք: Հեչ մարդ չէր ուզե մեզի վարձով տուն տալ: Դե, կտեսնեին օր շատվոր ենք, երեխեքը փոքր են հիմնականում, կվախենային տուն տային: Էս տունն էլ տվեցին, որովհետեւ էնքան էլ բարվոք չէր, պատերը ճաքած, մի քիչ խարխլված է, տանիքը կկաթա, բայց ուրիշ ճար չունեինք, դոմիկների մեջ ապրելն արդեն անհնար էր: 8 տարի ապրանք, բայց օր նորմալ հարմարություններ չկար, մենք էլ արդեն 13 անձ էինք, ստիպված վարձով եկանք ըստեղ ապրելու»,- պատմում է բազմազավակ մայրը:

Երբ ամուսնացան, Լուսինեն` 17, իսկ ամուսինը` Արտյոմը, 19 տարեկան էին: Սիրահարված չեն եղել, բայց մեծ ու ամուր ընտանիք ունենալու գաղափարը միավորել է երկուսին: «Երեխան Աստծո պարգեւն է, մենք իրավունք չունենք վիճարկելու նրա ապրել-չապրելու հարցը»,- ասում է 38-ամյա Արտյոմ Գեւորգյանը: Նրա եղբայրը նույնպես բազմազավակ ընտանիքի հայր է. 6 երեխա ունի: «Մեր երկրում, բացի նպաստ տալուց, բազմազավակ ընտանիքներին ուրիշ արտոնություն չեն տա: Սովետի վախտ տունը կուտային, ավտոն կուտային, հանգստյան տան ուղեգիր տարվա մեջ գոնե մեկ անգամ կհատկացնեին: Մեր մոտ, փաստորեն, շատ երեխա ունենալը պետության համար հոգս է: Ես չեմ ըսե` իմ երեխեքիս դու պահե, պետություն: Ես կըսեմ` գոնե տուն տուր, մնացածը մենք մե ձեւիմ էլի կկարգավորենք»,- նեղսրտում է Արտյոմը:

Ամուսնանալուց հետո Արտյոմն ու Լուսինեն բնակվել են Երեւանյան խճուղի թիվ 143ա վթարային շենքի թիվ 31 բնակարանում: Երկրաշարժից վնասված շենքի միակ բնակիչներն էին. բոլորը հեռացել էին, իսկ իրենք մի կերպ հարմարվել էին, որովհետեւ այլընտրանք չունեին: Երբ 2002թ. շենքն ամրացրին, 3 սենյականոց բնակարանը մարզպետարանը կրկին հատկացրեց սեփականատերերին, այսինքն` Արտյոմի ծնողներին` հայտարարելով, որ պետությունը Գեւորգյանների նկատմամբ այլեւս ոչ մի պարտավորություն չունի: Այդ ժամանակ Լուսինեն ու Արտյոմն արդեն 6 երեխա ունեին: 3 սենյականոց բնակարանում պիտի ապրեին նաեւ Արտյոմի եղբոր ընտանիքը, ծնողները եւ չամուսնացած քույրը: «Մենք ստիպված եղանք 2 հատ 9 մետրանոց դոմիկ առնել ու տեղափոխվել ապրելու «Օդանավակայան» թաղամաս: Անհնար էր 12 հոգով մի տան մեջ ապրելը: Դրա համար էլ ես որոշեցի ընտանիքս առնել դուրս գալ,- պատմում է Արտյոմը: – Եթե հըմի մնայինք, սաղս իրար հետ կլինեինք 24 հոգի: Մենք ինչքան դիմել ենք տան համար, մեզի կառավարության թիվ 432 որոշումն են ցույց տվել: Բայց պետությունը մեր նման ընտանիքների համար, իմ կարծիքով, պիտի առանձին որոշում հանե»:

Բնակարան ստանալու խնդրանքով Արտյոմն ու Լուսինեն բախել են բոլոր պատկան ատյանների դռները: 2008թ. ՀՀ նախագահին հասցեագրված դիմում-նամակի պատասխանը ստացել են Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանից: Վերջինս հիշեցրել է Գեւորգյաններին, որ մարզպետի 2003թ. նոյեմբերի 5-ի թիվ 290 որոշմամբ Երեւանյան խճուղի 143ա շենքի թիվ 31 երեք սենյականոց բնակարանը հատկացվել է նրանց 12 անձից բաղկացած ընտանիքին: «Ելնելով վերոգրյալից, ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12ա կետի համաձայն, ձեր բնակարանային պայմանները բարելավվել են: Դուք այլեւս չեք համարվում երկրաշարժից անօթեւան եւ իրավասու չեք օգտվելու երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար ՀՀ Շիրակի մարզում իրականացվող բնակարանային փոխհատուցման որեւէ ծրագրից»,- նշված է եղել պատասխան նամակում: Իսկ ահա 2009թ. դեկտեմբերի 1-ին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացված պատասխանում մերժումը պաշտոնյան հիմնավորել էր նրանով, որ բնակարան իրենք տրամադրում են «Պետական աջակցություն եւ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» եւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանի տրամադրում» ծրագրերի շահառուներին: Իսկ Գեւորգյանները, ցավոք, չեն բավարարում ծրագրի շահառու դառնալու պայմաններին: «Էս պատասխանն օր ստացանք, ես ու ամուսինս շվարել էինք, ուրեմն մենք պիտի մեռնենք, որ մեր երեխեքը բնակարան ստանան. քանի մենք կանք, իրավունք չենք ունենա սեփական տան մեջ ապրելու»,- բարեսրտորեն ծիծաղում է Լուսինեն: Գեւորգյանների 11 զավակներից 6-ը հաճախում է թիվ 27 հանրակրթական դպրոց, երեքը` մանկապարտեզ, մեծ աղջիկը` Հասմիկը, սովորում է Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանի «Կար ու ձեւ» բաժնում: Տանը մոր հետ մնում է միայն 3-ամյա Իրինան: Փոքրիկը քույրերից ամենաաշխույժն է ու ծնողներից անընդհատ պահանջում է իրեն մանկապարտեզ տանել: Նրա` ձիթապտուղ հիշեցնող աչուկներում անհոգության երանգներ են, ու նա միակն է, որ տան 12 անդամների նման` ոչ թե սեփական տան մասին է երազում, այլ մանկապարտեզ կոչված ինչ-որ խորհրդավոր բանի, ուր ամեն առավոտ հաճախում են իրենից մեծ քույրիկները: Ընտանիքի միակ եկամուտը 95.000 դրամ նպաստն է եւ Արտյոմի` պատահական աշխատանքով վաստակած գումարները: Ամեն ամիս 100 կգ ալյուր են գնում: Հացը տանն են թխում: Անցած ձմեռ միայն 800 կգ կարտոֆիլ են գնել, այն էլ` պարտքով: Տարբեր բարեգործական կազմակերպություններ օգնում են հագուստի հարցում: Ժամանակ առ ժամանակ աջակցում են` օգտագործած էլեկտրաէներգիայի գումարը փոխհատուցելով: Տիկնիկային թատրոնի տոմսեր են տրամադրում, միջոցառումների են հրավիրում` ասում է Լուսինեն: Իրենց կյանքի ամենանշանակալից միջոցառումը եղել է 2011թ. մայիսի 15-ին նշվող «Ընտանիքի օր» տոնակատարության շրջանակներում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանին հյուրընկալվելը: «Պատվոգիր ու 100.000 դրամ տվեցին` որպես երիտասարդ, բազմանդամ ընտանիքի,- պատմում է Լուսինեն: -Ես գիտեի, որ էլ ուրիշ առիթ չեմ ունենա անձամբ ԱԺ նախագահի հետ խոսելու, ու էն պահին, օր ինքը կանցներ մոտիցս, թեւից բռնեցի: Կարող է` արածս անշնորհքություն էր, բայց տան հարց կար, ու ես պրն Աբրահամյանից խնդրեցի մեզ աջակցել: Ինքն էլ, թե` տիկին, կարո՞ղ է ճիշտ չեք ասում, մեզ պրն Ղուկասյանն ասել է, որ Գյումրիում նմանատիպ բոլոր հարցերը լուծված են: Քիչ մնաց գետինը մտնեի, փաստն էն էր, օր ես տուն չունեի, բայց մարդիկ կկասկածեին իմ ըսածներիս վրա»:

Այդ ժամանակ Լուսինեն հղի է եղել: Գիտեր, որ երկվորյակներ են ծնվելու: Այդ մասին հայտնել է Հովիկ Աբրահամյանին, վերջինս էլ հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որ երկվորյակները ծննդատնից ոչ թե վարձով, այլ իրենց սեփական տունը տեղափոխվեն: «Բայց դե, երեխաներից մեկը մահացած ծնվեց, մյուսը 10 օր հետո մահացավ: Հովիկ Աբրահամյանն էլ հիմա իր պաշտոնում չէ, ու խոստումն էդպես էլ խոստում մնաց: Մեր միակ հույսը երկրի նախագահն է: Պատրաստ ենք կրկին նամակով դիմելու, բայց բացարձակ վստահ չենք, թե գրածներս իրան կհասնի»,- ասում է Լուսինեն:

Արտյոմն ու Լուսինեն իրենց խիստ ծնողներ չեն համարում: Քիչ են պատժում, ծայրահեղ դեպքում մի կարճ ժամանակով անկյուն են կանգնեցնում չարության հեղինակին: Տանը հեռուստացույց չունեն: Արտյոմի կարծիքով` այդ «արկղը» պարզապես խաթարում է երեխաների ներաշխարհը, անգամ մուլտֆիլմերն ագրեսիա են պարունակում: «Իսկ լուրեր լսելու ցանկություն չե՞ք ունենում»` հարցնում եմ Արտյոմին: «Լուրե՞ր,- Արտյոմը ծիծաղում է: -Մե կես ժամով դուրս արի հայաթ, ահան քեզի լուր: Դե, մենք հո մեկուսացվա՞ծ չենք, հարեւանների հետ կշփվինք, ընկեր, հարազատ-բարեկամ գուկան-կերթան, կշփվինք, էդ քու ըսածդ լուրերը սաղ կիմանանք, ի՞նչ կարիք կա, օր հեռուստացույց նայենք»:

Խնդիրները շատ են, սակայն Գեւորգյանները ձգտում են, որ երեխաները գոնե միջնակարգ կրթություն ստանան: «Շատ լավ կսորվին երեխեքս, բայց ես հըմի, ուզեմ-չուզեմ, Մանուշակիս ու Լիաննայիս պիտի 9-րդ դասարանից հանեմ, տունը նստցնեմ: Բարձրագույն կրթության տալը երազանք է: Հասմիկս կարի մեքենա կուզե, օր առնինք, իրա կար ու ձեւն էնե, ես լվացքի մեքենա չունիմ: Դե, տան խնդիրը կա ու կա: Նոր տարուն մարզպետարանի երեխաների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը հրավիրել էր, որ նվերներ տար, Մելինեին հարցրեց, թե` ինչ գուզեիր, օր Ձմեռ պապին բերեր, երեխես տուն ուզեց: Դա մեր բոլորիս ամենամեծ ու նվիրական երազանքն է»,- ասում է Լուսինեն:

Երանուհի ՍՈՂՈՅԱՆ

hetq.am