Ինչպիսի՞ն են հայտնի ֆուտբոլիստների կանայք կամ ընկերուհիները

24/05/2012

Հանգստյան օրերը թեժ էին ֆուտբոլի երկրպագուների համար, որոնց շարքում քիչ չեն նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Bravo.am-ը ներկայացնում է այն երջանիկներին, ովքեր ամենակարեւոր կամ ֆուտբոլից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում ֆուտբոլիստների կյանքում: Առաջներում աղջիկները երազում էին ամուսնանալ` տիեզերագնացի, հետո արդեն` բանկի կառավարչի հետ: Այժմ շատերը ցանկանում են իրենց կողքին տեսնել ֆուտբոլիստի, իսկ ոմանք էլ արդեն իսկ հարուստ, գեղեցիկ, բարեկազմ մարզիկի ընկերակցությունն են վայելում, որի համար խենթանում են մոլորակի բնակիչներից շատերը: Նշենք նաեւ, որ հեղինակավոր ֆուտբոլիստների ընկերուհիները կամ կանայք եւս գեղեցիկ են, հարուստ, հայտնի եւ ոչնչով չեն զիջում իրենց զուգընկերներին:

Չելյաբինսկում ծնված Իրա Շայխլիսլամովան հանրությանը հայտնի գեղեցկուհի Իրինա Շեյքն է, ով, բացի հաջողակ մոդել լինելուց, լավագույն եւ ցանկալի ֆուտբոլիստներից մեկի` Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին է: Ի դեպ, լուրեր են պտտվում, որ զույգը կամուսնանա այս տարվա հուլիսին:

Դեռ չգիտենք, թե ինչպես կդասավորվի Շեյքի եւ Ռոնալդուի համատեղ կյանքը, իսկ Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների ամուսնական երջանիկ կյանքի մասին լեգենդներ են հյուսվում: Արդեն 13 տարի է` զույգը միասին է եւ 4 երեխա ունի:

Երաժշտական աշխարհում բարձունքների հասած, մոլորակի ամենասեքսուալ կնոջ տիտղոսին երկու անգամ արժանացած Շակիրան 11 տարի հանդիպել է Արգենտինայի նախկին նախագահի որդու հետ: Զույգը բաժանվել է 2011 թվականին, ինչից հետո երգչուհու կողքին հայտնվել է նոր փեսացու` «Բարսելոնա» ակումբի պաշտպան Ժերար Պիկեն, ով, ի դեպ, 10 տարով փոքր է Շակիրայից:

Չեխ մոդել Ալյոնա Սերեդովան նաեւ հաղորդավարուհի ու դերասանուհի է, բայց նախ եւ առաջ հայտնի է` որպես աշխարհի լավագույն դարպասապահներից` Ջանլուիջի Բուֆոնի կին: Զույգը երկու բալիկ ունի:

Այնպիսի տպավորություն է, թե անգլիացի ֆուտբոլիստներն իրենց կանանց ընտրում են տղամարդկանց համար նախատեսված գլամուրային ամսագրերից: Այդ տղամարդկանց թվին է պատկանում Անգլիայի հավաքականի ամենաբարձրահասակ խաղացողը` Փիթեր Քրաուչը, ում կինն է «Playboy», «Maxim» եւ «Nuts» ամսագրերի մոդել Էբիգեյլ Քլենսին: Զույգն ամուսնացել է 2009 թվականին, դուստր են ունեցել 2011 թվականի մարտի 14-ին:

Իլարի Բլազին աշխատել է որպես մոդել եւ հաղորդավարուհի, իսկ հետո ամուսնացել է իտալացի ամենասեքսուալ ֆուտբոլիստներից մեկի` Ֆրանչեսկո Տոտիի հետ: