Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ: Եթե կարծում եք, որ այն իզուր եք վատնում. ցանկության դեպքում կարող եք օրինակ վերցնել մոսկվաբնակ հայտնի դիզայներ, մեր հայրենակից Արմեն Երիցյանից, ով, lofter.ru կայքի տվյալներով, Մոսկվայի բարձրաշխարհիկ 100 մարդկանցից մեկն է:
Անցյալ տարվա օգոստոսին Արմենը հանգստացել է Լոռու մարզի Արեւածագ գյուղում: Դիզայների խոսքով` տեղի իր առանձնատանն անցկացրած ստեղծագործական երեքամսյա հանգիստը խթան է հանդիսացել հետագա գործունեության համար: 3- 4 օրվա ընթացքում նա ստեղծել է նոր հավաքածու, որը ներկայացնում է կենդանակերպի նշանները: Դիզայները հենց ինքն է ստանձնել գլխավոր հերոսի դերը` մարմնավորելով Առյուծ, Ջրհոս եւ մյուս նշաններին: Ի դեպ, Արմենը անդրադարձել է նաեւ կենդանակերպի 13-րդ նշանին` Օձակրին, որը, թեեւ «պաշտոնապես» չի ընդունվել, բայց հետաքրքրում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 17-ը հատվածում ծնված մարդկանց:
Կերպարները ստեղծելու համար Արմենն օգտագործել է «ձեռքի տակ ընկած ամեն ինչ»` ամրակներ, մոմեր, լուսանկարներ, ծաղկամաններ, գրքեր, լուսանկարներ… Դիզայներն անդրադարձել է նաեւ սննդին` օգտագործելով գազար, խեցգետիններ, փքաբլիթներ, սխտոր, եգիպտացորեն, դդում եւ այլն: Ի դեպ, նկարահանումներից հետո այս ամենը «վերադարձել» են իրենց սովորական տեղերն ու օգտագործվել ըստ նշանակության: Լուսանկարների հեղինակն էլ Արմենի քրոջ որդին է` երիտասարդ դիզայներ Հրաչյա Ոսկանյանը:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ստեղծման համար մինչեւ մեկուկես ժամ է պահանջվել` գումարած լուսանկարման կես ժամանոց պրոցեսը: «Հումորով ստեղծված կերպարներ են: Երբ ստեղծեցի ձկներով կերպարը, հասկացա` այն պետք է շարունակություն ունենա եւ ֆոտոնախագծի վերածվի: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Սա պերֆորմանս է` մեկ վայրկյանի համար արված ցուցադրություն: Յուրաքանչյուր կերպարի ստեղծումն ազարտային է եղել ինձ համար»,- bravo.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Երիցյանը:
Դիզայներն այս աշխատանքները ներկայացնելու համար, հավանաբար, ցուցահանդես կկազմակերպի, կամ էլ` օրացույց կտպագրի:
Bravo.am
Լուս.` Ա. ԵՐԻՑՅԱՆԻ անձնական արխիվից