Մայիսի 22-ին Բուլղարիայի օրենսդիր մարմինը հաստատել է այդ երկրի մասնակցությունը «Nabucco» նախագծին: Սա ուշագրավ է այն առումով, որ ավելի վաղ Բուլղարիան Ռուսաստանի հետ ստորագրել էր «ճանապարհային քարտեզ» «Հարավային հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ: «Nabucco»-ին միանալու մասին փաստաթուղթը նախատեսում է շինարարության մեջ ներդրումների, գազատրանսպորտային համակարգի շահագործման ու սպասարկման հարցեր: Նշենք, որ այս տարվա ապրիլին Բուլղարիայի իշխանությունները «Nabucco» նախագծին ներգրավումը հայտարարել էին ազգային առաջնահերթություն: Այդ ճանապարհով Բուլղարիան մտադիր է դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները` առաջին հերթին ազատվելով Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունից: Հիշեցնենք, որ «Nabucco»-ի նախագծով բնական գազը մատակարարվելու է Ադրբեջանից, Ղազախստանից կամ Թուրքմենստանից դեպի ԵՄ երկրներ` շրջանցելով Ռուսաստանը: Նախագիծն իրացնելու է «Nabucco Gas Pipeline International» միջազգային կոնսորցիումը, որի կազմում են եվրոպական երկրների գազային ընկերությունները` Գերմանիա, Ավստրիա, Բուլղարիա, Ռումինիա ու Թուրքիա: «Nabucco»-ի շինարարության իր մասնաբաժինը ֆինանսավորելու համար Բուլղարիան դիմել է Եվրոպական ներդրումային բանկ` եւ նախատեսում է ստանալ 1.2 մլրդ եվրովարկային միջոցներ: